Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահները հիշել են 2023-ին Հովիկ Աղազարյանի որդու ընկերության ներկրած մեքենայի մեջ հայտնաբերված թմրանյութը

Դեկտեմբեր 05,2024 22:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ես բջջային խոսակցությունների գաղտնազերծմանը մասնակցել եմ, որեւէ ինտիմ բնույթի խոսակցություն չի էլ եղել: Այս մասին Aravot.am-ին ասաց ՔՊ-ից հեռացված ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի պաշտպանը՝ Հակոբ Ճարոյանը:

«Իրենք փորձել են հետաքրքրություն սերմանել լսողների մոտ, թե բա Աղազարյանը էս-էս ձեւի բաները խախտել է, բայց որ հարցնես` ինչի մասին է խոսքը ու որտեղից քեզ այդ տեղեկությունը, կընկնեն «տուպիկ» (փակուղի.-խմբ.): Որովհետեւ չեն կարող նմանատիպ բաներ ձեզ ներկայացնել: Համարեք, որ հետաքրքրություն շարժելու համար է այդ ամենը, որ Ալեն Սիմոնյանն ասում է՝ ես ապշեցի, սարսափեցի, շոկի մեջ եմ եւ այլն, թող ասի՝ ինչ բառապաշար էր, ինչ է լսել, որ շոկի մեջ է եղել ու որոշել է խեղդել եւ այլն: Վերջիվերջո, իրենք խոսքեր ասում են, բայց տակը հիմնական նյութը չեն դնում: Որեւէ տեղեկություն բարոյական տեսակետից չկա, ինչ-որ իրենք են ներկայացնում»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Աղազարյանին խեղդելու ցանկություն է ունեցել նրա հետ կապված վերջին բացահայտումներից հետո:

Փաստաբանը նկատեց, որ բացի այն հայտնի քրեական գործերից, որոնց որպես վկա առնչվում է Աղազարյանը՝ մանր եղջերավոր կենդանիների արտահանման ընթացքում հովանավորչության և ենթադրյալ կաշառքի վերաբերյալ գործն ու ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հայտարարության հետքերով նախաձեռնված քրեական վարույթը, կարծես թե նոր քրեական վարույթներ են հասունանում:

Աղազարյանի շուրջ ստեղծված սկանդալից հետո իրավապահները հիշել են 2023-ի մայիսին Հովիկ Աղազարյանի որդու ընկերության ներկրած մեքենայում հայտնաբերված թմրանյութը: Ըստ փաստաբանի. «Թմրանյութն այնքան չնչին է եղել, որ առնվազն մեկ ու կես տարի դրա հետ կապված որեւէ գործողություն չեն արել: Երբ Հովիկ Աղազարյանը որոշեց մանդատը վայր չդնել, դրա մասին հիշեցին ու որոշեցին նախաքննություն անել: Կանչել են հարցաքննության, առայժմ տեղյակ չենք՝ կա քրեական վարույթ, թե՝ ոչ»:

Փաստաբանը նկատեց, որ Աղազարյանի որդու գործընկերոջ անցած տարվա ստացած ծանրոցն էլ են այս տարի իրավապահները հիշել՝ կրկին թմրանյութի դեպքով: Փաստաբանը պնդում է, որ իրավապահները ծանրոցի պարունակությունը թմրանյութ են կասկածում, մինչդեռ բժշկի նշանակմամբ այդ անձը որպես դեղ է այն օգտագործում:

Ինչ վերաբերում է պետական գաղտնիք հայտնելու իշխանությունների պնդումներին՝ փաստաբանը վստահեցրեց՝ որեւէ փաստ, վերաբերելի ապացույց չեն կարող բերել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031