Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճ տարածքի մեջ քիչ բառերով շատ բան ասելու արվեստը. Բացվեց «Զահրատ 100.Կիկոյի հետ առաջ ու հետ» խորագրով ցուցահանդեսը

Դեկտեմբեր 06,2024 21:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ֆակտում» փաստագրական կենտրոնը մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթին, շահել ու իրականացրել արեւմտահայալեզու գրականության ամենաինքնատիպ դեմքերի մեկին՝ Զահրատին նվիրված «Զահրատ 100. Կիկոյի հետ առաջ ու հետ» խորագրով յուրօրինակ ցուցահանդեսը՝ Հայ Արթ կենտրոնում:

Թեեւ Զահրատի գրքերը Հայաստանում հրատարակվել են (1978, 2004, 2007), բայց հայաստանցի ընթերցողը բավարար չափով ծանոթ չէ նրա ստեղծագործություններին։ «Ֆակտումի» հիմնադիրներից բանաստեղծ, լրագրող, հասարակական գործիչ Տիգրան Պասկեւիչյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ 100-ամյա հոբելյանը լավ առիթ էր բացահայտելու Զահրատի բանաստեղծական աշխարհը, եւ իրենք նկարիչ, կոմիքսի բազմաթիվ գրքերի հեղինակ Լեւոն Գյուլխասյանի գծանկարներով ու հեղինակի՝ տարբեր տարիներին արած, գրաֆիկական աշխատանքներով փորձ են արել ընթերցողին ավելի մոտեցնելու այն աշխարհին, որը ստեղծել է մեծանուն Զահրատը։

Նա տեղեկացրեց, որ ցուցահանդեսում ներկայացված էին նաեւ Զահրատի գործերը, լուսանկարները՝ վերցված Օհան Շաշքալից, բազմաթիվ նյութեր՝ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանից, տեսանյութ կար, որտեղ հնչում է Վաչե Շարաֆյանի գործը, որը կատարում է «Հովեր» երգչախումբը:

«Փորձում ենք ճանաչելի դարձնել Զահրատին: Երեք գիրք է հրատարակվել Զահրատից, 2007-ին մեր գործընկեր Այդին Մորիկյանն է հրատարակել, որը շատ էր տարված Զահրատով, բայց այս աշխատանքի ընթացքում սկսած պետական եւ հասարակական հարթություններից՝ հաճախ հարցնում են՝ ով է Զահրատը, ստիպված ես լինում բացատրել: Ես ասում եմ, որ նա համաշխարհային մակարդակի բանաստեղծ է: Եթե վրացիներն ունենային Զահրատի նման մեկին, հաստատ այնպես կներկայացնեին, որ կդարձնեին համաշխարհային դեմք…Ես շատ սիրում եմ Փարաջանովին, Շառլ Ազնավուրին, բայց միայն նրանք չեն, մենք այլ մեծություններ էլ ունենք, օրինակ, Մակոս Գրիգորյանը, Զահրատը, մյուսները…»,-ասաց Տիգրան Պասկեւիչյանը՝ ցուցահանդեսի կայացման համար երախտագիտությունը հայտնելով Երեւանի քաղաքապետարանին, Ակտուալ արվեստ կազմակերպությանը, Օհան Շաշքալին եւ Պոլսի «Ժամանակ» օրաթերթին:

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, գրող Գոհար Գալստյանի ձեւակերպմամբ, ցուցահանդեսն իրեն շատ է տպավորել. «Սպասում էի, որ այսպես հարուստ ու շքեղ պետք է լինի, բայց մի բան է պատկերացնելը, մեկ այլ բան՝ տեսնելը: Նկարիչ Լեւոն Գյուլխասյանը Զահրատին նրբորեն զգալով շատ ճիշտ գործերի է անդրադարձել: Տարին հոբելյանական է, Գրականության ինստիտուտը Զահրատին նվիրված բազմաթիվ հրապարակումներով է հանդես եկել, ես որպես ուսումնասիրող ու գրող՝ Զահրատի տեքստերին եմ անդրադարձել, ու կարծում եմ, որ վիզուալ ներկայացնելը շատ շահեկան բան է: Հիմա ներքին խանդաղատանք եմ զգում՝ նայելով այս ցուցահանդեսը»:

Նրա ձեւակերպմամբ, ցուցադրության մեխը Կիկոն է, ում կերպարը Զահրատի բանաստեղծություններում հաճախ է հանդիպում. «Կիկոի կերպարն այնքան առանցքային է Զահրատի գրականության մեջ, սա այն մարդն է, որ ամենախոցելին է, ամենանուրբ զգայական համակարգով, ամենաբարի ու ամենալուսավոր խմորից խմորված մարդն է, որի առանցքի շուրջ է իրականում աշխարհը կանգուն մնում:

Զահրատն ինքն էլ մի Կիկո էր, ասում էր՝ իմ շրջապատում Կիկոներ են բոլորն էլ, ու ինքն էլ դիտարկում էր իր թաղի հայ բնակչության առանձնահատկությունները, փոքրիկ խեղճությունը: Պատկերացրեք՝ 1924թ ծնված Զահրատին Պոլսո միջավայրում եւ հայության հոգեվիճակը: Նա իր հայկականությունն է շատ դժվարությամբ պահել, որովհետեւ Պոլսում նույնիսկ «թուրքերե՛ն խոսիր, քաղաքացի» կարգախոսը կար, բայց նա ոչ միայն չի խոսել թուրքերեն, այլեւ գրել է հայերեն, կարողացել է պահպանել իր տեսակը: Ամբողջ աղը նրանում է, որ հայ լինելով, իր ինքնությունը պահելով՝ համամարդկային է Զահրատը, աշխարհի բանաստեղծ է եւ իսկապես բարեբախտություն է, որ իր ժամանակին աշխարհում ընդունվել է, ամրագրվել է, 70-ականներին եղել է միջազգային պոետական ընկերությունների հրավերով տարբեր միջոցառումների մասնակից, ստացել է հավաստագրեր»:

Գոհար Գալստյանի խոսքով, Զահրատին Հայաստանում ճանաչելի դարձնելու առումով մեծ ներդրում ունի Ալեքսանդր Թոփչյանը: Նա մշտական կապի մեջ է եղել Զահրատի հետ: «60-ականների սերնդի համար դրական ներարկում էր Զահրատը, որովհետեւ փոխեց իրենց ամբողջ մտածողությունը, սովորեցրեց, թե ինչպես կարելի է կարճ տարածքի մեջ քիչ բառերով շատ բան ասել եւ կարողանալ շեշտադրված ասել»:

Տիկին Գալստյանի համոզմամբ, Զահրատի՝ ամբողջապես հրատարակվելը մեծ պահանջ է: Մինչեւ հիմա Պոլսի «Արաս» հրատարակչությունը Զահրատի կյանքի օրոք հրատարակել է նրա 8 ժողովածուները, իսկ 9-րդը կազմել է բանաստեղծի կինը:

Հավելենք, որ «Զահրատ 100.Կիկոյի հետ առաջ ու հետ» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչեւ դեկտեմբերի 13-ը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Պոլսի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի մեկնաբանությունը եւ հուշերը՝ Զահրատի մասին քիչ անց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031