Ուշադրության պակաս չունեցավ 90-ամյա շրջանավարտը
Երկուսը միասին 180 տարեկան են, կան եւ գործում են: Մեկը՝ Վանաձորի Էդուարդ Կզարթումյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը, 90 տարիների ընթացքում կրթել, դաստիարակել է հազարավոր պատանիների ու աղջիկների, սեր արթնացրել դեպի գեղեցիկը, երգն ու երաժշտությունը: Բնական է, նրանցից քչերն են հաջողել խորանալ նախընտրած ոլորտում եւ հանրության մեջ անուն թողել: Այդպիսիք են ՀՀ վաստակավոր արտիստ Բելլա Դարբինյանը, երաժիշտ Պոլ Աքուլյանը, կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդվարդ Փաշինյանը, օպերայի երգիչ Հարություն Քարաջյանը եւ այլք:
Իսկ մյուսը, որ նույն հաստատության շրջանավարտն է ու հասակակիցը, նույնպես գործ է ունեցել հազարավոր մարդկանց՝ մեծուփոքրերի հետ, չանտեսելով հետաքրքրությունն արվեստի, գրականության եւ մանավանդ՝ գրականության նկատմամբ:
Ավարտել է ջութակի բաժինը, այնուհետեւ ուսանողական տարիներին հանդես եկել Գրիգոր Հախինյանի (ով, ի դեպ, վանաձորյան նույն դպրոցի շրջանավարտ է) ղեկավարած բժշկական համալսարանի վոկալ-գործիքային անսամբլում, «մրցակցել» շեփորահար Լեւոն Դանիելյանի հետ, որը հետո դարձավ սպորտային հայտնի մեկնաբան… կոչումով վիրաբույժ:
Կարդացեք նաև
Տարիներ անց ջութակը դաշնամուրի փոխարինածին տարբեր առիթներով լսել եւ հիացմունքով են արտահայտվել ՀՀ ժողովրդական արտիստ, օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի դիրիժոր Յուրի Դավթյանը, ճանաչված ջութակահար Զոյա Պետրոսյանը:
Դպրոցի եւ շրջանավարտի 90-ամյակը նշվեց միաժամանակ: Լեփ-լեցուն դահլիճն ալիքվեց, Լոռու մարզպետ Ա.Ղազարյանի, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ա. Փելեշյանի կարծիք-գնահատանքից. «Դպրոցի ողջ անձնակազմին տրվող շնորհակալական պատվոգրերի ու ծաղկեփնջերի շքերթ վաղուց չէին տեսել»: Ուշադրության պակաս չունեցավ 90-ամյա շրջանավարտը՝ Շ.Ազնավուրի «Ես մենակ նստած եմ բազկաթոռին» ստեղծագործության դաշնամուրային կատարումը փոթորկուն ծափեր կորզեց: Իսկ կյանքը արյան կանչով նրան այլ ափ էր տարել:
Հայրը՝ Արշակ Մելքումյանը, որ հաճախ ելույթ էր ունենում հանրապետական ռադիոյով, թառահար էր: Ամենից առաջ հայտնի էր որպես ՀՀ վաստակավոր բժիշկ ու պատգամել էր որդուն. «Ինչ էլ որ դառնաս, արդարացի չի: Քոնը բժշկությունն է»: Եվ այդպես էլ եղավ:
Չկա ու ոչ ոք չի տեսել, որ նա մի մեխ մեխի կամ տան համար առեւտուր անի: Պահանջված բժիշկը ոչ միայն մարզում, այլ հանրապետությունում միակն է, որին կոլեկտիվը արժանվույն տուն է ուղեկցել մեկուկես տարի առաջ: 64 տարի հավատարիմ Հիպոկրատի երդմանը, անշառ ու անբասիր ծառայել է Նորին Մեծություն՝ բժշկությանը: Ի տարբերություն շատերի, նա չի տարանջատել գիշեր-ցերեկը, աշխատանքային օրն ու հանգիստը: Կյանքում շատ բան տեսած մարդը՝ խորթություն, թե խենթություն, նեղ ու լեն օրեր, երաժշտությունից բացի, ունի այլ նախասիրություն. անհաշվելի խաղալիք-մեքենաների, ժամացույցների, ձայնապնակների ու կրակայրիչների կոլեկցիաներ, բայց եւ այնպես, նրա համար ամենաթանկն ու խոսունը այն մանր-մունր իրերն են, որ պեղել ու հանել է մեծերի ու փոքրերի ականջներից, քթից, կոկորդից…
Տեսնելով հավաքածուն՝ չես ուզում հավատալ, որ 8-ամյա տղայի կոկորդից դուրս է բերել սովետական 1 ռուբլիանոց մետաղադրամ, կամ՝ վրաերթի հետեւանքով ռուս զբոսաշրջիկի քթանցքում հայտնված ասֆալտի կտորի հեռացումը…
Տարատեսակ կոճակների, ուլունքների, գնդասեղների, կոպեկների, ձկան փշերի, ոսկրակտորների հավաքածուներից յուրաքանչյուրը հետաքրքիր պատմություն ունի, երբեմն՝ զավեշտալի ավարտով:
Տեղի լրատվամիջոցները մեկ անգամ չէ, որ անդրադարձել են: Բժիշկը դրանք հիշում է մեկ առ մեկ, հիվանդներին անուն առ անուն, իսկ 20 կոպեկանոցի 50 տարվա պատմությունը վանաձորցիները դեռ չեն մոռացել:
Հերթական նկարահանման ժամանակ, երբ բժիշկը ցույց է տվել օտար մարմնի հեռացման իր գործողությունները, մանկապարտեզահասակ Աշոտիկը լացակումած աղերսել է. «Էլի՞ եմ կուլ տալու, որ հանես…»:
Խոր ցավով հիշեցի բժիշկ գործընկերներից մեկի հետ կապված սխալ ախտորոշումը՝ դիֆտերիա: Փառք Աստծո, որ ինֆեկցիոն հիվանդանոցում բուժառուին խորհուրդ էին տվել վերադառնալ նույն հասցեով եւ դիմել քիթ-կոկորդ-ականջաբան փոքրամարմին բժշկին: Վերջինս դժվարությամբ, բայց եւ առանց հապաղելու շնչափողից հանել էր սալորի կորիզը: Յուրաքանչյուր հարեհասությունից նա չի թաքցնում իր ապրումներն ու ինքնագոհությունը, նաեւ՝ սրտամոտ է ընդունում կեսկատակ- կեսլուրջ ասվածը. «Բժիշկների մեջ ամենափայլուն երաժիշտն եմ, երաժիշտների մեջ՝ ամենալավ բժիշկը», թեեւ, հոբելյանական ցերեկույթին նա հերթական անգամ ապացուցեց, որ հավասարաչափ եւ համեստ երաժիշտ է, եւ՝ խոհուն բժիշկ:
Հավանաբար, այդպիսին չէր լինի, եթե նրա կողակիցը չլիներ մաթեմատիկ, լուսահոգի Հայկանուշ Սաքանյանը, ով ընտանեկան անցուդարձն անտրտունջ կրելով, ամուսնու համար պայմաններ էր ստեղծել ունենալու ինքնաբավ վայելքատարածք՝ մոլորակից դուրս:
Փույթ չէ, որ ընտանիքի անդամները կիսով չափ են իրեն գցել, տղան դաշնամուրով ջազ է նվագում (սիրողական), աղջիկը պրոֆեսիոնալ երաժիշտ է, թոռներից չորսը «ծնգծնգացնում» են ստեղնաշարային գործիքի վրա, եւ միայն Լիզան է շարունակում պապենական ավանդույթը. Մոսկվայի Պիրագովի անվան բժշկական համալսարանի ավարտական կուրսի ուսանողուհին նախընտրել է մանկաբուժությունը:
«Ծուռ հայելիների» աշխարհից երջանիկ եւ անհոգ Հենրիկ Մելքումյանի արշալույսները խաղաղ են ու արեւոտ: Իհարկե՝ վաստակած:
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Լուսանկարը՝ Լոռու մարզպետի աշխատակազմի ՖԲ էջից:
Լուսանկարում` Անդրեյ Ղուկասյանը, ով Լոռու մարզը ղեկավարել է 2018֊2020թթ։
«Առավոտ» օրաթերթ
05.12.2024