«Երբ այս իշխանություններին հարցնում էինք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, իրենք ասում էին՝ այդ հարցն այս սահմանումով մեզ համար ընդունելի չէ։ Երբ ասում էինք՝ իսկ ձեր ձեւակերպումը ո՞րն է, էլի ոչ հերքում էին, ոչ հաստատում, իսկ ժողովրդի լեզվով ասած՝ ոչ բվում, ոչ գվում։ Բայց իրենք այդ հարցը չբարձրացնելը հիմնավորում էին նրանով, որ հենց այդ հարցը բարձրացնեն, Ալիեւը հակառակ հարցը կբարձրացնի։ Հիմա իրենք չեն բարձրացնում, Ալիեւն այդ հարցը բարձրացնում է»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ադրբեջանը շարունակում է կեղծել փաստերը, Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանն ուղիղ պետք է բանակցի այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի հետ՝ նրանց վերադարձն ապահովելու համար։
Արթուր Խաչատրյանը նշեց, որ իր կարծիքով՝ այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» հարցը կա օրակարգում։ «Ինֆորմացիոն հոսքերը վերլուծելով, այո, ձեւավորվում է այդ համոզմունքը, որ այդ հարցը կա։ Ալիեւը նույնիսկ ասել է՝ Երեւանի կենտրոնում ադրբեջանցիներ էին ապրում, պետք է վերադառնան, ակներեւաբար ի նկատի ունի Կոնդը։ Եթե Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Կիրանցի երեխաներն ավելի ապահով են, որ թուրքերն իրենցից մի 20 մետրի վրա են, հավանաբար ինքն էլ ուզում է իրեն ավելի ապահով զգալ, որ իր «դաչայից» (ամառանոցից.-խմբ.) 20 մետրի վրա էլի թուրքեր գան ապրեն»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ ասաց՝ նախկինում, երբ ԱԳՆ-ում ծանոթացել են Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթին, ադրբեջանցիների վերադարձի հարց ձեւակերպված չկար։ «Բայց, հաշվի առնելով, թե մենք որքան վաղուց չենք ծանոթացել փաստաթղթին, դրանից հետո բավական լուրջ գործընթացներ են տեղի ունեցել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ