Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը վարչական դատարանում վիճարկում է Երեւան քաղաքում «կարմիր գծերի» թանկացման իրավաչափությունը

Դեկտեմբեր 06,2024 18:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչական դատարանը նախագահող դատավոր՝ Արմեն Ներսիսյան, դատավորներ Վարազդատ Միքայելյան, Անի Չիլինգարյան, Աննա Դիլբարյան, Դանիել Դանիելյան կոլեգիալ կազմով այսօր պետք է քններ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը, որով վիճարկվում է  Երեւան քաղաքում «կարմիր գծերի» թանկացման իրավաչափությունը: Խմբակցությունը պահանջում է չեղարկել թանկացման որոշումը: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ներկայացուցչի՝ գործին մասնակցելուն ունակ չլինելու հիմքով:

Այսօրվա դատական նիստում նույնպես հարցի քննարկում չկայացավ, քանի որ պատասխանող կողմի նոր ներկայացուցիչ, Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը դիմում էր ուղարկել դատարան նիստը հետաձգելու խնդրանքով, որպեսզի հնարավորություն ընձեռվի Երեւան քաղաքի ավագանուն պատշաճ ներկայացուցչի միջոցով ներկայացնելու իր շահերը:

Հայցվոր կողմի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը խնդրեց պատասխանող կողմի դիմումին ծանոթանալու հնարավորություն ընձեռել իրենց՝ դիրքորոշում հայտնելու համար: Հայտարարվեց հինգ րոպե ընդմիջում, որից հետո հայցվոր կողմը ամբողջությամբ առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ըստ էության պատասխանող կողմը չունի պաշտպանվելու հիմնավոր հիմքեր, ինչը պարզ է դարձել նաեւ նախորդ դատական նիստում: Եվ, խուսափելով դատարան ներկայանալուց, պարզապես, ձգձգում է հարցի իրավական լուծումը:

«Սա արդեն իրավունքի բացարձակ չարաշահում է, որի նման բան վարչական դատավարության պատմության մեջ, որքան ես եմ պատկերացնում, չի եղել: Պարզ եմ խոսելու: Որքան հեշտ է նստել եւ հինգ րոպեում որոշում կայացնել, որ ինչ-որ մի բան պետք է թանկանա, այնքան դժվար է դրա համար պատասխան տալը: Պատվարժան դատարան, Երեւանի քաղաքապետարանը 5-6 հազարից ավելի աշխատակից ունի եւ կարող էր, պարտավոր էր գալ այս գործով եւ ներկայացնել Երեւանի ավագանու շահերը: Իսկ քաղաքապետն էլ ոչ թե մի, այլ մի քանի տեղակալ ունի, որոնք կարող էին գալ: Ես սա համարում եմ անարգանք առաջին հերթին երեւանցու ու Հայաստանի Հանրապետության բնակիչների հանդեպ»,-ասաց փաստաբանը:

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը հավելեց. «Պատվարժան դատարան, տպավորություն ունեմ, որ քաղաքային իշխանություններն իրականում կողմ են մեր հայցին, որովհետեւ իրենք էլ են պատկերացնում, որ հակառակ կողմում լինելով շատ դժվար է պաշտպանել այս ոչ իրավաչափ թանկացումը: Ինձ չի թվում, թե միամտություն է եղել նախորդ նիստին երիտասարդ փաստաբան մի տղայի հրավիրելը, որը քաղաքական պատասխանատվություն կրել բացարձակապես չի կարող իրենց անցկացրած որոշման համար: Դատական նիստի պետք է գար Սուրեն Գրիգորյանը, որովհետեւ ինքն է թանկացումների եւ տրանսպորտի պատասխանատուն: Պետք է գար նաեւ իրավաբանը ու նրանք իրար հետ աշխատեին: Ի սկզբանե իրենք չեն ներկայացել, որովհետեւ իրենք հարցի շուրջ քաղաքական պատասխան տալու բանաձեւը չգիտեն»:

Առաջնորդվելով վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումներով, նաեւ հաշվի առնելով հայցվոր կողմի դիրքորոշումը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ պատասխանողի ներկայացուցիչը չի գտել ապացույցներ դիմումում բերված փաստարկները ապացուցելու համար, դատարանը որոշեց մերժել պատասխանող կողմի ներկայացուցչի դիմումը, որով խնդրվել էր դատական նիստը հետաձգել:

Միաժամանակ, առաջնորդվելով վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը հարցեր ունի պատասխանողին, որոնց պատասխանը առայժմ չի ստացել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր պատասխանող կողմի ներկայացուցչի՝ իր վստահորդի շահերը ներկայացնելու ոչ ունակ լինելու պատճառով՝ դատարանը որոշեց գործի քննությունը հետաձգել եւ այն նշանակել 2024 թ. դեկտեմբերի 9-ին, ժամը 14:30-ին:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031