Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն առաջին երկիրն է, որտեղ պիլոտային հիմունքներով իրականացվեց Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ ծրագիրը»․ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար

Դեկտեմբեր 06,2024 16:30

«ՀՀ-ն առաջին երկիրն է, որտեղ պիլոտային հիմունքներով իրականացվեց այս կարևոր թեմայով ծրագիրը»,- «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի փակման միջոցառման ժամանակ հայտարարեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։

Նշենք, որ ծրագիրը նպատակաուղղված է կենսաբժշկության ոլորտում եվրոպական չափանիշների իրազեկման բարձրացմանն ու իրականացման մատչելիությանը, ինչպիսիք են տեղեկացված համաձայնությունը, բժշկական գաղտնիությունը, օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման ժամանակ ֆինանսական շահի արգելումը եւ այլն: Ծրագրի վերջնական նպատակն էր օգնել Հայաստանին նախապատրաստվել Մարդու իրավունքների եւ կենսաբժշկության մասին կոնվենցիային՝ Օվիեդոյի կոնվենցիային միանալուն:

Մաքսիմ Լոնգանգեն վստահեցրեց՝ կարողացել են հասնել էական արդյունքների․ «Հայաստանի հետ մեր համագործակցությունը, ըստ էության, օրինակ է նմանատիպ ծրագրերի համար այլ երկրներում։ Օվիեդոյի կոնվենցիան միակ իրավապարտադիր գործիքն է այս ոլորտում։ Եվ ուրախ եմ նշել՝ շնորհիվ ծրագրի շրջանակներում մեր գործընկերների հետ իրականացված աշխատանքների մեզ հաջողվեց աջակցել ՀՀ իշխանություններին, որ այս տարի մայիսին ստորագրվի կոնվենցիան, ինչը ցույց է տալիս իշխանությունների հանձնառությունը ՀՀ-ի ներպետական օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու հարցում»։

Նա ընդգծեց ծրագրի իրավական շրջանակը վերանայելու կարևորությունը հատկապես անգործունակ ճանաչված անձանց պարագայում․ «Սա շատ կարևոր է, որով ապահովվելու է ՄԻԵԴ-ի վճիռների կատարումը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակում աշխատանքների իրականացումը։ Ծրագրի ևս մեկ ձեռքբերում է բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի համար կայքի ստեղծումը, ինչը կապահովի անձանց արդյունավետ, թափանցիկ գործունեությունը ի շահ ՀՀ քաղաքացիների։ Ծրագիրը նաև նպաստել է փախստական բուժաշխատողների վերապատրաստումների կազմակերպմանը»։

Երևանում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին ԱԺ-ի, կառավարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր։

Միջոցառման ընթացքում քննարկվեցին Հայաստանի կողմից ստորագրված Օվիեդոյի կոնվենցիայի (Եվրոպայի խորհրդի՝ Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիա) հնարավոր վավերացումից բխող առավելությունները ՀՀ-ի և ՀՀ քաղաքացիների համար, ինչպես նաև ամփոփվեցին կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրի ձեռքբերումները, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում։

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը տեղեկացրեց՝ դեկտեմբերի 17-ին ՍԴ-ում քննվելու է՝ Օվիեդոյի կոնվենցիայով ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը․ «Համոզմունք ունեմ, որ այս փուլում ամեն ինչ բարեհաջող կընթանա, և արդեն հստակություն կունենանք։ Ու իմ պատկերացմամբ՝ հունվարին՝ ՀՀ ԱԺ ձմեռային նստաշրջանի օրակարգում կկարողանանք ներառել և վավերացնել Կոնվենցիան»։

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Լուսինե Բադալյանն էլ նկատեց․ «Օվիեդոյի կոնվենցիայում առկա դրույթները հիմնականում առկա են նաև մեր օրենսդրության մեջ, ուստի այնտեղ շատ մեծ փոփոխություններ անելու կարիք էլ չկա։ Կոնվենցիայի վավերացումը մեզ տալիս է հնարավորություն միանալու եվրոպական մեծ ընտանիքին, դառնալու դրա մի մասը, որ մեր առողջապահության ոլորտը կարողանանք հասցնել եվրոպական չափանիշներին»։

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հայտարարեց՝ ծրագրի շրջանակներում կարողացան մի շարք աշխատանքներ տանել արդեն իսկ հաստատված օրենսդրության մասով, հասկանալու, թե ինչ չափանիշների ենք ձգտում, ինչպես կարող ենք մեր օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական նոր չափանիշներին․ «Ստեղծեցինք էթիկայի հանձնաժողով օրենքի հաստատումից հետո։ Այսօր կարող եմ ասել, որ էթիկայի հանձնաժողովն արդյունավետ գործում է․ պացիենտները դիմում են Էթիկայի հանձնաժողովին։ Մենք մի շարք որոշումներ ենք ստացել հանձնաժողովից, որ կիրառենք համապատասխան միջոցներ այն բուժաշխատողների նկատմամբ, որոնք խախտել են իրավական առումով հաստատած էթիկայի կանոնները»։ Փոխնախարարը միևնույն ժամանակ վստահեցրեց՝ դժվար է միանգամից 40 հազարանոց սպիտակ բանակին սովորեցնել էթիկայի կանոնները և փոխել նրանց վարքաբանական և իրավական պահվածքը։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը փաստեց՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագիրը նաև հնարավորություն էր արձագանքելու մարդու իրավունքների այն մարտահրավերներին, որոնք կան կենսաբժշկության ոլորտում և որոնք մատնանշվել են մի շարք ազգային հաստատությունների կողմից․ «Մեթոդաբանությունը նույնպես փոխվել է․ կազմակերպվել են ուսումնական, ճանաչողական այցեր։ Ծրագիրը հանգեցրել է նրան, որ տարիների ընթացքում խորացրել ենք մեր գործընկերությունը ՀՀ տարբեր մարմինների հետ՝ այդ թվում նաև ԱԺ-ի և մյուս շահագրգիռ կողմերի հետ։ Վստահության մթնոլորտը, մասնակցությունը մեծապես նպաստել են «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի դրական արդյունքներին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031