Սահմանադրական դատարան էր դիմել Կարեն Ավդալյանը: Նա ներկայացրել էր թիվ ԵԴ2/7097/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, նշել՝ «Դատարանը, փոխարենը 21.10.2024թ.-ին կայացներ եզրափակիչ դատական ակտ, այսինքն՝ որոշում, որը կլուծեր արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու/չճանաչելու հարցը, 21.10.2024թ.-ին կայացրել է որոշում՝ արբիտրաժային վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում որոշման կայացումը հետաձգելու մասին՝ կիրառելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածի 6-րդ մասը, «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը»: Այն հետաձգել է 2025 թվականի հունվարի 21-ը:
Ըստ դիմումի՝ հակասահմանադրական են նշյալ օրենսգրքերի կիրառումը, որի արդյունքում ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը կայացրել է 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումը, իսկ 2025 թվականի հունվարի 21-ին կայացվելիք որոշումը, անկախ այն հանգամանքից, թե ի՞նչ բովանդակություն կունենա. «միեւնույն է, չի լինելու կայացված իրավունքի տվյալ նորմերի հիման վրա»:
Դիմողի կարծիքով, ստացվում է, որ բոլոր այն դեպքերում, երբ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում վկայակոչվել են արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու՝ «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը, եւ ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը կիրառում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաեւ «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը, խախտվում է Սահմանադրության 61-րդ հոդվածը: Դիմողը գտնում է, որ ներկայում էապես մեծացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածի 6-րդ մասով Սահմանադրության 61-րդ հոդվածը խախտելու հավանականությունը, երբ արբիտրաժի վճիռը դատական կարգով վիճարկվում է այնպիսի հիմքերով, որոնք հնարավոր չէ վերացնել արբիտրաժի վերսկսած վարույթի ընթացքում:
Ըստ ՍԴ-ի՝ հետաձգումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ քաղաքացիական դատարանը, հաշվի առնելով նաեւ «Լիլի Ռիելթի» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ա. Հայրապետյանի դիմումը, հնարավորություն է ընձեռել «Միջազգային արբիտրաժային դատարան» ՍՊ ընկերությանը պատասխանող Կարեն Ավդալյանի մասնակցությամբ վերսկսելու արբիտրաժային վարույթը, ինչպես նաեւ քննելու արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ Կ. Ավդալյանի դիմումում վկայակոչված հիմքերը վերացնելու հարցը:
Կարդացեք նաև
ՍԴ դատական կազմը մերժեց անհատական դիմումը, իսկ պետգույքից ազատելու մասով դիմումատուի միջնորդությունը բավարարեց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.12.2024