Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ գրականությունից հեռու մարդը կարող է Զահրատի խաթեր մի բանաստեղծություն կարդալ. Արա Գոչունյան

Դեկտեմբեր 06,2024 22:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս տարի Զահրատի (Զարեհ Յալտըզճյան) հարյուրամյակն է,ու  այս ցուցահանդեսն էլ այս հոբելյանի շրջանակներում է… Չէի ասի, թե Զահրատը Հայաստանում քիչ ճանաչելի է, պարզապես ժամանակներն այնպիսին են, որ բանաստեղծությունը մարդկանց ավելի քիչ է հետաքրքրում, առհասարակ խնդիր կա՝ գրավոր մշակույթից հեռանում ենք»,- Aravot.am-ի հետ զրույցում  ասաց Պոլսի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, որը մասնակցում էր «Զահրատ 100.Կիկոյի հետ առաջ ու հետ» խորագրով  ցուցահանդեսի բացմանը:

«Պատկերավոր ասած՝ Զահրատն այն բանաստեղծն է, որ անգամ գրականությունից հեռու, շարքային գրակաճանաչ մարդը կարող է Զահրատի խաթեր մի բանաստեղծություն կարդալ եւ այդպիսով  հաղորդ դառնալ նրա թողած ավանդին, ժառանգությանը, Զահրատի աշխարհի շեմից ներս մտնել»,-հավելեց Արա Գոչունյանը:

Նա ընդգծեց, որ Զահրատի առաջին բանաստեղծությունը «Ժամանակ»  օրաթերթում է հրատարակվել, ինչը բանաստեղծը երբեք չէր մոռանում եւ հետագայում  նորատիպ գրքերի օրինակներից անպայման «Ժամանակի» խմբագրություն էր բերում:

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն ասաց, որ  պատիվ է ունեցել ճանաչելու Զահրատին, հյուրընկալվելու նրա տանը եւ հարցազրույց անելու: Բնորոշելով «Զահրատ 100.Կիկոյի հետ առաջ ու հետ» խորագրով  ցուցահանդեսը՝ Արա Գոչունյանը նշեց, որ Տիգրան Պասկեւիչյանը խորաթափանցությամբ է ընկալել Զահրատին եւ ճկունությամբ է ներկայացրել:

Նա նաեւ անդրադարձավ Զահրատի ծննդյան 100-ամյակի առիթով Պոլսում կայացած միջոցառմանը, որը նախագահում էր Պոլսո պատրիարքական աթոռի գահակալը. «Հերթական անգամ  առիթ ունեցանք Զահրատի նկատմամբ մեր անսահման երախտիքը թարմացնելու:Դրսից նայելով կարող է մակերեսային կամ ընթացիկ բան համարվել դա, բայց հավատացեք, այսօր Պոլիսը դիմագրավում է այնպիսի վիճակի, որ մենք ընդհանրապես դպրոցական հանդեսների մակարդակով միջոցառումներ ունենք այլեւս քաղաքում, եւ չնայած այս իրավիճակին՝ այսօրվա մեր հնարավորություններով Զահրատի համար միջոցառումը լավագույնս կազմակերպվեց պատրիարքական աթոռի գլխավորությամբ, որը մեր սիրտը մի քիչ հովացրեց»:

Դառնալով Զահրատի առաջին՝ «Մեծ քաղաքը» գրքի վերնագրին՝ Արա Գոչունյանը նշեց, որ ողջ սփյուռքյան մշակույթն ու գրականությունը վերաբերվում են «մեծ քաղաքների» միջավայրին, որտեղից  որպես հայեր՝ բազմամշակույթ մթնոլորտում, այլ մշակույթների ազդեցության ներքո՝ փորձում ենք պահպանել մեր ինքնությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031