Երևանում ներկայացվել են ՀՀ վարչատարածային բարեփոխումների ունեցած ազդեցության վերլուծության արդյունքները
Երևանում ներկայացվել են ՀՀ վարչատարածային բարեփոխումների ունեցած ազդեցության վերլուծության արդյունքները, ինչպես նաև բարեփոխումների հանրային ընկալումները։ «ՀՀ վարչատարածքային բարեփոխումների արդյունքները. մարտահրավերներ և նոր հնարավորություններ» խորագրով համաժողովը համախմբել էր Հայաստանի կառավարության, միջազգային գործընկերների, համայնքապետարանների ներկայացուցիչների և բարեփոխումների գնահատման փորձագետների:
ՀՀ վարչատարածային բարեփոխումները (ՎԲ), որոնք մեկնարկել են 2015 թվականին, ռազմավարական արձագանքն էին համայնքային մասնատված լանդշաֆտին, որը ներառում էր 915 համայնք՝ բնակչության թվաքանակի և գործառնական կարողությունների էական տարբերություններով։ Այս մասնատվածությունը, համակցված սահմանափակ ապակենտրոնացման հետ, դժվարություններ էր ստեղծում տեղական ինքնակառավարման արդյունավետության և արդիականության, եկամուտների ձևավորման, ենթակառուցվածքների պահպանման և ծառայությունների մատուցման համար։
ՎԲ-ի հիմնական նպատակը համայնքների միավորումն էր ավելի մեծ և կենսունակ վարչատարածքային միավորների մեջ՝ տեղական ինքնակառավարումը բարելավելու և ծառայությունների մատուցումը բարձրացնելու նպատակով։ ՎԲ-ի արդյունքում Հայաստանը նվազեցրել է համայնքների թիվը՝ հասցնելով այն 71-ի, ներառյալ 64 միավորված և 7 առանձին համայնքներ։ Այս կառուցվածքային փոփոխությունը լրացվել է ֆինանսական քաղաքականության բարեփոխումներով, տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) համամասնական ներկայացուցչության ներդրմամբ և համայնքների ղեկավարների անուղղակի ընտրություններով։ Ներդրվել են նաև ծառայությունների մատուցումը կենտրոնացնող գործիքներ, ինչպիսիք են համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը և քաղաքացիների սպասարկման գրասենյակները, որոնք նպաստել են թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը։
Այս բարեփոխումներն ուղղված են տեղական տնտեսական զարգացման խթանմանը, տարածաշրջանային անհավասարությունների նվազեցմանը և տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ հանրային վստահության մեծացմանը։ Այս էական փոփոխությունների լույսի ներքո՝ վարչատարածքային բարեփոխումների արդյունքների վերլուծության միջոցով ուսումնասիրվել է դրանց ազդեցությունը ՏԻՄ-երի վրա, ֆինանսական արդյունքները և ապագա բարեփոխումների հնարավորությունները։ Գնահատման արդյունքները կնպաստեն ապագա քաղաքական որոշումների կայացմանը և տեղական ինքնակառավարման բարելավմանը։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թեև բարեփոխումը հնարավորություններ է ստեղծել տեղական կառավարումը, ծառայությունների մատուցումը և ֆինանսական կառավարումը բարելավելու համար, դեռևս զգալի աշխատանք կա անելու՝ ապահովելու այդ հնարավորությունների լիարժեք իրացումը: Միևնույն ժամանակ, վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ հանրային ընկալման հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ ոլորտներում դրանք հանգեցրել են ծառայությունների մատուցման նկատելի բարելավումների:
Այնուամենայնիվ, արդյունքները նաև վկայում են, որ ավելի շատ ջանքեր են պահանջվում հանրությանը կառավարման գործընթացներում ներգրավելու, թերսպասարկվող տարածքներում ծառայությունների որակը բարելավելու և շարունակվող ապակենտրոնացման գործընթացի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար: Նշված ուսումնասիրությունների արդյունքները կարևոր նշանակություն կունենան ապագա քաղաքական որոշումների կայացման գործընթացներում և կնպաստեն տեղական ինքնակառավարման բարելավմանը:
ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության փոխդեսպան, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի փոխտնօրեն Ուրսուլա Լոյբլին իր բացման խոսքում կարևորել է համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են Շվեյցարիայի կողմից ֆինանսավորված ուսումնասիրությունների՝ ՀՀ վարչատարածքային բարեփոխումների առաջին համապարփակ գնահատման արդյունքները: Նա նշել է, որ այս ուսումնասիրությունը ներդրում է Հայաստանում ապացուցահենք և մասնակցային որոշումների կայացման խթանման գործում և տեղի է ունեցել ճիշտ ժամանակին՝ հատկապես ապակենտրոնացման բարեփոխումների նախապատրաստման համատեքստում:
Փոխդեսպան Լոյբլին եզրափակել է՝ հայտարարելով Գերմանական միջազգային համագործակցության ընկերությանը (GIZ) հավելյալ 1,2 միլիոն շվեյցարական ֆրանկ հատկացնելու մասին վերջերս կայացված որոշման մասին, ինչի արդյունքում 2014 թվականից ի վեր շվեյցարական ընդհանուր ներդրումները տեղական կառավարման ոլորտում հասել են գրեթե 18 միլիոն ֆրանկի: GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերն ասաց. «ՀՀ վարչատարածքային բարեփոխումների մեկնարկումից ի վեր Հայաստանն այս առումով հսկայական առաջընթաց է գրանցել: Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ֆինանսավորման միջոցով GIZ-ն ուրախ է եղել աջակցել այս գործընթացին: Բոլորիդ հետ միասին մենք ստանձնել ենք համայնքների միավորման, տեղական ինքնակառավարումը բարելավելու և ավելի ուժեղ ու դիմակայուն համայնքներ ստեղծելու առաքելությունը: Այս համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են ու ոգեշնչող։
Համայնքների միավորումը նշանակալի իրադարձություն է արդյունավետության և ծառայությունների մատուցման բարելավման գործում»: ՎԲ-ի ազդեցությունների վերլուծության ու հանրային ընկալումների հետազոտության արդյունքները կարող եք գտնել այստեղ. https://www.mtad.am/pages/concepts-and-research։ Համաժողովն իրականացվել է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է GIZ-ի կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն (BMZ) աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) համաֆինանսավորմամբ։
Ծրագրի հիմնական քաղաքական գործընկերն է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ):