Երեկ Գյումրիում նշվեց կամավորների միջազգային օրը, որն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 1985 թվականին։ Այն կազմակերպել էր «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Հայաստանում « Էրազմուս + Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։
«Ես կամավոր եմ» խորագրով միջոցառմանը մեծ թվով կամավոր երիտասարդների մասնակցությամբ քննարկվեց ՀՀ օրենքը «Կամավոր աշխատանքի մասին», խոսեցին ինչպես օրենքի ընձեռած հնարավորությունից, այնպես էլ մարտահրավերներից։
Մի քանի կամավորներ, այդ թվում ֆրանսիացիներ, ներկայացրեցին իրենց հաջողության պատմությունը, իրենց կամավորության միջազգային փորձը։
Նյու Յորքից 2 տարով Հայաստան ժամանած 29-ամյա Մարկ Քլենսը, որն ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր է, 2023 թվականի մայիսից աշխատում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունում, վարում է անգլերենի խոսակցական ակումբ այս կառույցի շահառուների համար, ինչպես նաև աշխատում «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում՝ իրականացնելով տարբեր կրթական և մշակութային ծրագրեր երիտասարդների համար, Aravot.am-ի հետ զրույցում հետաքրքիր դրվագներ պատմեց իր փորձից։
Կարդացեք նաև
Մարկը 5 ամիս հետո վերադառնալու է Նյու Յորք․ 1,5 տարվա ընթացքում նա որոշ չափով հասցրել է սովորել հայերեն․ հարցազրույցի ժամանակ թեկուզ և ոչ վարժ, բայց մեր հարցերին փորձում էր պատասխանել հայերեն, պատմում էր իր հայ տատիկի մասին ու հպարտանում, որ սովորել է հայկական ավանդական պարերը, միջոցառումների ժամանակ շատ հաճախ միանում է Գյումրիի «Հրայրք» ազգային պարի խմբի ելույթներին։
«Աշխատել եմ հուզական դժվարություններ ունեցող երեխաների հետ ու իմ կարծիքով՝ այն շատ օգնեց ինձ հայերենիս բարելավման հարցում, որովհետև պիտի ուշադիր լինես ու զգույշ՝ ինչ ես ասում, ինչպես ես ասում, ինչպես ես արտահայտվում»,- ասում է Մարկը։
Նա սիրում է հայկական խոհանոցը, մշակույթը, իր բառերով ասած՝ գժվում է հայկական ազգային պարերի համար։ Ի դեպ, նրա պարում է ինքնամոռաց՝ առանձնակի ձևով զգալով պարերի ռիթմը։
«Հրայրք» ազգային պարային խումբը, որը Գյումրու բոլոր օրերը տոնի է վերածում, երեկոյան քաղաքի սիրտը համարվող Աբովյան ճեմափողոցում պարելով ու անցորդներին ազգային պարերի վարպետության դասեր տալով, երբեմն առանձնակի ուշադրության արժանանում է նաև նյույորքցի կամավորի շնորհիվ։
Մարկը նշում է, երբ ինքը սկսում է պարել, անցորդները, Գյումրի եկած զբոսաշրջիկներն անտարբեր չեն անցնում, կանգնում ու նկարում են իրեն։
Մեր զրուցակիցը նշում է՝ իր բախտը բերել է որպես կամավոր՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում» աշխատանքի ընդգրկվելով։ Այս կառույցի անդամներից մի քանիսը « Հրայրք» պարային խմբում են պարում։ Իրեն պարել սովորեցրել են Արտաշես Հարությունյանը, Մարգարիտա Գրիգորյանը։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» լավագույն տեղն է, որ ես գտնվում եմ, ինձ հետաքրքիր է գտնվել այս ամենի կիզակետում, որովհետև երբեմն ինձ թվում է, թե ես շատ հայտնի անձնավորություն եմ։ Ամենալավ վայրում եմ, ամենալավ կազմակերպությունում»,- հպարտությամբ ասում է ամերիկացի երիտասարդը։
Մարկը հասցրել է լինել Հայաստանի տարբեր եկեղեցիներում, անգամ բարձրացել սարերի վրա գտնվող սրբավայրեր, մոմ վառել։
Նրա բնութագրմամբ, Գյումրիում մարդիկ շատ հյուրընկալ են, շփվող։
«Ես տատիկ ունեմ Գյումրիում, նա յուրահատուկ հյուրընկալ կին է, անունը Թամարա է, խաղաղության կորպուսի կամավորներս հյուրընկալ ընտանիքներում ենք բնակվում, Գյումրիում հյուրընկալվել եմ ու երեք ամիս ապրել Թամարա տատիկի հետ։ Հիմա առանձին եմ ապրում, բայց շատ եմ կարոտում նրան»,-ասում է Մարկը։
Նա հայկական խոհանոցից առանձնահատուկ շատ է սիրում տոլման․ ծիծաղելով ասում է՝ կաղամբով պատրաստված տեսակը, ոչ խաղողի թփով, արցախյան ժինգյալով հացը։
Երիտասարդն ափսոսում է, որ չհասցրեց սովորել հայկական խոհանոցի գաղտնիքները․ Նյու Յորք վերադառնալիս՝ կարոտելու է Հայաստանը․ ինչպես մարդկանց, մշակույթն, այնպես էլ ուտեստները։
Նշենք, որ այս պահին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում» 4 միջազգային կամավորներ են աշխատում՝ տարբեր երկրներից։ Նրանցից երկուսը կամավորություն են անում ԵՆԿ-ի գրասենյակում, երկուսն էլ այս կառույցին պատկանող Արթիկի ու Գավառի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոններում։
Կամավորներից մեկի՝ 24-ամյա Հարրի Փիրսոնի պատմությանը մենք անդրադարձել ենք, նա կարճ ժամանակում սովորել էր հայերեն՝ բավական վարժ խոսելով։
Ի դեպ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնն» այս տարի «Կամավորների դպրոց» է հիմնել՝ վեցամսյա ծրագիր իրականացնելով ու 11 երիտասարդների հնարավորություն տալով իրենց հետաքրքիր գաղափարները կյանքի կոչել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ