Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 3-6-ն աշխատանքային այցով գտնվում է Սլովենիայում՝ Սլովենիայի օմբուդսման Պետեր Սվետինայի հրավերով մասնակցելու օմբուդսմանական հաստատության 30-ամյակին նվիրված միջազգային համաժողովին և պաշտոնական հանդիպումներին:
Միջոցառումն անցկացվում է «Օմբուդսմանական հաստատությունների և մարդու իրավունքների ազգային հաստատությունների արդյունավետությունը. ժամանակակից մարտահրավերների հաղթահարում» խորագրի ներքո։
Աշխատանքային այցին մասնակցում է նաև Պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան:
Անահիտ Մանասյանը միջոցառման շրջանակում դեկտեմբերի 5-ին որպես բանախոս է հանդես եկել «Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանություն. Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ազդեցության ընդլայնման ու արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը» թեմայով առաջին պանելային քննարկմանը:
Կարդացեք նաև
Պաշտպանն իր ելույթում շնորհավորել է Սլովենիայի օմբուդսմանին հաստատության 30-ամյակի կապակցությամբ, այնուհետև անդրադարձել է ժամանակակից աշխարհում, այդ թվում` Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրներին, ՄԻՊ հաստատությունների գործունեության մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Բանախոսը ներկայացրել է իրավահավասարության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները` անդրադառնալով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, ատելության խոսքի, գենդերային հավասարության, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի ոլորտներին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ այս բնագավառներում իրականացվող աշխատանքների հիմքով հաճախ է թիրախավորվում հենց իրավաբան մասնագետների, հանրային գործիչների կողմից, ինչը վտանգավոր միտում է:
Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Անահիտ Մանասյանը որպես լրջագույն խնդիր է ներկայացրել նաև հասարակական համակարգում, սոցիալական միջավայրում շատ տարածված` իրավունքների բաժանումը «կարևորի» և «անկարևորի»։
«Երբ որևէ իրավունքի ոլորտի տեսանկյունից ուշադրություն է կենտրոնացվում, օրինակ` խոցելի իրավիճակներում գտնվող անձանց իրավունքներին, դա շատերի, այդ թվում` որոշ իրավաբանների կողմից հրապարակային եղանակով ներկայացվում է որպես անկարևոր իրավունքի տեսակ ու երկրորդային գործունեություն։ Սա ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության համակարգի առնչությամբ ընկալումները»,- ասել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանը նաև անդրադարձ է կատարել սեռով պայմանավորված կանանց թիրախավորման դեպքերին, հատուկ նշելով, որ կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի: Պաշտպանը ներկայացրել է իր` որպես կին թիրախավորման դեպքերն ու դրանք իրականացնող դերակատարների հանրային գործելաոճը, ինչը հակասում է ոլորտում առկա միջազգային չափանիշներին:
Քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել Սլովենիայի Հանրապետության Արդարադատության նախարարության պետքարտուղար Միլան Բրգլեզը, Հունաստանի Օմբուդսման Անդրեա Պոտակիսը և Պորտուգալիայի օմբուդսման Մարիա Լուսիա Ամարալը։
Միջոցառմանը մասնակցել են ՄԻՊ հաստատությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ շուրջ 20 պետություններից, ինչպես նաև Սլովենիայի տարբեր պետական կառույցների, կազմակերպությունների, ակադեմիական հաստատությունների, Սլովենիայում դիվանագիտական առաքելությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Դեկտեմբերի 5-ին համաժողովին բացման խոսքով են հանդես եկել Սլովենիայի Հանրապետության օմբուդսման Պետեր Սվետինան, Սլովենիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ուրշկա Չուպանչիչը, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Մայքլ Օ՛Ֆլահերթին (առցանց ձևաչափով)։
Հիմնական ելույթով է հանդես եկել Եվրոպական դատարանի նախագահ Մարկո Բոսնյակը։
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ