Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում է Արեւմուտքից ինչ-որ բան ստանալ՝ փնովելով Ռուսաստանին, հետո կփորձի Ռուսաստանից ինչ-որ բան ստանալ՝ փնովելով Արեւմուտքին». Ստանիսլավ Տարասով. «Հրապարակ»

Դեկտեմբեր 06,2024 10:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ իշխանություն-ՀԱՊԿ հարաբերությունները, ինչպես Փաշինյանն է ձեւակերպել, սառեցվեցին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն այդ ռազմաքաղաքական կառույցից պահանջեց ցույց տալ, թե որն է Հայաստանի սահմանը, ու քաղաքական գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին: Աստանայում Պուտինը հայտարարել էր․ «ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել, որովհետեւ Հայաստանի հանդեպ ոչ մի արտաքին ագրեսիա տեղի չի ունեցել»։ Սրան ի պատասխան, Փաշինյանը նախօրեին՝ ԱԺ ամբիոնից 2021 եւ 2022 թվականների ադրբեջանական ագրեսիան հիշեց, չնայած այդ օրերին հենց ինքն էր կառավարության նիստում հայտարարում, որ չկրակելու հրաման է տվել, քանի որ «Սեւ լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չե՞նք սկսելու…»:

«Նա մեզ հետ նարդի է խաղում, եթե նա իսկապես կարծում է, որ ՀԱՊԿ-ում համագործակցությունն ավարտված է, թող դիմում գրի եւ դուրս գա, ո՞վ է նրան բռնել: Նա գիտի ընթացակարգը, որ դա հենց այնպես չի կարող տեղի ունենալ, խոսքը պետությունների միջեւ հարաբերությունների մասին է: Կան պատճառնե՞ր, կա դժգոհությո՞ւն, կա մոտիվացիա՞, խնդրեմ՝ դիմում գրեք եւ հեռացեք, բայց երբ դա չեք անում, նշանակում է՝ փորձում եք ինչ-որ մեկի ականջներից լապշա կախել»,- Հայաստան-ՀԱՊԿ էպոպեայի հերթական արարի մասին «Հրապարակ»-ին ասում է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

Ըստ Տարասովի՝ Փաշինյանն իր գործելակերպով փորձում է Արեւմուտքին ցույց տալ, թե «վիճել է» Ռուսաստանի հետ, բայց իրականում նա Ռուսաստանից չի հեռանում: «Մոսկվան այդպես է սա դիտարկում՝ նա փորձում է Արեւմուտքից ինչ-որ բան ստանալ՝ փնովելով Ռուսաստանին, հետո կփորձի Ռուսաստանից ինչ-որ բան ստանալ՝ փնովելով Արեւմուտքին, այո՞: Գիտե՞ք, դա շատ պրիմիտիվ է եւ խոսում է ինտելեկտի, կրթության բացակայության մասին»,- ասում է Ստանիսլավ Տարասովը եւ ընդգծում՝ Մոսկվան ընթացակարգերով է գործում ու հստակ նշում է՝ ինքներդ որոշեք, բայց հետո չասեք՝ Ռուսաստանը մեզ վռնդեց:

«Չե՞ք ուզում աշխատել` դուրս եկեք, բայց եթե մենք այդ որոշումը կայացնենք, Փաշինյանը կասի՝ ռուսները մեզ դուրս վռնդեցին»,- նկատում է Տարասովը: Որքա՞ն կարող է Մոսկվան հանդուրժել եւ կտրուկ գործողությունների չգնալ` ի պատասխան Հայաստանի իշխանությունների նման պահվածքին: Տարասովի խոսքով, մինչեւ այն պահը, երբ Փաշինյանը կստանա պատմության հերթական դասը: «Կորցրիք Արցախը, նրան դա ոչինչ չսովորեցրեց, հիմա նա ցանկանում է Հայաստանը կորցնել»,- ասում է ռուս փորձագետը՝ էժանագին արգումենտ համարելով Փաշինյանի այն պնդումը, թե ՀԱՊԿ-ը չի ասում, թե որն է Հայաստանի սահմանը:

«Նա Հայաստանն է հանձնում, կարծում է, որ Արեւմուտքը Հայաստանին անվտանգության երաշխիքներ է տալու, բայց Արեւմուտքը դա չի անում»,- եզրափակում է ռուս վերլուծաբանը:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031