«Հրապարակի» զրուցակիցը հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն է:
– Վրաստանում տեղի ունեցած բախումների եւ Հայաստանում հունիսին տեղի ունեցած ոստիկանական բիրտ ուժի կիրառման միջեւ կա՞ն ընդհանրություններ: Ակնհայտ է, որ միջազգային կառույցները, արեւմտյան երկրներն անհամեմատ ավելի կտրուկ են արտահայտվում Վրաստանում ոստիկանների գործողությունների մասին, իսկ Հայաստանի իշխանություններին անգամ քաջալերում են` բռնություններ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, նշում, որ Հայաստանն իրապես ժողովրդավար երկիր է: Ինչո՞ւ է իրավիճակն այսքան տարբեր:
– Խոշոր հաշվով, ոչ ոք չի չեղարկել պրակտիկ կիրառական շահերը` միջազգային հարաբերություններում: Համեմատություն անցկացնելիս ոչ թե պետք է Վրաստանի եւ Հայաստանի իշխանություններին համեմատել, այլ Վրաստանի իշխանություններին պետք է համեմատել պայքարի դուրս եկած Հայաստանի ընդդիմության հետ: Կարծում եմ, որ այդ երկուսի կողմից վարվող քաղաքականության արդյունքում է առիթ ստեղծվել, որ Արեւմուտքն իրենց ընկալի որպես հակառակորդ: Նույն Վրաստանում միտինգի դուրս եկած հանրույթին Արեւմուտքը դաշնակից է համարում, ինչպես դաշնակից է համարել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Ունիվերսալը սա է, մանավանդ՝ տեսանելի է միջազգային հարաբերությունների փիլիսոփայությունը, եւ նման փոփոխվող ժամանակներում չպետք է իլյուզիաներ ունենալ, ստանդարտներ գոյություն ունեն եւ չեզոք, փակ աչքերով արդարադատություն անող ատյաններ, որոնք աշխարհի բոլոր անարդարություններին կարող են արձագանքել, միեւնույն ժամանակ` չարձագանքել: Սա նորությո՞ւն է մեզ համար: Հաստատ՝ Պաղեստինում եւ Ղարաբաղում թափված արյունը եւ Ուկրաինայում թափվող արյունը ունեն նույն գույնը, բայց մենք տեսնում ենք, որ արձագանքները շատ տարբեր են:
– Ասում եք` Հայաստանի ընդդիմությանը եւ Վրաստանի իշխանությանն Արեւմուտքը դաշնակից չի համարում: Գուցե պատճառն այն է, որ նրանք ենթարկվո՞ղ չեն, հլու-հնազա՞նդ չեն իրենց, թե՞ այլ պատճառ կա:
Կարդացեք նաև
– Փաստն այն է, որ Վրաստանի իշխանությունները որոշ երկրների գործունեության դեմ քայլեր են անում, հիմա՝ դա անում են հայրենասիրական, թե նյութապաշտական կամ ռուսասիրական նկատառումներից ելնելով, ցույց կտա ժամանակը: Ի վերջո, ամեն բան պետք է գնահատել թողած հետեւանքներով: Մենք կարող ենք 1000 մոտիվի մասին խոսել եւ արդարացնել մեր ձախողումները, պնդել, որ դրանք ժողովրդավարության եւ մարդու իրավունքների, ֆլանի ու ֆստանի համար են արվել, բայց պետք է գնահատական տանք գործողությունների հետեւանքով: Անկախ այն բանից, թե դու ինչի համար էիր պայքարում, եթե արդյունքում 120 հազար մարդ դարձել է փախստական, դա է քո կայացրած որոշումների եւ գործողությունների գնահատականը: Նույնը Վրաստանի օրինակով կարող ենք ասել․ եթե այս ամենի արդյունքում Վրաստանը դառնա բռնապետություն կամ տարածաշրջանի ամենաարագ զարգացող երկիրը, այդտեղից պետք է մարդիկ գնահատականներ տան: Աշխարհաքաղաքականության մեջ կրոնական մոտեցումները չեմ ընդունում` բարու եւ չարի պայքար, քաղաքակիրթ մարդկության եւ վայրենիների պայքար եւ այլն: Դրանք պրոպագանդիստական ձեւակերպումներ են, որոնց ես բացասական եմ վերաբերվում: Տեսնում ենք հետեւանքներ, դատում ենք հետեւանքներով: Ռեգիոնի պատմությունն ինձ ստիպում է որոշակի համեստություն ցուցաբերել: Պատմությունը ցույց է տվել, որ բեկումնային ժամանակներում Վրաստանի կայացրած որոշումները միշտ իրենց համար օգտակար են եղել, իսկ հայերիս համար վտանգներ են ծնել ու ցեղասպանություն արժեցել: Այնպես որ, ես ինձ համեստ կպահեմ ու վրացիների մասին միանշանակ կարծիքներ չեմ հայտնի: Գուցե մենք էլ, մեր պապերի նման, մի ողբերգական սերունդ ենք, որը մտածում է, թե ամեն բան գիտի հարեւանների սխալների մասին, բայց վերջում պարզվի` հարեւաններն ունեն պետություն, իսկ մենք ցեղասպանության ենք ենթարկվում: