Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Դավիթ Գյուրջյան. «Վերասոցիալականացման հանձնաժողովի գործունեությունը ձեւական երեւույթ է, չարիք՝ քրեակատարողական համակարգում»

Դեկտեմբեր 05,2024 21:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացավ դատապարտյալ Գագիկ Եղիազարյանն ընդդեմ Նուբարաշեն ՔԿՀ-ի գործով դատական նիստը:

Դատապարտյալը  բողոքում է քրեակատարողական հիմնարկների արատավոր պրակտիկայի, օրենսդրական հակասությունների ու բացերի, անձնակազմերի անձեռնահասության եւ պատժողական մոտեցումների դեմ, ըստ նրա, նաեւ քաղաքական պատվերների շրջանակներում:

Լրատվամիջոցներից դատական նիստը լուսաբանելու նպատակով այն տեսանկարահանելու, լուսանկարահանելու միջնորդության վերաբերյալ հայցվոր եւ պատասխանող կողմերի համաձայնությունն ստանալուց հետո նախագահող դատավորը հատկացրեց ընդամենը 10 րոպե՝ հիմնավորելով, որ դա բավարար է հրապարակումների համար անհրաժեշտ կադրեր ստանալու համար:

Դատական վճռով պատիժը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրող Գագիկ Եղիազարյանի դատարան ներկայացրած բողոքը վերաբերում է ռեժիմի փոփոխմանը: Նրա փաստաբան Դավիթ Գյուրջյանը Aravot.am-ին ասաց, որ դրա հետ կապված ՀՀ-ում լուրջ խնդիրներ կան: «Սա միայն Գագիկ Եղիազարյանի դեպքը չէ: Քրեակատարողական օրենսդրությունը նախատեսում է, որ որոշակի ժամկետ պատիժը կրելուց հետո դատապարտյալների պահման պայմանները՝ ռեժիմը, պետք է փոփոխվի ավելի նվազ խիստ պայմանների: Իհարկե, եթե անձը չի դրսեւորում բացասական վարքագիծ  եւ չունի համապատասխան տույժեր: Խոսքն այն մասին է, որ բոլոր դեպքերում, երբ անձը չունի իր նկատմամբ կիրառված որեւէ պատասխանատվության միջոց ու տույժեր, դա պետք է մեկնաբանվի, որ անձը ունի դրական վարքագիծ: Բայց ՔԿՀ-ներում նման կերպ չեն մեկնաբանում: Ու ըստ էության շատ դեպքերում ժամանակին չեն փոխում անձանց պահման պայմանները՝ պայմանավորված նրանով, որ որոշման հիմքում դնում են վերասոցիալականացման հանձնաժողովի, այսպես կոչված, եզրակացությունը, որտեղ նշում են, թե անձը, ենթադրենք, պայմանավորված այն հանգամանքով, որ չի աշխատել կամ չի մասնակցել ինքնագործ միավորումներին, դրանով նրա վարքագիծը գնահատվում է բացասական: Այնինչ, ինքը որեւէ բացասական գործողություն չի կատարել: Այսինքն, իր կողմից դրսեւորած նեյտրալ վարքագիծը գնահատում են որպես բացասական եւ ռեժիմը չեն փոխում:

Կրկնում եմ, սա միայն Գագիկ Եղիազարյանի դեպքին չի վերաբերում, բազմաթիվ նման դեպքեր են արձանագրվել: Եվ ընդհանրապես, այդ վերասոցիալականացման հանձնաժողովի գործունեությունը ձեւական երեւույթ է, չարիք՝ քրեակատարողական համակարգում:

Սրա մասին է մեր գործի այսօրվա քննությունը: Մեր միջնորդությունները վերաբերում են բողոքի հիմքերի լրացմանը եւ  նաեւ որոշակի լրացուցիչ ապացույցների ներկայացմանը, որոնք մենք չենք գտել անձնական գործում»,-ասաց փաստաբանը:

Վաղօրոք նաեւ այլ դատական նիստեր նշանակված լինելու պատճառով դատավոր Գագիկ Պողոսյանն այսօրվա նիստը հետաձգեց: Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 30-ին, ժամը 16:00-ին:

Նիստի ավարտին դատախազը հանդես եկավ հարց-հայտարարությունով առ այն, որ մեղադրյալը դատարան է ներկայացել քաղաքացիական հագուստով, թեեւ քաջատեղյակ պետք է լիներ, որ կալանավորը միշտ պետք է կրի միասնական նմուշի համազգեստ: Սրան դատավոր Գագիկ Պողոսյանը հակադարձեց, որ գնան եւ պարզեն, թե ՔԿՀ-ում ինչի են թողել, որ դատապարտյալը քաղաքացիական հագուստ կրի:

«Դա սադրիչ գործողություն էր: Ճիշտ է, դատախազի իրավասության ներքո է վերահսկողությունը ՔԿՀ-ների եւ դրանցում դատապարտյալների վարքագծի եւ ՔԿՀ կարգապահության շուրջ հարցերի նկատմամբ, բայց այսօրվա հարց-հայտարարությունն, ըստ էության, ավելի շատ պատժիչ գործողության սպառնալիք էր: Սա արդեն հինգերորդ դատական նիստն է ու մինչեւ այժմ որեւէ դատախազ չի հիշել այդ հարցի մասին: Դատապարտյալ անձի կողմից տվյալ պահանջները կատարել-չկատարելը վերահսկվում է նախ եւ առաջ ՔԿՀ կողմից: Եվ դատարանը շատ ճիշտ հարց բարձրացրեց: Եթե թույլատրել են, որ անձը ՔԿՀ-ից դուրս գա քաղաքացիական հագուստով, ի՞նչ առարկություն կարելի է ներկայացնել անձին: Թող գնան եւ քննարկեն ՔԿՀ վարչակազմի գործողություններում կարգապահական պատասխանատվության հիմքերը: Ի վերջո, մենք գործ ունենք պետության հետ. պետությունը, ի դեմս ՔԿՀ-ի ներկայացուցչի, թե դատախազի: Եթե պետությունը դա թույլատրվել է մի փուլում, չի կարող պետության մի այլ մարմին գա, ասի, թե ինչի ես քաղաքացիական հագուստով: Սա տրամաբանությունից դուրս է»,-պարզաբանեց փաստաբանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031