Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են պարսկերենի ուսուցման զարգացման հնարավորությունները

Դեկտեմբեր 05,2024 19:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Սաադի» հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, պատվիրակության այլ անդամներ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև տարբեր ուղղություններով առկա համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կարևորությունը, որի համատեքստում դիտարկվում է նաև պարսկերենի ուսուցման զարգացումը: Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի 13 դպրոցներում իրականացվում է պարսկերենի ուսուցում: Կողմերը կարևորել են ՀՀ դպրոցներում պետական կրթական չափորոշիչներին համապատասխան պարսկերենի ուսուցման զարգացման և ընդլայնման հնարավորությունները:

Քննարկվել են նաև ուսուցիչների վերապատրաստման ու փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԻԻՀ «Սաադի» հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելն ընդգծել է երկու պետությունների միջև պատմականորեն ձևավորված սերտ առնչություններն ու բարեկամական հարաբերությունները: Նրա խոսքով՝ Հայաստան այցի շրջանակում լինելով երևանյան դպրոցներից մեկում, որտեղ ավելի քան 400 սովորող պարսկերեն է ուսումնասիրում, կարող են միանշանակ փաստել, որ լեզվի ուսուցման մակարդակն այստեղ իսկապես ամուր հիմքերի վրա է դրված։ Ղոլամ Ալի Հադդադի Ադելը բարձր է գնահատել տարածաշրջանային լեզուների ուսուցում իրականացնելու ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ նշելով, որ այն ոչ միայն լեզվի, այլև հարևան պետությունների միջև մշակութային ճանաչողության հիմք է ստեղծում:

Քննարկվել են նաև պարսկերենի առցանց դասընթացի կազմակերպման և Իրանում պարսկերենի ուսուցման համար կրթաթոշակային ծրագրի իրականացման հնարավորությունները:

Քննարկվել է նաև ՀՀ պետական բուհերի հետ համագործակցության զարգացման հնարավորությունը՝ կարևորելով փորձի փոխանակման և համատեղ ծրագրային նախաձեռնությունների իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրության ներկայացնող այլ հարցեր, մասնավորապես՝ գրահրատարակչական, թարգմանչական համատեղ նախաձեռնությունների իրականացման վերաբերյալ:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031