Նոյեմբերի 3-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Ժ. Չիչոյանի, նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով՝ պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու համար մեղադրվող Ա.Զ.-ի նկատմամբ կայացրեց արդարացման դատավճիռ:
Վրաստանի քաղաքացու պաշտպան Ղեւոնդ Պապոյանը անդրադարձել էր իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործին, խափանման միջոցի օրինաչափությանը («Վրաստանի քաղաքացին ապօրինի մեղադրանքով արդեն մեկ տարի է՝ գտնվում է Հայաստանում», «Առավոտ» օրաթերթ 26.11.2024):
Նա մասնավորապես տեղեկացրել էր. «Ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Ա. Զ.-ն ապօրինի մեղադրանքով 2023թ. նոյեմբերի 25-ին ձերբակալվել է, իսկ 2023թ. նոյեմբերի 26-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այդ օրվանից սկսած, առանց աշխատանքի հնարավորության, օրը մի տեղ գիշերելով՝ Ա.Զ.-ն սպասում է, որ ՀՀ զինվորական դատախազությունը եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը (Կենտրոն նստավայր) օր առաջ կավարտեն իր վերաբերյալ քրեական գործը եւ վերջապես կկարողանա վերադառնալ տուն։ Ա.Զ.-ն մեղադրվում է նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով՝ պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու համար։ Ի պատասխան պաշտպանի գրավոր հարցումների՝ ՀՀ ՆԳ նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից գրավոր պատասխան է տրվել այն մասին, որ Ա.Զ.-ն ծննդյան պահից հանդիսացել է Վրաստանի քաղաքացի եւ չի հանդիսանում ՀՀ քաղաքացի։ Ինչը վկայում է այն մասին, որ Ա.Զ.-ն չի հանդիսանում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի սուբյեկտ, նրա նկատմամբ մեղադրանքն ապօրինի է»:
Պաշտպանը ներկայացրել էր միջնորդություններ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, իսկ դատարանը միջնորդությունների քննարկումը հետաձգել էր, պատճառն այն էր, որ դատարանը հիմնական դատալսումների փուլում նման միջնորդություն քննարկելու դատավարական հնարավորություն չունի:
Կարդացեք նաև
Այս գործով նիստերն ամիսներով հետաձգվում էին, իսկ Վրաստանի քաղաքացին ոչ միայն մեկ տարի էր՝ չէր կարող վերադառնալ տուն, այլ չուներ աշխատանք, որով կկարողանար ապահովել իր կացարանի եւ ապրուստի հարցը։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.12.2024