Հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով մեղադրյալները ութ տարի նախնական կալանքի տակ գտնվելուց հետո ազատ են արձակվել։
Հիշեցնենք, որ 58-ամյա Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016թ. հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում է 5 անձ՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը:
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ մասերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):
Ըստ մեղադրանքի` սպանված Եղիշե Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծել, ապա դեպքի վայր են եկել Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է: Ըստ գործի նյութերի՝ դեպքի ժամանակ Եղիշե Խաչատրյանի հետ մեքենայում է եղել նաև նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը, և միջադեպը տեղի է ունեցել մոր աչքի առաջ:
Կարդացեք նաև
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում