Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Նախարարների կոմիտեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վերաբերյալ դեկտեմբերի 3-5-ը կայացած իր եռամսյակային նիստում քննարկել է «Մակուչյանը և Մինասյանը՝ ընդդեմ Ադրբեջանի», «Օգանեսովան՝ ընդդեմ Հայաստանի», «Չիրագովը և մյուսները՝ ընդդեմ Հայաստանի», «Վիրաբյանն՝ ընդդեմ Հայաստանի» գործերով ՄԻԵԴ վճիռների կատարումը։
«Մակուչյանը և Մինասյանը՝ ընդդեմ Ադրբեջանի» գործը առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը: Հիշեցնենք, որ դեռ 2020 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել էր, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:
ՄԻԵԴ-ի դատավճիռը սահմանել է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները: Նախարարների կոմիտեն մտահոգություն է հայտնել, որ թեեւ Դատարանի վճիռը վերջնական է դարձել 2020 թվականի հոկտեմբերին, սակայն անհատական միջոցներ դեռ չեն ձեռնարկվել:
Նախարարների կոմիտեն այս գործով այսօր հրապարակել է հերթական որոշումը, որով մասնավորապես դատարանը մտահոգություն է հայտնում․ «Ավելի քան չորս տարի է անցել Մակուչյանի և Մինասյանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց, սակայն Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել վճռի անհատական միջոցները։ Նախարարների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է Ադրբեջանի իշխանություններին վճարել հայցվորների ներկայացուցիչների ծախսերը՝ առանց հետագա ուշացման։ Պահանջում է ապացուցել, որ Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված ներումի մասին նամակները հեռացվել են»։
Կարդացեք նաև
Նախարարների կոմիտեն պնդում է, որ մարդու իրավունքների լուրջ խախտումների հեղինակները չպետք է զբաղեցնեն պետական պաշտոն, Նախարարների կոմիտեն կրկին պահանջել է հստակեցնել Ռամիլ Սաֆարովին տրված այլ արտոնությունների օրինականությունը։
Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել նոր օրենսդրական փոփոխություններ՝ էթնիկ հիմքով ատելության և խտրականության դեմ պայքարի համար։
ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջել է Ադրբեջանին մինչև 2025-ի հունիս տեղեկատվություն տրամադրել վերոնշյալ բոլոր կետերի կատարման վերաբերյալ։ Կոմիտեն նաև նշել է, որ ԵԽ քարտուղարությանը հանձնարարվել է պատրաստել միջանկյալ բանաձևի նախագիծ, եթե Ադրբեջանը չկատարի անհատական միջոցները, և շոշափելի առաջընթաց չնկատեն, Ադրբեջանի նկատմամբ վերահսկողություն կսահմանվի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ