Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյան, եթե դու 2018-ին հայտարարեիր, որ գալիս ես Արցախը տալու, անգամ Չալոն քո կողքը չէր կանգնի եւ քեզ տեղում կկալանավորեին»

Դեկտեմբեր 05,2024 17:22

«Ժողովրդավարություն եւ անվտանգություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում ամփոփելով վերջին շաբաթը՝ դիմեց հանրությանը: «Վատ լուր ունեմ, սիրելի հայրենակիցներ: Պատերազմը, կարծես թե, անխուսափելի է: Եվ հերթական պատերազմի դուռը, ինչպես 2020 թվականին, այս անգամ եւս, բացեց Նիկոլ Փաշինյանը իր մի քանի հայտարարություններով:

Եվ այսպես, հայտարարություն, որ իր ձախողումն այն էր, որ 2018 թվականին չկանգնեց ու չասաց, որ գալիս է Արցախը Ադրբեջանին տալու: Դու անամոթաբար ստում ես, որովհետեւ եթե դու 2018-ին այդպիսի հայտարարություն անեիր, անգամ Չալոն (փողոցային շունը, որն ուղեկցում էր Գյումրիից Երեւան քայլող Փաշինյանի խմբին.-խմբ.) քո կողքը չէր կանգնի եւ քեզ տեղում կկալանավորեին»,-ասաց տիկին Զոհրաբյանը եւ հրապարակեց 2018 թվականի մայիսի 8-ին ԱԺ-ում վարչապետ ընտրվելու ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որ ինքը գալիս է՝ ճանաչելու, ու նաեւ մոտ է Արցախի անկախության ճանաչումը:

«Նախ եւ առաջ ուզում եմ շնորհավորել բոլորիս Շուշիի ազատագրման տարեդարձի առիթով: Մեծ խորհրդանիշ կա այստեղ, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության՝ դե յուրե հաղթանակը պիտի արձանագրվի այսօր՝ Շուշիի ազատագրման տարեդարձին: Հիմա այս բարձր ամբիոնից ես հայտարարում եմ, ուզում եմ ուղերձ հղել, իմ զորակցությունը հայտնել Արցախի Հանրապետությանը եւ նրա հերոսական ժողովրդին: Սիրելի արցախցիներ, համոզված եղեք, որ Արցախի ժողովրդի եւ Արցախի պետականության, Արցախի անկախության ճանաչման համար այս հեղափոխությունը նոր դուռ է բացել: Եվ այս ամենը մեզ լավատեսություն է ներշնչում, որ Արցախի ինքնորոշման եւ դե յուրե միջազգային ճանաչումը շուտով տեղի կունենա»:

Սա Նիկոլն է հայտարարել, սա այն Նիկոլի ելույթն է, որն ասում է՝ ինքը միշտ էլ իմացել է, որ Արցախը Ադրբեջան է: Նշանակում է, որ նա 2018 թվականին խաբեությամբ զավթել է վարչապետի պաշտոնը, որովհետեւ նա ասում է, որ 2018-ին արդեն գիտեր, որ Արցախը տալու է Ադրբեջանին: Եվ իր ելույթում ասում է, որ այս հեղափոխությունը նոր հնարավորություն է ստեղծում Արցախի այլեւս դե յուրե միջազգային ճանաչման համար:

Ավելին, 2018-ից 2023 թվականներին Հայաստանի կառավարությունը Արցախ-Հայաստան միջպետական համաձայնագրի շրջանակում պետական բյուջեից ամեն տարի վարկ է տրամադրել Արցախին այն դեպքում, երբ որ երկու օր առաջ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ասում էր. ի՞նչ է Արցախը, Արցախը պետությո՞ւն է: Չէ պետություն չի եղել:

Բա որ պետություն չի եղել, բայց 2018-ից 2023 թվականներին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջպետական համաձայնագրի հիման վրա Հայաստանի բյուջեից Արցախի պետության բյուջեին գումար ես փոխանցել, իմանալով, որ Արցախը Ադրբեջան է, ուրեմն` Հայաստանի կառավարությունը գողացել է պետական բյուջեի փողերը եւ տվել է Ադրբեջանին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031