Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը Գյումրիում անցկացվող նախնական ընտրությունները՝ «փրայմերիզը», համարում է «ֆեյք ընտրություն»։
Ըստ նրա, մոլորեցնող բառերով խառնաշփոթ են ստեղծում հանրապետության երկրորդ քաղաքում՝ տպավորություն ստեղծելով, թե ՏԻՄ ընտրություններ են։
Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Մալխասյանն ասաց․ «Պնդում եմ, որ ֆեյք ընտրություններ են, ինչո՞ւ, որովհետև ամենաբարձր մակարդակով նշվել է, որ Գյումրիում անցկացվելու են քաղաքապետի ընտրություններ։ Սակայն հանրությանն իրազեկեմ, որ Գյումրիում եթե ընտրվելու էլ է համայնքի ղեկավար, ապա առաջնահերթ անցկացվելու են ավագանու ընտրություններ, հետո նոր ավագանու կազմից ընտրվելու է համայնքի ղեկավար։
Դրա համար հենց այդ բնորոշումը տվել եմ, որ ֆեյք ընտրություն է այդ «փրայմերիզ» կոչվածը, մոլորեցնող ձևակերպումներով այսօր փորձում են գյումրեցիներին մոլորեցնել։
Կարդացեք նաև
Ինչքան բացատրում ենք մարդկանց, նորից զանգում են ու զարմացած հարցնում՝ ինչո՞ւ որոշակի թեկնածուներ, այդ թվում նաև ես չեմ մասնակցում «փրայմերիզին»։
Կրկնեմ, որ բոլորն իրազեկվեն, սրանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հարցերն են, որոնք հանրայնացրել են։ Իմ կարծիքով պատճառը հանդիսացել է այն, որ միասնականություն, համախմբվածություն չեն ունեցել, փորձում են ժողովրդի միջոցով իրենց թեկնածուն ընտրել, թե ժամանակավոր պաշտոնակատար ում են նշանակելու»։
Հարցին՝ օրենսդրական փոփոխությունները դեռ վավերացված չեն, մինչդեռ դեկտեմբերի 10-ին հայտնի կդառնա Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի անունը, սա արդյոք անօրինական չէ՞, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը պատասխանեց․ «Այո, սա էլ մեկ խնդիր է․ նշվում է, որ «փրայմերիզ» կոչվածի արդյունքներով կնշանակվի պաշտոնակատարը։
Այս պահին գործող օրենքի կարգավորումներով կառավարությունը կամ վարչապետն այդ լիազորությունը չունեն։ Ամբողջ քաղաքը էլի խառնվել է իրար, գնում է մի գործընթացի մեջ, որը օրենքով կարգավորված չէ։
Իրենք ամեն քայլափոխի, ամեն մի հարցազրույցի ու ելույթի ժամանակ նշում են, որ համայնքի ղեկավարը գործառույթ ունի իրականացնելու ու դա չիրականացնելու պարագայում հնարավոր չէ ընտրությունները կազմակերպել։ Այո, շատ ճիշտ է, համայնքի ղեկավարն ունի գործառույթ, բայց այն կապված է անվճար գովազդների տեղադրման հետ, թե որ տեղերն են անվճար տրամադրվելու և ընտրատեղամասերի կահավորման հետ։ Բայց այդ պատճառաբանությամբ չի կարելի փոխել օրենքի այն հոդվածը, որը իրենց հնարավորություն կտա նշանակել պաշտոնակատար, և այդ պաշտոնակատարն էլ հետագայում զբաղվի կամ իր կամ «Քաղաքացիական պայմանագրի» ընտրություններով։
Կարելի էր փոխել օրենքի այն հոդվածը, որը հնարավորություն կտար մարզպետին կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին լուծելու այդ տեխնիկական խնդիրները»։
Մեր հարցին՝ «փրայմերիզը», որը մեծամասնական ընտրակարգ է հիշեցնում, թշնամություն չի առաջացնի՞ թեկնածուների միջև, հենց ՔՊ-ի կուսակցության ներսում, Կարեն Մալխասյանը պատասխանեց․ «Ես չէի ուզի անդրադառնալ՝ թշնամություն կառաջանա, թե ոչ, դա մարդկային որակների հետ է կապված՝ իրենց կուսակցության կազմակերպչական աշխատանքների հետ։ Ուզում եմ անդրադառնալ այն հարցին, որ իրենք իրենց հետ էլ ազնիվ չեն։ Ինչո՞ւ․ նրա համար, որ հայտարարվեց՝ կարող են իրականացնել քարոզարշավ, բայց թե որ օրենքի հոդվածով, ինչ ձևաչափով,թեկուզ այդ ձևաչափը որտեղ է գրված, ինչ ընթացակարգերով է իրականացվելու։ Այսօր 7 թեկնածուներ ունեն, 7 թեկնածուներից երկուսը զբաղեցնում են քաղաքական պաշտոն՝ Ազգային ժողովի պատգամավոր են, 4 թեկնածուն հանրային ծառայող են, այսինքն՝ պետական ծառայող են, մեկը՝ չի աշխատում։ Այսինքն՝ մյուս վեցը գերակա դիրքում են գտնվում այդ մեկի նկատմամբ։ Հետաքրքիր է՝ այդ հանրային ծառայողները, Ազգային ժողովի պատգամավորները իրենց աշխատանքի վայրում են գտնվում, որ պարտադիր բնույթ է կրում, թե՞ զբաղված են քարոզարշավով։
Ինքս եղել եմ հանրային ծառայող, արձակուրդի մեջ եմ գտնվել։ Դրա համար եմ ասում՝ իրենք իրենց մեջ նույնիսկ ազնիվ չեն, այդ մեկի նկատմամբ ազնիվ չեն, ուր մնաց մյուս քաղաքական ուժերի, որովհետև այս պահի դրությամբ իմ կարծիքով՝ իրականացվում է թաքնված քարոզարշավ, կուսակցության քարոզարշավն է, այստեղ անձերն էլ կարևոր չեն։
Կոնկրետ ՔՊ-ի քարոզարշավն է, մարդկանց ներկայացվում է կուսակցությունը՝ տարբեր մարդկանց դեմքերով, վերջը օրենքը փոխելու են, գնում են այդ ճանապարհով, որը վիճարկելի է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ