Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգակերտման կեղծ ծրագրեր Իրանի դպրոցներում

Դեկտեմբեր 06,2024 23:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանի դպրոցներում տեղի ժողովուրդների մայրենի լեզուների ուսուցման թույլտվությունն օգտագործվում է որոշ ազգայնական շրջանակների կողմից՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործուն մասնակցությամբ և հովանավորությամբ։ Այս մասին բարձրաձայնել են Թեհրանի Խարազմի, Ալամե Թաբաթաբայի համալսարանների հետազոտողներն ու փորձագետ-վերլուծաբանները։

Ըստ իրանցի մտավորականների՝ երկրում տպագրվում են գրքեր և հոդվածներ, որոնք հիմնված են պատմական, մշակութային, կրոնական կեղծ և մտացածին «փաստերի» վրա՝ Իրանում ստեղծելով տեղի ժողովուրդների համար «պատմություն» և «գրականություն»։ Այս գործընթացներն իրականացվում են հատկապես ատրպատականցիների շրջանում։ Բաքուն և Անկարան, բացի մշակութային կեղծ ինքնություն քարոզելուց, ատրպատականցիներին առանձնացնում են իրանական մշակութային ընդհանրությունից և իրանական մյուս ժողովուրդներից։

Աշխատաժողովը (2024 թվականի նոյեմբերի 27, Թեհրան), որի ընթացքում իրանցի գիտնականները հայտնել են իրենց մտահոգությունները, նվիրված էր Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 15-րդ հոդվածի՝ պատմական և իրավական հարցերի քննարկմանը, որին մասնակցել են գիտնականներ, տարբեր համալսարանների դասախոսներ, փորձագետներ և ուսանողներ։ Ըստ այդ հոդվածի՝ «Իրանի ժողովրդի պաշտոնական լեզուն և գիրը պարսկերենն է։ Պաշտոնական փաստաթղթերը, գրագրությունը, տեքստերն ու դասագրքերը պետք է այդ լեզվով և գրով լինեն։ Սակայն, պարսկերենից բացի՝ մամուլում, հրապարակախոսական ոլորտում տեղական և ազգային լեզուների օգտագործումը և դրանցով ստեղծված գրականության ուսուցումը դպրոցներում ազատ է»։

Գիտնականների և փորձագետների պնդմամբ՝ Սահմանադրության այդ հոդվածը որոշ շրջանակներ օգտագործում և ազգայնական գաղափարներ են տարածում երիտասարդության շրջանում։ Այս գործողությունները տեղի են ունենում արտաքին միջամտությամբ և հովանավորչությամբ՝ հատկապես Իրանի ազարի բնակչության կամ ատրպատականցիների շրջանում։ Նրանց կարծիքով՝ երբեմն այս հարցերին մակերեսային նշանակություն է տրվում, որը, սակայն, շատ ավելի խորն արմատներ է գցում հասարակության մեջ՝ սպառնալով նույնիսկ ազգային անվտանգությանը։ Եվ այդ ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ իրանցիներն ավելի շատ են ուշադրություն դարձնում ազգային և մշակութային ինքնության խնդիրներին։ Հարցի լուծման համար գիտնականներն ու փորձագետները կարևորել են հատկապես պարսից լեզվի և գրականության ամբիոնների և ուսուցման կենտրոնների գործունեության վերանայման և բարեփոխման հարցը, տպագրվող գրականության մեջ կեղծ և միտումնավոր նյութերի ներմուծման նկատմամբ անհանդուրժողականությունը։ Ըստ նրանց՝ պարսկերենը պետք է շարունակի լինել տեղական լեզուները համախմբող և իրանական ազգային միասնությունն ապահովող միջոց։

Գիտնականներն, ԻԻՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի կարևորությունը նշելով, որն ապահովում է Իրանի բոլոր ժողովուրդների ազգային ինքնությունն ու իրավունքների հավասարությունը, անդրադարձել են նաև այն հարցին, որ հարևան երկրների (իմա՝ Ադրբեջան, Թուրքիա) սահմանադրություններում բազմէթնիկ բնակչության համար ամրագրված է «մեկ ինքնություն և մեկ ազգ» դրույթը։

 

«ԳԵՂԱՐԴ» ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031