Աշխարհում միլիոնավոր բարձրակարգ արվեստագետներ կան, բոլորն էլ իրենց կարողության աստիճանով, բնավորությամբ, խառնվածքով, արտիստականությամբ և բազում այլ շնորհներով օժտված: Այս բազմազանության հետ միասին մարդ արարածը իր ոչ անձնականացված, անուղղակի, խորհրդապատկեր-կերպարային բնույթի պատկերացումներ ունի գրեթե բոլոր մշակութային նեղ մասնագիտությունների տեր արտիստների մասին: Օրինակ` գիտուն մարդն ակնոց է կրում, մարզիկը` սլացիկ կազմվածքով է, պաշտոնյան` փողկապով, նկարիչը` փողկապի փոխարեն պարանոցին փաթաթված երկար ու գունավոր «շարֆ» ունի և այլն: Ըստ այս` չգրված օրենքի ուժ ունեցող, չամրագրված և միայն մարդկային երևակայության մեջ դրոշմված պատկերացումների, «իսկական» դաշնակահարը պետք է երկարահասակ լինի, անպայման երկար մատներ ունենա, ակնոց կրի, տպավորիչ բեմական տեսք ունենա և գրեթե մշտապես իր մտքերի մեջ կենտրոնացած լինի: Բայց, օրինակ, ջազային դաշնակահարներն ավելի ազատ պահվածք ու ռիթմիկ քայլք ունեն, ռոք դաշնակահարները երկար մազեր, իսկ օրինակ` ավանգարդիստները քայլում են գլուխը բարձր պահած ու այս կյանքից, կարծես «անջատված»: Հասկացողներն էլ հասկանում են, որ այդ անորոշ, բայց բնորոշ պահվածքները մի քիչ մարդուց են գալիս, իսկ մնացածը ձևավորվում է մասնագիտական աշխատանքի ուղղակի պարտադրանքով:
Անկեղծության դեմ չմեղանչելու համար, նշենք, որ իդեալական դաշնակահարի երևակայական կերպարին իրենց իրական կերպարով շատ քչերն են համապատասխանում, բայց հազվադեպ հանդիպում են բացառիկ մարդիկ, որոնց տեսնելիս նույնիսկ առանց նրանց գործը իմանալու՝ կարող ես հաստատ ասել, որ այս մարդը դաշնակահար է: Ահա, դաշնակահար արտիստի այդ իդեալական կերպարին լիովին համապատասխանում է Հայկ Մելիքյանը:
Նրան վաղուց ճանաչողները պատմում են, որ դեռ կոնսերվատորիայում ուսանելու տարիներին արդեն համերգներ էր տալիս, օրինակ` Նարեկացի արվեստի միության դահլիճում և հաճախ հանդես գալիս նոր կոմպոզիտորների նոր գործերով, որ շատ քչերն էին համարձակվում անել` ավելի շատ գերադասելով ուսանելու փորձված ու ապահով ճանապարհները:
Կարդացեք նաև
Այսօր արդեն ակադեմիական ամենաբարձրակարգ դաշնակահար և միևնույն ժամանակ՝ ամենաավանգարդիստ երաժիշտը սպասված արտիստ է աշխարհի հեղինակավոր բեմերում ու նվագախմբերի համար: Պատահական չէր, որ «անսովոր» ստեղծագործող կոմպոզիտորները, ինչպես Հարություն Դելլալյանը իրենց «անսովոր» գործերը («Նվիրում Կոմիտասին»…), ներկայացնելու համար դիմում էին այն ժամանակ դեռևս շատ երիտասարդ երաժիշտ Հայկ Մելիքյանին, որը վերջերս հանդես եկավ հերթական, նոր էքսպերիմենտով:
Օրերս ազգային օպերային թատրոնում, լեգենդար Հայաստանի պարի պետական անսամբլի տարեվերջյան համերգային ծրագրում մինչ օրս չտեսնված համար ներկայացվեց` կոմիտասյան ստեղծագործությունները Հայկ Մելիքյանի և պարուհիների մասնակցությամբ: Մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ դաշնակահարն ասաց. «Այս տարի իմ ստեղծագործական կյանքը հագեցած էր պարերով: Դեկտեմբերի 1-ին հրավիրված էի մասնակից լինելու Հայաստանի Պարի պետական անսամբլի տարեվերջյան համերգային ծրագրին:
Պատիվ ունեի կատարելու Կոմիտասի երկու` Երանգի և Շուշիկի պարերը, որոնք համույթի երեք մենապարուհիները մարմնավորեցին շարժումների դյութիչ լեզվով` բեմադրված ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանի կողմից և նվիրված Կոմիտաս Վարդապետի 155-ամյակին: Համերգի մասնակցության հրավերն էլ ստացա Հայաստանի ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանից, ինչպես նաև Գագիկ Կարապետյանից, որը մեր առաջին հանդիպման ընթացքում մեծ ոգևորությամբ ներկայացրեց այս համարի թեմատիկ և գեղարվեստական կառուցվածքը, որի վրա էլ այնուհետև սկսեցինք համատեղ աշխատել»:
Շարունակելով անակնկալների թեման, փաստենք, որ տարեվերջին դասական արվեստն էլի անակնկալ ունի մատուցելու, ինչի մասին տեղեկացնում է «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճակատային մասում փակցված հայտագրերից մեկը: Ասում են՝ այն ճանաչված խորեոգրաֆ Ասատուր Քալաշյանի վաղեմի ցանկությունն էր` միավորել ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանին ու առաջատար մենապարուհի Աննա Քալաշյանին` խաչատրյանական «Տոկատ»-ի մատուցման իր նոր մտահղացմամբ:
Այս առիթով խորեոգրաֆը մեզ փոխանցեց հատևյալը. «Գաղափարն իրականացվեց ազգային օպերային թատրոնում` նպատակադրվելով առարկայացնել Խաչատրյանի «Տոկատ»-ի պարային զգացողությունը` տեսահոլովակի ձևաչափով: Հայկի և Աննայի աշխատանքը, միավորելով երաժշտությունն ու պարը, ստեղծեցին իմ երազած ամբողջականությունը, որտեղ 2 արվեստագետներ` դաշնակահար և պարուհի, ներկայանում են արվեստի իրենց ոլորտի պատասխանատվությամբ ու նվիրումով: «Տոկատ»-ի տեսահոլովակը ոչ միայն հարգանքի տուրք է Արամ Խաչատրյանին, այլ նոր շունչ դասական արվեստում` ներկայացնելով այն ժամանակակից վիզուալ արտահայտչաձևերով»:
Ինչու հենց այդ ստեղծագործությունը` տեսահոլովակ, հարցին Հայկ Մելիքյանը պատասխանեց. «Խաչատրյանական տոկատն իմ կյանքի տարբեր փուլերի խոսուն վկան է, վստահ եմ` ոչ միայն իմ: Այն փոխակերպվել է իմ մատներում, ինչպես և` ես: Որպես բալետային երաժշտության հսկա` Խաչատրյանի երաժշտությունը չի կարող ակնառու չլինել նաև նրա կամերային-գործիքային ստեղծագործություններում: Տոկատը ևս բացառություն չէ և այն, ըստ երևույթին, չվրիպեց այս նախագծի գաղափարի հեղինակների աչքից»:
Հետո էլ բարձրաձայնեց տեսահոլովակը ստեղծած ստեղծագործական մեծ թիմի անդամների անունները` օպերատոր Արթուր Օրդոյան, մոնտաժի վարպետ Աքսել Թահմասյան, ճարտարապետ-դիզայներ Սևակ Սողոմոնյան …, կարճ ասած շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին, մասնավորապես օպերայի և բալետի թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանին: Մենք էլ տեղեկացնենք, որ տեսահոլովակի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 8-ին, ժամը 13-00-ին Ա.Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում, մինչ 19-00-ին կայանալիք համերգը:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ