Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախընտրելի անձ գոյություն չունի, գոյություն ունեն Գյումրու ժ/պ-ի 7 թեկնածուներ»․ Դավիթ Առուշանյան

Դեկտեմբեր 06,2024 18:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանը, որը նույնպես  մասնակցում է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի ընտրություններին՝ «փրայմերզին» որպես թեկնածու, համաձայն չէ այն քննադատություններին, որ դրանք «ֆեյք ընտրություններ» են, գյումրեցիներին մոլորեցնող ու տպավորություն ստեղծող, թե իբրև  արտահերթ ընտրություններ են։

«Ես առաջին հերթին կուզենայի, որ մեր համաքաղաքացիներն այս ընտրությունները չշփոթեն արտահերթ ընտրությունների հետ։ Սա կարևոր նշանակություն ունի, բայց  քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում տեղի ունեցող նախընտրություններ են, հենց բառն է հուշում։

Գուցե «փրայմերիզ» բառն է մեր համաքաղաքացիներին մի քիչ շփոթեցնում, բայց միաժամանակ ֆեյք անվանել ընտրական գործընթացը, ես չէի համարձակվի։ Եվ հետո մեր Սահմանադրությամբ մեր իշխանությունը պատկանում է ժողովրդին, և իշխանությունն իրագործելու լավագույն տարբերակն ընտրություններ են»,- ասում է պատգամավորը։

Հարցին՝  թեկնածուներն աշխատանքի ժամին ինչո՞ւ են զբաղվում քարոզչությամբ, սա օրենքի խախտում չէ՞, Դավիթ Առուշանյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ մեր գործընկերները որ ժամին են քարոզարշավ անում, եթե քննադատներն ի նկատի ունեն սոցիալական ցանցերում քարոզչությունը,  այն աշխատանքային ժամ չունի, սոցիալական ցանցը միշտ պտտվում է, բայց չեմ էլ կարծում, որ մեր գործընկերներից որևէ մեկն աշխատանքի ժամին քարոզարշավ է անում»։

Նախնական ընտրություններին մասնակցող 7 թեկնածուներից շատերը սկսել են ճոխ քարոզարշավ, նույնիսկ գովազդային հոլովակներ են պատրաստել, երկխոսություն սկսել օգտատերերի հետ, ինչո՞ւ պատգամավորը քարոզարշավ չի անցկացնում։

«Քարոզարշավը ես մի քիչ ուրիշ ձևով եմ պատկերացնում․ ոչ թե բուն ընտրություններից առաջ եմ պատկերացնում, այլ  քարոզարշավը պետք է լինի քո աշխատանքի վայրում կատարած աշխատանքային ժամանակահատվածը։

Ես գրեթե մեկ տարի եղել եմ Գյումրու փոխքաղաքապետ, իմ պարտականություններն եմ կատարել, հիմա որպես Ազգային ժողովի պատգամավոր՝  էլի փորձում եմ գործունեությունս ծավալել ի շահ իմ քաղաքի, ի շահ երկրի, գնահատականը կտա ժողովուրդը։

Գալ, վերջին 5 օրում ասել, որ դու ինչքան լավն ես ու ինչեր ես կարողանալու անել, իմ կարծիքով՝ ճիշտն  աշխատանքի ընթացքում ցույց տալ, թե ինչերի ես ունակ, ինչ կարողություններ ունես։

Եվ հետո այս քարոզարշավը ճիշտ է «փրայմերիզի» քարոզարշավ է, բայց գուցե հենց դա է բնակիչներին շփոթության մեջ գցում, որ արդեն ընտրություններ են, նախընտրական քարոզարշավ է։  Նորից եմ կրկնում՝ սա  ժամանակվոր պաշտոնակատարի և հետագայում  հնարավոր թեկնածուի քարոզարշավն է, այսինքն այստեղ դու չես կարող ներկայացնել քաղաքի զարգացման հնգամյա ծրագիր, նախընտրական ծրագիր՝  5 տարի ոնց ես կառավարելու քաղաքը։

Ես քարոզարշավի շրջանակում  նախընտրում եմ  մամուլի, թիմակիցների հետ շփումները․ եթե քաղաքացիներ կլինեն, որոնք կուզենան իմանալ «փրայմերիզն» ինչ է, կուզենան ծանոթանալ իմ գործունեությանը կամ պատկերացումներին, մեծ սիրով պատրաստ եմ հանդիպել, ինչու չէ շփվել նաև սոցիալական ցանցերով»։

Դավիթ Առուշանյանը նշում է, որ «փրայմերիզի» իրականացման գործընթացին Գյումրիից ոչ մեկը ներգրավված չէ, նպատակն առավելագույն արդարություն ապահովելն է։

Ըստ նրա, Երևանից կուսակցության երիտթեևի ներկայացուցիչները գալու են Գյումրի, նաև պատասխանատուներ են նշանակված ՔՊ վարչությունից, որոնց կկազմակերպեն այս գործընթացը։ Շրջիկ խմբերը, պատգամավոր ներկայացմամբ, վիճակահանության միջոցով գրասենյակից դուրս գալուց առաջ կիմանան՝ որ փողոց են գնալու ու այնտեղ կազմակերպելու  նախընտրություններ։  Նրանք կունեն իրենց մոտ քվեաթերթիկներ, կնիքված արկղ, որի մեջ  քվեարկությանը մասնակցած քաղաքացիները կգցեն իրենց քվեն։

3 օր այս գործընթացն անելուց հետո Գյումրիի գրասենյակում քվեատուփերը կբացվեն։ Քվեատուփերի բացումը, հաշվարկը տեղի կունենա թեկնածուների մասնակցությամբ,  կլինի նաև ուղիղ եթեր։

Մեր հարցին՝ ինչպե՞ս կարձագանքի թեկնածուն մամուլի այն պնդումներին, որ «փրայմերիզը» ձևական մի բան է, քանի որ վարչապետն արդեն որոշել է ՝ ում նշանակել քաղաքապետի պաշտոնակատար,  Դավիթ Առուշանյանն ասաց․ «Գիտեք, որևէ օրենք չէր պարտադրում վարչապետին  կազմակերպել այս ամենը, որևէ ձևաչափ չկար կազմակերպելու, ինքը կարող էր վարչության որոշմամբ նշանակել ժամանակավոր պաշտոնակատար։ Դա իր լիազորությունների, նույնիսկ պարտականությունների ներքո են։

Իմաստը ո՞րն էր այս ամենը կազմակերպելու, իմաստն այն է, որ գյումրեցիներն են որոշելու՝ ով լինի իր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, որն ամենայն հավանականությամբ արտահերթ ընտրությունների ժամանակ կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն։ Հարցնել ժողովրդից, վերցնել ժողովրդի քվեն և ժողովրդի ցանկությամբ նշանակել ժամանակավոր  պաշտոնակատար, ժողովրդավարության ևս մեկ քայլ է։ Ստվերել այդ ամենը, կարելի է մտածել  ինչի համար է ստվերվում։

Մեխանիզմը բացատրեցի նրա համար, որ պատկերացնենք նախապես պլանավորած, նախապես մտածված սիրելի թեկնածուներ, նախընտրելի անձ գոյություն չունի, գոյություն ունեն 7 թեկնածուներ, որոնք քարոզարաշվի միջոցով միմյանց հետ մրցելու են։

Իմաստ չկա այս ամենը կեղծելու, այն բոլոր կեղծ թեզերը որևիցե տրամաբանության մեջ չեն տեղավորվում, եթե դու ինչ-որ բան կարող ես անել, առանց կաշկանդվելու կարող ես անել, որևէ մեկը չի քննադատելու քեզ քո վրա դրված պարտականությունները կատարելու համար»։

 

Մանրամասները՝  տեսանութում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031