Երեւանի քրեական դատարանում «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստում այսօր հարցաքննվեց գործով մեղադրյալ Նարեկ Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին:
Նարեկ Սամսոնյանն իր դատաքննական ցուցմունքը սկսեց իրենց հաղորդման նախապատմությունից, համաձայնեց, որ մեղադրանքում առկա բոլոր գրավոր ապացույցները, որոնք մեղադրող կողմը ներկայացրել է, ճիշտ են, ինչ ասել են, իրենք են ասել:
Ըստ Սամսոնյանի՝ քաղաքական խոսքի սուր քննադատություն է եղել, ինչը թույլատրելի է ԵԽ տարատեսակ փաստաթղթերով. «Թույլատրված է եղել մարդու իրավունքների կոնվենցիայով: Արել ենք այն, ինչը թույլատրված է եղել, ինչը չի համարվել հանցագործություն մինչեւ մարտի 22-ը…Մեզ ապօրինի ձերբակալել են բացառապես քաղաքական պատճառներով, բանտարկել են նորից ապօրինի: Ես 2006-2007 թթ ընդդիմադիր դիրքերից եմ հանդես գալիս եւ անգիր տիրապետում եմ քաղաքական հետապնդման բոլոր տարատեսակներին: Որովհետեւ անցել եմ գրեթե բոլոր հնարավոր հոդվածներով, որոնք քաղաքական պատճառներով օգտագործվում են Հայաստանում, ու չեմ եղել մարդ, որը չի իմացել՝ ինչ է արել: Ինչ արել եմ, արել եմ գիտակցաբար, առանց որեւէ րոպե փոշմանելու: Եթե հետ տայինք ժամանակը ու նորից այս բանը լիներ, նույնը անելու էի, որովհետեւ քաղաքական քննադատությունն այս երկրում, նաեւ այդ ոճը ներմուծվել է քաղաքական դաշտ 2018 թվականից: 2018 թվականից այդ քաղաքական ոճը ներմուծողները ոչ միայն քրեական հետապնդման չեն ենթարկվում, այլեւ մինչ օրս շարունակում են նույն գործելաոճը, ավելի վատ բառապաշարով: Եթե մենք կոշտ, կոպիտ քննադատություն ենք իրականացնում, որոշները սեռական հայհոյանքներով են դա անում: Ես քրեական հանցագործություն չեմ կատարել»:
Կարդացեք նաև
Դատական նիստն այսօր ավարտվեց Սամսոնյանի հարցաքննությամբ, հաջորդ նիստը նշանակվեց 2025 թվականի հունվարի 13-ին՝ 16:30-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ