Մի քանի օր շարունակ, անգամ արցունքաբեր գազի եւ ջրցան մեքենաների կիրառման պայմաններում` վրաց հասարակության ընդվզումը ճնշել չի հաջողվում
Վրաստանի Սահմանադրական դատարանը մերժեց վարույթ ընդունել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի եւ մի շարք ընդդիմադիր պատգամավորների հայցերը, որոնցով նրանք պահանջում էին անվավեր ճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Որոշման օգտին քվեարկել էին Սահմանադրական դատարանի 9 անդամներից 7-ը։
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 16-ին հաստատեց ընդդիմության եւ նախագահի կողմից չճանաչված խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, համաձայն որի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մնում է իշխանության ղեկին չորրորդ ժամկետն անընդմեջ։
Պատգամավորական մանդատ ստացած չորս ընդդիմադիր ուժերից ոչ մեկը համաձայն չէ հայտարարված արդյունքների հետ։ Ընտրությունների արդյունքները չի ընդունում նաեւ երկրի նախագահը։ Ընդդիմությունը պահանջում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների նոր քվեարկություն եւ խախտումների միջազգային հետաքննություն՝ անվստահություն հայտնելով քննչական մարմիններին եւ դատական համակարգին։
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 3-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ երկրում «հեղափոխության հերթական՝ արդեն չորրորդ փորձը տապալվել է»:
«Վերջին չորս տարիներին մենք չորս նմանատիպ փորձերի ենք բախվել։ 2022թ. հունիսին, երբ մեզ ԵՄ թեկնածու պետության կարգավիճակ չշնորհեցին, առաջին փորձն էր։ Այն ժամանակ արտերկրից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները դուրս եկան քաղաքական թատերաբեմ եւ պահանջեցին կառավարության հրաժարականը։ 2023-ի գարնանը երկրորդ փորձն էր, 2024-ի գարնանը՝ երրորդը։ Այժմ էլ ահա հեղափոխության չորրորդ տապալված փորձն է», – նկատել էր Կոբախիձեն՝ պնդելով, թե հեղափոխության այս մի փորձը նախորդներից «ամենաթույլն է»։
Իսկ Թբիլիսիում եւ Վրաստանի խոշոր քաղաքներում մի քանի օր շարունակ ընթանում են եվրոպամետ` հակակառավարական ցույցերն ի նշան բողոքի Եվրամիության հետ բանակցությունները մինչեւ 2028թ. կասեցնելու իշխանությունների որոշման։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ անցած օրերին նույնպես արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել՝ բերման ենթարկելով ցույցերի հարյուրավոր մասնակիցների։ Վրաստանի օմբուդսմենը ոստիկաններին մեղադրել է` բողոքի ակցիայի մասնակիցներին խոշտանգելու մեջ։
Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գործընկեր պետությունների հետ շփումներ է ունեցել: Օրերս կայացել էր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր-Սալոմե Զուրաբիշվիլի հեռախոսազրույցը: «Կառավարության համար հետեւանքներ կլինեն, բայց Եվրոպան բաց է մնում քաղաքացիական հասարակության եվրոպական հույսերի համար», հանդիպման մասին նշել է Վրաստանի նախագահականը: Շտայնմայերը դատապարտել է պրո-ԵՄ-ական ցուցարարների դեմ բռնությունները եւ համերաշխություն հայտնել վրաց հասարակությանը, փոխանցում է դաշնային նախագահի մամուլի քարտուղար Քերստին Գամմելին։ Կայացել էր նաեւ Ֆինլանդիայի եւ Վրաստանի նախագահներ Ալեքսանդր Ստուբբի եւ Սալոմե Զուրաբիշվիլիի հեռախոսազրույցը։ «Վրացական երազանքը» հայտարարել է, որ սառեցնում է երկրի ուղին դեպի ԵՄ։ Սա արմատական փոփոխություն է նախկինում որդեգրված քաղաքականությունից, որը հիմված էր երկրի Սահմանադրության վրա։ Ամբողջ երկրում անցկացվող ցույցերն ապացուցում են եվրոպական ուղին շարունակելու վրացիների հզոր ձգտումը։ Նրանց ցույցերը չպետք է ճնշվեն», -X-ի գրառման մեջ ընդգծել էր Ստուբբը՝ հավելելով, որ Ֆինլանդիան վրացիների կողքին է։
Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Լիտվան պատժամիջոցներ է սահմանել վրաց պաշտոնյաների նկատմամբ, ովքեր «պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար»: Այս մասին X-ում հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։ Լիտվական դիվանագիտության ղեկավարի հրապարակած ցուցակում հայտնվել է 11 անձ, այդ թվում՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության փաստացի ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ներքին գործերի նախարարության, ուժային կառույցների մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, արգելվել է նրանց մուտքը երկիր։ Այլ սահմանափակումների մասին չի հաղորդվում։ Լիտվայի սեւ ցուցակում հայտնված մի շարք պաշտոնյաների նկատմամբ ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել նաեւ Միացյալ Նահանգները:
Հաջորդը` Կանադան էր, որտեղից նշեցին պատժամիջոցներ կսահմանեն Վրաստանում մարդու իրավունքների խախտումների կամ կոռուպցիայի մեջ ներգրավված անձանց եւ բիզնեսների նկատմամբ: Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին մասնավորապես նշել էր. «Կանադան համերաշխ է վրաց ժողովրդի հետ։ Մենք շատ մտահոգ ենք այն ամենով, ինչ Ռուսաստանն է փորձում իրականացնել Վրաստանում։ Հետեւաբար, մենք պատժամիջոցներ կսահմանենք ոչ միայն անձանց, այլեւ բիզնեսների վրա, որոնք ներգրավված են մարդու իրավունքների խախտումների կամ կոռուպցիայի մեջ։ Կհետեւենք մեր պատժամիջոցային սկզբունքներին»։
Ըստ ամենայնի, երկրում լարվածությունը փոքր-ինչ մեղմելու նպատակով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ստիպված որոշ մեղմացնող հայտարարություններով է հանդես եկել: Նա նշել է, թե Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը երկրի ինտեգրումն է Եվրոպական Միությանը. «Մենք պետք է շարունակենք Եվրոպական Միության հետ լիարժեք ինտեգրման ճանապարհը»։ Վարչապետը ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարության փոփոխությունը դիտարկում է որպես երկկողմ հարաբերությունների «որակական վերագործարկման» հնարավորություն։ «Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին երդմամբ կստանձնի նախագահի պաշտոնը։ Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը նոր առաջնորդներ են ունենալու։ Մենք հավատացած ենք, որ նոր առաջնորդների հետ մեր հարաբերությունները կվերագործարկենք։ Ամեն ինչ պետք է անենք հարաբերությունների ընդարձակման համար»,- նշել է Իրակլի Կոբախիձեն։
Իսկ ահա Վաշինգտոնից հստակ շեշտում էին, որ աջակցում են վրաց հասարակությանը, որը մի քանի օր է, ինչ բողոքի ցույցեր է անցկացնում:
ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը Պետդեպում կայացած ճեպազրույցում անդրադարձել է Վրաստանում տիրող իրավիճակին, ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է Վրաստանի կառավարության` եվրաինտեգրման ուղուց շեղվելու քայլերով եւ վրաց ժողովրդի կողքին է: «Մենք հասկացրել ենք, որ անհանգստացած ենք այն քայլերով, որոնք նրանք ձեռնարկել են Եվրոպայի հետ ինտեգրման ճանապարհից շեղելու համար: Դա այն ճանապարհն է, որին վրաց ժողովուրդն աջակցում է», -ասել է Մեթյու Միլլերը: Այնուհետեւ, պաշտոնյան հավելել է. «Ինչպես գիտեք, մենք նախապես չենք հայտնում պատժամիջոցների մասին այս ամբիոնից, բայց երբ մենք պատժամիջոցների մասին հայտարարություններ ունենանք անելու, մենք դա անում ենք»:
Չեխիայում Վրաստանի դեսպան Թեյա Մաիսուրաձեն դարձավ երկրի վեցերորդ դիվանագետը, ով հրաժարական տվեց վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո՝ ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը սառեցնելու մասին։ «Ես հրաժարական եմ տվել Չեխիայում Վրաստանի դեսպանի պաշտոնից։ Մեծ պատիվ է ծառայել իմ երկրի ազգային շահերին շուրջ երկու տասնամյակ՝ նպաստելով նրա եվրաատլանտյան ինտեգրմանը, պաշտպանելով նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- գրել է դիվանագետը: Դեռ անցյալ շաբաթ հայտնի էր, որ մի խումբ դիվանագետներ հրաժարական են տվել: Նրանց շարքում էին` ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին, արտաքին գործերի փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան, Նիդեռլանդներում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Սոլոմոնիան, Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին, Իտալիայում Վրաստանի դեսպանի պաշտոնակատար Իրակլի Վեկուան:
Լիտվան պատրաստ է ապաստան տրամադրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, եթե դա նրան անհրաժեշտ լինի: Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահի ավագ խորհրդական Աստա Սկայսգիրիտեն, ըստ Delfi պարբերականի։ «Բնական է, որ Լիտվան ապաստան կտար, եթե նման անհրաժեշտություն առաջանար, սակայն այս պահին նախագահ Զուրաբիշվիլին շատ պարզ հասկացրել է, որ ինքն իր ժողովրդի հետ միասին կանգնելու է Թբիլիսիում», – նշել է Սկայսգիրիտեն` LNK հեռուստաընկերության եթերում:
Վրաց հասարակության ընդվզման 6-րդ օրը` կեսգիշերից հետո Թբիլիսիում եւ Բաթումում դարձյալ իրավիճակը լարված էր. հատուկ ջոկատայինները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ կիրառեցին, բերման ենթարկելով ցույցերի մասնակիցներին: Այնուամենայնիվ, մինչեւ դեկտեմբերի 4-ի առավոտյան ցուցարարների հոծ խմբերը մայրաքաղաքի փողոցներում էին, որոնց իրենց աջակցությունն էին հայտնում վարորդները` ազդանշաններով։
Ակնհայտ է, որ մի քանի օր շարունակ, անգամ արցունքաբեր գազի եւ ջրցան մեքենաների կիրառման պայմաններում` վրաց հասարակությանը ճնշել չի հաջողվում: Երկրի տարբեր քաղաքներում վրացիներն անկոտրում պայքարում են Վրաստանի եվրոպական ապագայի համար:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 05.12.2024