«Գիտե՞ք՝ ինչո՞ւ իշխանությունները բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն չեն ներկայացնում, շատ պարզ բացատրություն կա՝ ՀՀ անունից բանակցող կողմը կարմիր գծեր չունի։ Երկրորդ, Հայաստանի անունից բանակցողները կարմիր գիծ չունեն, որովհետեւ Փաշինյանն ընկած է Ալիեւի ավտոգրաֆը (ինքնագիր.-խմբ.) ստանալու հետեւից»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Ադրբեջանը շարունակում է կեղծել փաստերը, Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանն ուղիղ պետք է բանակցի այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի հետ՝ նրանց վերադարձն ապահովելու համար։
Հայկ Մամիջանյանն ասաց, որ անընդունելի է հավասարության նշան դնել հայ փախստականների եւ Հայաստանից գնացած ադրբեջանցիների միջեւ։ «Հիշենք կամ ծանոթանանք առկա նյութերից, թե ինչպես է Հայաստանում իրականացվել Խորհրդային միության տարիներին բնակվող ադրբեջանցների հեռացումը Խորհրդային Հայաստանից։ Կան փաստաթղթեր, երբ իրենց փոխհատուցումներ են տվել, կան փաստաթղթեր, երբ իրենց տրամադրվել է տրանսպորտ, անվտանգություն, իրենք իրենց գույքը հետները տարել են։ Համեմատե՞նք, թե Խորհրդային Ադրբեջանում ինչպես են իրականացվել հրահրված բախումները։ Այստեղ որեւէ զուգահեռ չկա։ Այստեղ կա մի շատ կարեւոր խորքային խնդիր՝ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո անդադար մենք խոսում էինք այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականության եւ Փաշինյանի թիմի ապիկարության ու անգործության հետեւանքով մի տեսակ հավասարության նշան դրվեց համաշխարհային հանրության համար Լաչինի միջանցքի եւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջեւ, որն էլի անընդունելի էր՝ եւ աշխարհաքաղաքական, եւ միջազգային իրավունքի, եւ միջազգային հարաբերությունների տեսանկյունից, որովհետեւ դրանք բացարձակ նույն բաները չէին։ Բայց դա արվեց, որը բերեց այն հետեւանքներին, որոնք ունենք այսօր։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մասնակցում է այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» ինչ-որ կոնֆերանսի ու այնտեղից էլի ինչ-որ պայմաններ հնչեցնում Հայաստանին։ Տարբերակը՝ մեռած ձեւանալ, ինչպես անում են փաշինյանենք, չի աշխատելու, մեռած ձեւանալով՝ Ադրբեջանի հետ չեն բանակցում։ Դու պիտի հստակ քո կարմիր գծերն ու պահանջները նշես»,- ասաց նա։
Մամիջանյանն ասաց՝ կասկածներ ունի, որ այս իշխանություններն առանձնապես դեմ չեն արտահայտվել ադրբեջանցիների վերադարձի հարցին։ «Եվ երկրորդ, ամենաահավորը, կարեւոր չէ, թե այս պահին ինչ կա, որովհետեւ Ադրբեջանն ինչ առաջ քաշի, փաշինյանենք համաձայնելու են, էնքան է, որ մի բան ստորագրվի, դա է ողբերգությունը»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ