«Կա Վազգեն Սաղաթելյան, որը հայտնի է սուր քննադատությամբ ու ժամանակ առ ժամանակ ոչ նորմատիվ լեքսիկոնով՝ հայտնի համացանցում: Ու կա պրոիշխանական Ալեքսանդր Սիրունյանը՝ շատ ավելի վատ լեքսիկոնով հայտնի: Ունենք Վազգեն Սաղաթելյան, որը հայտնվում է բանտում 2 ամիս, մինչեւ այդ անցնում է 6 քրեական գործով, իսկ Ալեքսանդր Սիրունյանը դառնում է ԲԴԽ դատավոր: Այլ խտրական մոտեցման մասին ինչ կարելի է ասել: Էլ չեմ ասում մնացած դեպքերը: Այս ֆոնին հանրային մեղադրողը անլուրջ դեմքով փորձում է ներկայացնել, թե մեկընդմիշտ հիշեք՝ քաղաքական հետապնդում չկա: «Մեկընդմիշտ հիշեք» այդ զավեշտալի արտահայտությունները լավ կլինի, որ հանրային մեղադրողը հիշի՝ ինքը այսպիսի բաներ է խոսել ու վաղը չէ մյուս օրը չգա ասի՝ այլընտրանք չուներ»,- այսօր Երեւանի քրեական դատարանում «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սաղաթելյանը:
Նա նաեւ ասաց՝ զարմանալի չի լինի, եթե վաղը ոչ նորմատիվ լեքսիկոնով պրոիշխանական գործիչները հանրային մեղադրող դառնան ու ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց մեղադրեն ոչ նորմատիվ լեքսիկոնի համար:
Նարեկ Սամսոնյանն էլ հավելեց, որ դատախազները գործը միտումնավոր ձգձգելու փորձեր են անում, այսպես ասած փախնում են նիստերից:
Նարեկ Սամսոնյանին նման պնդման համար հիմք էր դարձել հաջորդ դատական նիստի օրը այսօր դատարանում երկար քննարկման նյութ դառնալը: Նիստը նախագահող դատավորի առաջարկած օրերը երկու դատախազին միաժամանակ հարմար չէր լինում, իսկ նրանք պնդում էին, որ երկուսով պիտի մասնակցեն նիստին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ