Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի հաջորդ նախագահին ո՛չ ժողովուրդն է ընտրելու, ո՛չ խորհրդարանը

Դեկտեմբեր 06,2024 14:00

Դեկտեմբերի 14-ին Վրաստանում նոր նախագահ կընտրեն։ Սալոմե Զուրաբիշվիլուն փոխարինման եկող նախագահին առաջին անգամ կընտրի ոչ թե վրաց ժողովուրդը, այլ 300 անդամից բաղկացած ընտրական կ150 պատգամավոր + 150 վարչատարածքային ներկայացուցիչ

Ընտրական կոլեգիայի 300 անդամների ուղիղ կեսը խորհրդարանի 150 պատգամավորներն են։ Մյուս կեսը Վրաստանի վարչատարածքային բաժանումների ներկայացուցիչներ են՝ Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն Խորհրդի 20 պատգամավոր, Աջարիայի Ինքնավար Հանրապետության 21 պատգամավոր եւ տեղական ինքնակառավարման մարմինների 109 անդամ։

Այն թեկնածուն, որը կարժանանա ընտրիչներից առնվազն 200-ի հավանությանը, կընտրվի պետության գլուխ։ Թեկնածուներից որեւէ մեկի կողմից բավարար թվով ձայներ չհավաքելու դեպքում, առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ կանցկացվի ընտրության երկրորդ փուլ։ Այստեղ կհաղթի երկու թեկնածուներից առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն։

«Շատ քաղաքացիներ նոր են իմանում ընտրության ձեւի փոփոխության մասին». Թբիլիսիի բնակիչ

«Առավոտի» հետ զրույցում Թբիլիսիի բնակիչ Աննա Կիրակոսյանը մանրամասնեց, որ վրացիներից շատերը բացասաբար են վերաբերվում նախագահի ընտրության նոր կարգին։

«Բայց այս հարցը առաջնային չէ՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով։ Շատ քաղաքացիներ նոր են իմանում ընտրության ձեւի փոփոխության մասին»,- պատմում է Աննա Կիրակոսյանը։

Թբիլիսիի «Դինամո»-ի եւ «Մանչեսթր Սիթի»-ի «ազնիվ, արդար, հայրենասեր»

հարձակվողը՝ հավանական նախագահ Նախագահին ընտրելու կարգը որոշվել է խորհրդարանի կողմից 2017-ին Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն մտցնելու արդյունքում։

Դեկտեմբերի 4-ի դրությամբ նախագահության համար առաջադրված է մեկ թեկնածու՝ իշխանական Միխեիլ Կավելաշվիլին, ով աչքի է ընկնում իր պահպանողական եւ սուր եվրոսկեպտիկ հայացքներով։

Կառավարող «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին Կավելաշվիլուն բնութագրել է որպես «ազնիվ, արդար, հայրենասեր մարդ, վրացի տղամարդու մարմնավորում»։

«Նա հիանալի ամուսին է եւ չորս երեխաների հայր։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ թիմը միաձայն որոշում է կայացրել Վրաստանի նախագահի պաշտոնում Միխեիլ Կավելաշվիլու առաջադրման վերաբերյալ։ Վստահ եմ, որ Միխեիլ Կավելաշվիլին ամբողջությամբ կվերականգնի նախագահական ինստիտուտից ժամանակավորապես խլված արժանապատվությունը»,-կարծում է Իվանիշվիլին՝ չթաքցնելով իր դժգոհությունը հեռացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուց։

Միխեիլ Կավելաշվիլին բոլնիսցի է։ Ծնվել է 1971-ի հուլիսի 22-ին։ Ֆուտբոլիստ է՝ հարձակվող։ Կարիերան սկսել է Թբիլիսիի «Դինամո»-ում՝ թիմում մնալով վեց տարի եւ խփելով 80 գոլ։ Խաղացել է նաեւ անգլիական «Մանչեսթր Սիթի»-ում, շվեյցարական «Ցյուրիխ»-ում, «Բասել»-ում։

2016-ին ընտրվել է պատգամավոր «Վրացական երազանք» կուսակցությունից, իսկ 2022-ին համահիմնադրել է «Ժողովրդի ուժը» կուսակցությունը։

Վրացի քաղաքագետ Նիկա Չիտաձեն նշում է, որ Վրաստանում այսօր քաղաքականություն է թելադրում միայն Բիձինա Իվանիշվիլին, եւ Կավելաշվիլու առաջադրումն էլ նրա միանձնյա որոշումն է։

«Ո՞վ է այսօր նախագահի թեկնածուն։ Մի մարդ, որը բարձրագույն կրթություն չունի»,- նշում է Չիտաձեն, շեշտում՝ Կավելաշվիլու ընտրությունը չի կարող լեգիտիմ համարվել, քանի որ լեգիտիմ չէ խորհրդարանը։

«Նախագահը ազգն է ներկայացնում». Աննա Կիրակոսյան

Մեր հարցին՝ արդյո՞ք ժողովրդին հետաքրքրում է, թե ով է զբաղեցնում նախագահի պաշտոնը՝ հաշվի առնելով կառավարման պառլամենտական համակարգը, Թբիլիսիի բնակիչ Աննա Կիրակոսյանն ասաց՝ ամեն դեպքում կարեւորություն տալիս են այդ հարցին։

«Նախագահը ազգն է ներկայացնում թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հանրության մեջ։ Այսօր ուզում են նախագահ նշանակել մի մարդու, ով նույնիսկ իններորդ դասարանը չի ավարտել։ Սա շատ վատ է ընկալվում ժողովրդի կողմից»,-«Առավոտին» պատմեց Աննան։

2022-ին «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը դիմել էր խորհրդարան՝ ճշտելու պատգամավոր Կավելաշվիլու կրթության աստիճանը։ Օրենսդիր մարմնի աշխատակազմից փոխանցել էին, որ խորհրդարանում նման տեղեկատվության չեն տիրապետում, հիշեցնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Ինտրիգներ

Պաշտոնավարումն ավարտող Սալոմե Զուրաբիշվիլին նոյեմբերի 30-ի երեկոյան ժողովրդին հղած ուղերձում հայտարարեց, որ շարունակելու է մնալ նախագահ, քանի որ «չկա լեգիտիմ խորհրդարան», որը կընտրի իրեն փոխարինողին։

Ավելի վաղ, Զուրաբիշվիլին հայտնել էր, որ նրա եւ ընդդիմության կողմից «կեղծված» որակված խորհրդարանի ընտրությունից հետո երկրում գործող միակ օրինական հաստատությունը նախագահությունն է։

Ավելին վրացական նախագահության մասին

Պետության գլխի պաշտոնին կարող է հավակնել ընտրելու իրավունք ունեցող, 40 տարին լրացած, առնվազն 15 տարի Վրաստանում բնակվող, միայն Վրաստանի քաղաքացիություն կրող յուրաքանչյուր ոք։

Հիմնականում արարողակարգային բնույթ կրող նախագահը կընտրվի հինգ տարի ժամկետով։ Նույն անձը որպես նախագահ կարող է պաշտոնավարել երկու անգամ։

Չնայած կառավարման պառլամենտական բնույթին, Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ պետության գլուխ նախագահը «երկրի միասնության եւ ազգային անկախության երաշխավորն է»։ Պաշտպանական ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը նախագահն է։ Նա է ներկայացնում Վրաստանը արտաքին հարաբերություններում։ Օրբելիանի պալատի ղեկավարը նաեւ պետության ներկայացուցիչն է Վրաց ուղղափառ եկեղեցու հետ հարաբերություններում։

Իրադարձությունների սահուն զարգացման դեպքում նորընտիր նախագահի երդմնակալության օր է նշանակված դեկտեմբերի 29-ը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031