Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հաստատել է Մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը և չափը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից արդեն իսկ 4 ուղղություններով (ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ) մեկնարկել է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման գործընթացը: Վերապատրաստման գործընթացը ավարտվել է, իսկ ատեստավորումը իրականացվել է նոյեմբերի 30-ին: Ատեստավորման արդյունքում ներքոնշյալ արդյունք ցուցաբերած մանկավարժները համապատասխան որոշման նախագծի կստանան հավելավճարներ՝ ատեստավորման 90-100 տոկոս, ատեստավորման 80-89 տոկոս, ատեստավորման 70-79 տոկոս:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այդ 4 ուղղություններով վերապատրաստվել է քոլեջներում աշխատող շուրջ 361 աշխատող. արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 6-ին: Բայց, ըստ նախարարի, նախնական արդյունքները ցույց են տալիս, որ շատերը հաջողությամբ հաղթահարել են ատեստավորման գործընթացը։ «Կառավարության որոշման այս նախագծով մենք սահմանում ենք ատեստավորման արդյունքում ատեստավորված աշխատակիցների նկատմամբ գործող խրախուսման ձևերը, որոնք համանման են հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման համակարգի պարագայում գործող խրախուսման համակարգին: Մասնավորապես, 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած աշխատակիցների համար դրույքաչափը սահմանվում է 200 հազար դրամ՝ մեկ դրույք զբաղվածության պարագայում: 70 տոկոս ու ավելի բարձր արդյունքներ գրանցելու պարագայում, արդեն, բացի դրույքաչափից, կիրառվում են նաև հավելավճարներ. 70-79 տոկոսի պարագայում՝ 30 տոկոս հավելավճար, 80-89 և ավելի տոկոսի պարագայում ՝ 40 տոկոս հավելավճար, և 90-100 տոկոս արդյունքի պարագայում՝ արդեն 50 տոկոս հավելավճար, որը գումարվում է 200 հազար դրամ դրույքաչափին։ Ընդ որում՝ պետք է նշեմ, որ եթե դպրոցներում ուսուցիչների նվազագույն աշխատավարձի սահմանման լրացուցիչ կարգավորում կա, այստեղ նման բան չի գործում, և այս համակարգում աշխատավարձերը շատ ավելի ցածր էին: Հաճախ դասավանդողները նվազագույն աշխատավարձին համարժեք վարձատրություն էին ստանում և այստեղ մենք ավելի քան կրկնապատկելու ենք այս ձևով համակարգում մանկավարժական աշխատողների վարձատրությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը տեղեկացրել է նաև, որ ատեստավորման արդյունքում արդեն իսկ դեկտեմբերին նախատեսվել է, որ հաջող արդյունք ցուցաբերածները կստանան համապատասխան հավելավճարներն ու դրույքաչափի փոփոխությամբ պայմանավորված վարձատրությունը։ «Նաև այս կարգով հաստատում ենք տարակարգի դեպքում խրախուսման համակարգը։ Տարակարգի կարգը նույնպես հաստատվել է նախարարի հրամանով. տարակարգը կգործի հաջորդ տարվանից, և սա էլ հավելյալ հնարավորություն է տալու 20, 30 և 50 տոկոս հավելավճարներ ստանալ: Նույն տրամաբանությամբ ատեստավորման միջոցով ստուգվում է մասնագիտական գիտելիքը, տարակարգի միջոցով արդեն՝ մանկավարժական հմտությունները։ Եվ որպես արդյունք՝ կարծում ենք, որ ՄԿՈՒ համակարգում մենք կունենանք որակյալ կադրեր՝ ոլորտը համալրելով նոր կադրերով, և կբարձրացնենք աշխատանքի գրավչությունը»,-նշել է Ժաննա Անդրեասյանը։
Կարդացեք նաև
Որոշման հետ կապված վարչապետը նշել է, որ սկզբունքորեն իրականացվող բոլոր գործողությունների արդյունքում այս տարի և մյուս տարի մոտ 200 տոկոսի հավելավճարի բարձրացում կարող է տեղի ունենալ: ԿԳՄՍ նախարարն արձագանքելով՝ նշել է, որ պաշտոնական արդյունքներն ամփոփելուց հետո, մինչև տարեվերջ կհրապարակվի փաստացի, թե ինչպես է փոխվում ուսուցիչների աշխատավարձը, և ընդգծել, որ մինչև 200 տոկոս բարձրացումը բավականին հավանական է:
Որոշման շրջանակում ներառվել են նաև քոլեջները: Վարչապետն այն համարել է շրջադարձային կետերից մեկը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում, որը պլանավորվել է կրթության ոլորտի մինչև 2030 թվականը զարգացման ռազմավարության մեջ: «Մենք կարծում ենք, որ մարզերում շատ պետք է ուժեղացնել հենց քոլեջների ենթակառուցվածքը՝ նաև հաշվի առնելով տվյալ մարզի սպեցիֆիկային աշխատանքի շուկայի առանձնահատկությունները»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ներքին միգրացիոն հոսքերի տրամաբանությամբ շատ դեպքերում մարզերից միգրացիայի պատճառ կրթությունն է դառնում:
Վարչապետի խոսքով՝ մարզերում, խոշորացված համայնքներում անհրաժեշտ է զարգացնել քոլեջների համակարգը, որն ի սկզբանե նախագծված լինի այնպես, որպեսզի մարզի այն բնակիչը, ով կցանկանա այդ կրթությունը ստանալ, հենց տեղում աշխատանք գտնելու հնարավորություն ստանա: «Այսինքն՝ մեր ռազմավարության առաջնային նպատակն այն է, որ ուսանողը տեղում քոլեջում սովորի և հաջորդիվ՝ հենց տեղում հնարավորություն ունենա աշխատել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Երկրի ղեկավարն այս որոշումը կարևորել է նաև Կառավարության ռազմավարության տրամաբանությամբ՝ համակարգի լոկոմոտիվը, տանող ուժը դասախոսական կազմն է, որի զարգացման շատ կարևոր խթան է այսօր սահմանվում:
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է, թե իրականացված որոշակի քայլերի արդյունքում քոլեջներում ընդունելության ինչպիսի ցուցանիշներ են գրանցվել: «Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Նաև շղթայական ցույց տամ, թե մեր վերջին մի քանի քայլով համակարգում արդեն որակապես զարգացման ինչպիսի ցուցանիշներ ունենք. մասնավորապես՝ նախորդ տարի համակարգում ներդրեցինք որոշակի գերական ուղղություններով կրթաթոշակի հնարավորություն, որոնք ընդգրկում են արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության ոլորտները: Եվ այստեղ ուսանողներն ընդունվելու պարագայում ամսական 50 000 դրամ կրթաթոշակի հնարավորություն են ստանում: Եվ մենք տեսնում ենք արդեն երկրորդ տարին է, որ ընդունելությունն իրականացվում է այս պայմաններում, և պետք է ասեմ, որ արդեն իսկ մենք ունենք ՄԿՈՒ համակարգում սովորող ավելի քան 45 000 ուսանող: Եվ այս տարվա ընդունելությունն եղել է ավելի քան 14 000-ը: Կարելի է ասել, որ բուհերին համեմատ ընդունելություն ենք իրականացրել: Ու հատկապես ուրախացնում է, որ գերակա ուղղություններով մեր արհեստագործական կրթական ծրագրերում սովորողներն էապես աճել են: Հիմա մրցութային ընդունելություն ենք գրանցում այն ծրագրերի համար, որտեղ տարիներ շարունակ նույնիսկ անվճար տեղերը չէին համալրվում բավարար դիմումների քանակ չունենալով: Համակարգի զարգացման համար ևս մի կարևոր քայլ էր տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հնարավորությունը: Մենք նման տարբերակ ունենք դպրոցների պարագայում, քոլեջներում ևս ուսանողներին այդ հնարավորությունն ընձեռելով մենք տեսնում ենք, որ սա նաև գյուղերում բնակվող երեխաների համար ավելի հասանելի է դարձել, օրինակ, մոտ քոլեջ գնալ, սովորել և հետ գալը: Եվ այդ իմաստով նույնպես դրական տենդենց ենք տեսնում»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:
Վարչապետն այս համատեքստում կարևորել է կատարված աշխատանքի պատշաճ ներկայացումը հանրությանը, որը խոսում է ռազմավարական կոմունիկացիայի պրոբլեմի մասին:
Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձել է նաև հանրության շրջանում աշխատավարձի՝ «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումներին։ «Այսինքն՝ ստանում ենք 500 հազար դրամ աշխատավարձ և դրանից 20 տոկոս եկամտային հարկ պետք է վճարենք։ «Կեղտոտն» այն է, որ եկամտային հարկ ենք վճարում, ու այստեղ հարկի նկատմամբ դա վերաբերմունք է արտահայտում։ Հետո էլ այստեղից հարկ վճարելու նկատմամբ է վերաբերմունքն ձևավորվում: Աշխատավարձի եկամտային հարկը գնում է բյուջե, այդ թվում ծառայում, օրինակ՝ այդ նույն քոլեջի, ճանապարհի, տանիքի կառուցմանը: Սա ընտանեկան բյուջեի տրամաբանության շատ վառ և պատկերավոր արտահայտությունն է: Այդ ձևակերպումներն արտահայտում են ընդհանուր առմամբ մեր մտածողությունը, մեր սոցիալ-հոգեբանությունը: Սա էլ է պետության և ապապետության արանքում, ինչպես՞ կարող ես դու քո պետության համար գումարի մասհանումն այդպիսի վերնագրի ներքո ներկայացնել և նման բառապաշարով ներկայացնել: Բայց մենք դա անում ենք»:
Վարչապետը նշել է նաև, որ սա ևս պրոբլեմի արտահայտություն է, բայց նաև պրոբլեմի պատճառ է։ Նա ընդգծել է այդ խնդիրների գույքագրումն ու օրակարգի հարց դարձնելու անհրաժեշտությունն ուն կարևորությունը։
Կընդլայնվի ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շահառուների շրջանակը
Գործադիրն ընդունել է որոշում՝ վարչապետի հանձնարարականի հիման վրա համայնքներին հատկացվող սուբվենցիաների փոխարեն ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում լիզինգով սարքավորումներ, այդ թվում՝ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցներ ձեռք բերելու հնարավորություն տրամադրելու, ինչպես նաև ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքները ձեռք են բերում տարբեր սարքավորումներ, մեխանիզմներ, գյուղատնտեսական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, հիմնում են սառնարանային տնտեսություններ և այլն, մինչդեռ դրանց մեծ մասը հնարավոր է ձեռք բերել լիզինգային ծրագրերով, որոնց ծրագրերի շրջանակում ներկայումս հնարավոր է ձեռք բերել միայն գյուղատնտեսական տեխնիկա։ Ըստ այդմ՝ ծրագրում նախատեսվում են համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Մասնավորապես՝ ծրագրից օգտվող շահառուների շրջանակը լրացվում է համայնքներով՝ պայմանով, որ տվյալ լիզինգի առարկան նախատեսված չէ ձեռք բերել սուբվենցիոն ծրագրերով, ուժը կորցրած են ճանաչվում մարզի տվյալ բնակավայրում շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց շահագործելու նպատակով Էկոնոմիկայի նախարարության կողմից մեկից ավելի դիմումներին համաձայնություն տալու սահմանափակման և մարզի տվյալ բնակավայրում շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց շահագործելու նպատակով Էկոնոմիկայի նախարարության կողմից նախկինում ստացված դիմումի շրջանակներում տրամադրված համաձայնության հիմքով դիմումի մերժման պայմանները: Բացի այդ, ծրագրով սահմանված պահանջներով շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերած լիզինգառուի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մոնիթորինգը վերապահվում է շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի շահագործման վայրի մարզի համայնքին։ Արդյունքում՝ ծրագրից օգտվելու հնարավորություն կունենան նաև համայնքները, կընդլայնվի սպանդանոցային ծառայության մատուցման անհրաժեշտություն ունեցող բնակավայրերում ծրագրի շրջանակում ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող շահառուների շրջանակը, կապահովվի սպանդանոցային մորթի ծառայություններ մատուցող շահառուի կողմից ստանձնած սպանդանոցային մորթի ծառայությունների մատուցման պարտավորությունների կատարման նկատմամբ մոնիթորինգը։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս որոշմամբ առաջինը համայնքներին դարձնում ենք լիզինգի ծրագրի շահառու, և բոլոր տողերով իրենք կարող են մասնակցել ծրագրին: Այսինքն՝ ինչ նախատեսված է մյուս շահառուների համար, նաև համայնքները կարող են այս ծրագրի շրջանակում ձեռք բերել: Եվ մենք հատուկ շեշտադրում ենք անում շարժական շրջիկ սպանդանոցների համար: Մեր մարզպետները պետք է սահմանեն և հաստատեն, որ որոշ բնակավայրերում սպանդանոցի անհրաժեշտություն կա»:
Կառավարությունը հերթական գումարն է տրամադրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Կառավարության որոշմամբ 2024 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 3 մլրդ 845 մլն 273 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար: Արարատի մարզին կհատկացվի 336,6 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 395,7 մլն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 1 մլրդ 174 մլն դրամ, Լոռու մարզ՝ 167,9 մլն դրամ, Կոտայքի մարզ՝ 699,3 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 169,6 մլն դրամ, Սյունիքի մարզ՝ 690 մլն դրամ, Տավուշի մարզ՝ 211,2 մլն դրամ:
Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, գումար կհատկացվի 30 համայնքի 50 ծրագրի ֆինանսավորման համար: Որոշման արդյունքում՝ այս տարի համաֆինանսավորման համար պետբյուջեից ընդհանուր հատկացվել է 25,8 մլրդ դրամ:
Նիկոլ Փաշինյանը թվարկել է որոշմամբ ֆինանսավորվող ծրագրերը: Գումարը կուղղվի հետևյալ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը. Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս բնակավայրի 3-րդ թաղամասի թիվ՝ 1, 4, 13, Նոր թաղամասի թիվ 29 և 1 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում (ավարտված), Արարատ համայնքի Արարատ բնակավայրի Աբովյան 9, Կոմիտաս 2, Խանջյան 47, Շահումյան 63, ՈԿՖ բանավան 4, Արարատյան զանգվածի թիվ 1 շենքերի տանիքների վերանորոգում (կատարված է աշխատանքների 85%-ը), Արարատ բնակավայրի ԷՉԿ թաղամասի և Արմաշ բնակավայրի ջրամատակարարում (կատարված է աշխատանքների 70%-ը), Արարատ համայնքի Ավշար, Նոյակերտ, Սուրենավան, Արարատ, Արմաշ, Պ․ Սևակ, Ուրցալանջ, Վարդաշատ բնակավայրերի փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում լեդ լուսատուներով (կատարված է աշխատանքների 70%-ը), Արարատ համայնքի Արարատ, Ավշար և Պ․ Սևակ բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքներ (կատարված է աշխատանքների 90%-ը), Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ բնակավայրի համայնքապետարանի շենքի հիմնանորոգում (ավարտված), Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազաֆիկացում (կատարված է աշխատանքների 60%-ը), Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայրի մշակույթի տան հարակից պուրակի բարեկարգում (ավարտված), Արմավիր բնակավայրի Շահումյան փողոցի Արարատյան-Ջիվանի և Չարենց-Բաղրամյան հատվածների հիմնանորոգում (ավարտված), Մեծամոր համայնքի Ջրաշեն բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում (ավարտված), Խոյ համայնքի Դողս բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծի վերակառուցում (ավարտված), Լեռնամերձ բնակավայրի գազաֆիկացում (ավարտված), Բաղրամյան համայնքի Հուշակերտ բնակավայրի 2-րդ և 5-րդ փողոցների ասֆալտապատում (ավարտված), Տալվորիկ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ (ավարտված), Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի փողոցների ասֆալտապատում (ավարտված), Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրում խմելու նոր ջրագծի կառուցում (ավարտված), Մարտունի բնակավայրի Շահումյան փողոցի մայթերի կառուցում սալարկմամբ (ավարտված), Վ․ Գետաշեն, Մադինա, Լիճք և Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում (ավարտված), Ձորագյուղ բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, Լիճք և Երանոս բնակավայրերի մանկապարտեզների խաղահրապարակների բարեկարգում, Վարդենիկ բնակավայրի մանկապարտեզի շենքի երեսպատում և խաղահրապարակի բարեկարգում (կատարված է աշխատանքների 80%-ը), Վարդենիս համայնքի Վարդենիս բնակավայրի Գայի փողոցի ասֆալտապատում, միակողմանի մայթի կառուցում (ավարտված), Գեղամասար բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցում (ավարտված), Վարդենիս բնակավայրի Երիտասարդության փողոցի թիվ 15, Չարենցի փողոցի թիվ 46, Ռոմանի փողոցի թիվ 2, Սեսմանուկյան փողոցի թիվ 9, 13 և 15 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում (ավարտված), Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրի կենտրոնական փողոցի սալարկման աշխատանքներ (ավարտված), Սևան համայնքի Սևան բնակավայրի Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների հիմնանորոգման աշխատանքներ (ավարտված), Գավառ համայնքի Սարուխանի թիվ 1, Գավառի թիվ 7 մանկապարտեզների և Գավառի մշակույթի տան համար գույքի ձեռքբերում (ավարտված), Լոռու մարզի Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի մանկապարտեզի կառուցում /1-ին փուլ/ (ավարտված), Վանաձոր բնակավայրի թիվ 4 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում /1-ին փուլ/ (ավարտված), Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի փողոցների հիմնանորոգում (ավարտված), Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Թեղենիք բնակավայրի համայնքային կենտրոնի շենքի հիմնանորոգում (կատարված է աշխատանքների 95%-ը), Հրազդան քաղաքի Կենտրոն և Մաքրավան,Միկրոշրջան և Հարավային թաղամասերի միջթաղամասային ճանապարհների հիմնանորոգման և Զ. Անդրանիկի պողոտայի բետոնե բաժանարարների կառուցման և տեղադրման աշխատանքներ, Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում (ավարտական փուլ), Փյունիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցում (ավարտված), Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրի 1-ին փողոցի 1-ն նրբ, 9-րդ փողոցի, Ծաղկունք 3-րդ փողոցի /մասնակի/, Գեղաշեն բնակավայրի 5-րդ փողոցի 2-րդ նրբ, 3-րդ փողոցի 2-րդ նրբ, 1-ին փողոցից 5-րդ նրբ, 1-ին փողոցի 6-րդ նրբ, 1-ին թաղամասի 4-րդ փողոց, 1-ին թաղամասի 3-րդ փողոց, Կաթնաղբյուր բնակավայրի 4-րդ փողոցի, Կամարիս բնակավայրի 4-րդ փողոցի, Մայակովսկի բնակավայրի 15-րդ փողոցի, Վերին Պտղնի բնակավայրի Նորավան թաղամասի 1-ին փողոցի, Առինջ բնակավայրի Պ․Սևակի թաղամասի 4-րդ փողոցի, Խ․ Աբովյան թաղամասի 11-րդ, 15-րդ փողոցների և 10-րդ փողոցի 1-ին փակուղու, Բ թաղամասի 2-րդ փողոցի, Ա թաղամասի 1-ին փողոցի ասֆալտապատման աշխատանքներ (ավարտական փուլ), Նաիրի համայնքի Եղվարդ բնակավայրի Երևանյան փողոցի թիվ 5,6,4,9,7 և 8 շենքերի թեք տանիքների և շքամուտքերի վերանորոգում (կատարված է աշխատանքների 95%-ը), Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրի ասֆալտապատման աշխատանքներ (ավարտական փուլ), Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրի մանկապարտեզի բակի բարեկարգում, տարածքի ցանկապատում, խաղահրապարակի կառուցում, մանկապարտեզի գույքի ձեռքբերում (ավարտված), Գառնի համայնքի ճանապարհների ասֆալտապատում /1-ին փուլ/ (ավարտական փուլ), Գառնի, Գողթ, Գեղարդ բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցում (կատարված է աշխատանքների 65%-ը), Շիրակի մարզի Անի համայնքի սահմանամերձ Աղին և Սարակապ բնակավայրերի խմելու ջրի համար խորքային հորի հորատում և պոմպի տեղադրում (ավարտված), Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի նախկին դպրոցի շենքի վերակառուցում մանկապարտեզի (ավարտված), Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում (ավարտված), Արթիկ համայնքի Հայկասար և Պեմզաշեն բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում (ավարտված), Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր-Փուխրուտ /Կաթնառատ ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում/բարեկարգում (ավարտված է), Կապան համայնքի Կապան բնակավայրի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամասը փողոցային լուսավորության համակարգի կառուցում (կատարված է աշխատանքների 80%-ը), Ուժանիս բնակավայրի խմելու ջրամատակարարման ապահովում (կատարված է աշխատանքների 90%-ը), Կապան բնակավայրի Շինարարների փողոցի թիվ 8/43 հասցեում գտնվող ակումբ-գրադարանի նորոգում (ավարտական փուլ), Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի գյուղամիջյան ճանապարհի և Տերյան փողոցի տուֆ քարով սալարկում (կատարված է աշխատանքների 95%-ը), Իջևան բնակավայրի Տերյան փողոցից դեպի 3-րդ փողոց տանող ճանապարհի կոյուղագծի կառուցում (ավարտված), Բերքաբեր բնակավայրի ճանապարհների հիմնանորոգում և սալարկում տուֆ քարով (ավարտական փուլ), Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրի ոռոգման համակարգի արդիականացում (ավարտական փուլ):
Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը՝ երկրի ղեկավարն ընդգծել է. «Որակի վերահսկողությունը մեզ համար ունի առանցքային կարևոր նշանակություն, և կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր օրինապահ հարկ վճարողներին, ովքեր՝ նախ աշխատում, արդյունք են ստեղծում, ապա վճարում են օրենքով սահմանված հարկերը»:
Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է տաքսիներում ՀԴՄ գեներացնելու կարգավորմանը, որն ուժի մեջ է մտել սեպտեմբերից և նշել, որ սեպտեմբերից նոյեմբեր տաքսի վարող մեր քաղաքացիները գեներացրել են 22 միլիոն 900 հազար հատ ՀԴՄ կտրոն՝ հայտարարագրելով 26.9 միլիոն դրամի հասույթ։ «Ինչի՞ համար եմ սա բարձրաձայնում: Ուրախությամբ արտահայտում եմ և ևս մեկ անգամ ուզում եմ այս համակարգը ներդրած և տաքսիներում ՀԴՄ կտրոններ գեներացնող մեր հայրենակիցներին շնորհակալություն հայտնել: Սկզբից կար մի փոքր անհանգստություն նրանց և նաև քաղաքացիների շրջանում, մենք էլ էինք անհանգիստ, բայց հիմա ակնհայտ է, որ ճիշտ որոշում ենք կայացրել, և մարդիկ էլ համագործակցային են տրամադրված, ինչը շատ էական է»,- նշել է վարչապետը՝ ևս մեկ անգամ ընդգծելով համագործակցային տրամաբանության կարևորությունը, որի արդյունքում շատ ծրագրեր են իրականացվում՝ ճանապարհներ, ջրագծեր, մանկապարտեզներ են կառուցվում:
Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ
Կառավարության որոշմամբ Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ:
Նորանշանակ մարզպետը շնորհակալություն է հայտնել Արմավիրի մարզպետի պաշտոնում ինձ առաջադրելու համար. «Ինձ համար չափազանց մեծ պատիվ է ստանձնել Արմավիրի մարզպետի պաշտոնը և մեծ պատասխանատվություն՝ անմիջական ներգրավվածություն ունենալ հարազատ մարզի զարգացման և հզորացման գործում։ Քաջատեղյակ լինելով մարզի խնդիրներին՝ ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի արդարացնեմ ինձ վստահող մարդկանց և Արմավիրի մարզի բնակչության ակնկալիքները»:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Արգիշտի Մեխակյանը մինչև վերջերս Խոյ խոշորացված համայնքի ղեկավարն էր, դրանից առաջ՝ ԱԺ պատգամավոր և դրանից առաջ՝ Արմավիրի մարզպետի տեղակալ. «Եվ նկատի ունեմ, որ նա վերջին տարիներին ներգրավված է եղել պետական կառավարման համակարգում: Ես ուրախ եմ նաև, վերջին շրջանի նշանակումների ժամանակ ես հաճախ եմ անդրադառնում այս խնդրին, որ մի ժամանակ մեր քաղաքական թիմի մասին ասում էին սովորաբար՝ երիտասարդ և անփորձ, հիմա մենք արդեն անցել ենք այն շեմը և կարող ենք ասել՝ երիտասարդ և փորձառու, ինչը կարծում եմ՝ վատ չէ: Իհարկե, ոչ միայն երիտասարդ լինելը, այլև փորձառությունն է շատ կարևոր է։ Մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում առաջիկա օրակարգերի իրագործման հարցում»։
Կառավարությունը սահմանել է ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբացումը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի վերաբացումը սահմանված բնակավայրերում սահմանված քվոտաներով՝ համապատասխան պահանջներին բավարարող շահառուների համար սահմանելու համար։ Որոշմամբ առաջարկվում է ծրագիրը վերաբացել Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերի համար՝ Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերում նախատեսելով աջակցություն տրամադրել յուրաքանչյուրում մինչև 50 շահառուի, Բերքաբեր և Կիրանց բնակավայրերում նախատեսելով աջակցություն տրամադրել յուրաքանչյուրում մինչև 40 շահառուի, Գոմք բնակավայրում նախատեսելով աջակցություն տրամադրել մինչև 30 շահառուի, ինչն ուղղակիորեն կապված է այդ բնակավայրերի բնակչության թվի հետ (Ոսկեպար – 925, Բաղանիս – 894, Բերքաբեր – 582, Կիրանց – 397, Գոմք – 243): Ինչպես նաև առաջարկվում է թույլ տալ ծրագրից օգտվել այն շահառուներին, որոնք շինարարության թույլտվությունը ստացել են մինչև 2024 թ. սեպտեմբերի 1-ը (ներառյալ), քանի որ մարզպետների աշխատակազմերից, գործընկեր ֆինանսական կազմակերպություններից և շահառուներից ստացված տեղեկատվության համաձայն՝ ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած բազմաթիվ շահառուներ (շուրջ 190) շինարարության թույլտվությունը ստացել են մինչև 2024 թ. սեպտեմբերի 1-ը և չեն հասցրել դիմել նախքան սահմանված սահմանաչափի լրանալը, ինչի արդյունքում կարող են կրել ֆինանսական վնասներ։ Որոշմամբ նաև առաջարկվում է ՀՀ Կառավարության կողմից 2024 թ. հունիսի 27-ին սահմանած՝ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում 5 մլն դրամ հավելումների մասով բանկերին հնարավորություն տալ այդ հավելումը ձևակերպել ոչ միայն վերանորոգման վարկի տեսքով, այլ նաև արդեն իսկ տրամադրված կառուցապատման վարկի հերթական փուլի տեսքով՝ խուսափելով բանկերում երկար ժամանակ պահանջող ծրագրային փոփոխություններից։
Ժամանակավոր սահմանափակում կկիրառվի որոշ ապրանքների արտահանման նկատմամբ՝ առավել բարձրարժեք ապրանքների արտադրությանը և արտահանմանը խթանելու նպատակով
Կառավարության որոշմամբ ժամանակավոր սահմանափակում կկիրառվի ՀՀ-ից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղինձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման նկատմամբ: Որոշմամբ նախատեսվում է նաև դեպի երրորդ երկրներ արտահանվող ապրանքների համար լիցենզավորման ընթացակարգի սահմանում: Արդյունքում հնարավորություն կտրվի ԵԱՏՄ օրենսդրության շրջանակում` սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի առավել բարձրարժեք ապրանքների արտադրությանը և արտահանմանը: Նախատեսվում է, որ կիրականացվեն սև և գունավոր մետաղներից նոր արտադրությունների կազմակերպման ներդրումային ծրագրեր, որի արդյունքում կարտադրվեն զգալիորեն բարձր ավելացված արժեքով արտադրանք (մասնավորապես՝ շինարարական ամրաններ, պրոֆիլներ, լարեր, մալուխներ և այլն), այսինքն՝ ապրանքատեսակներ, որոնք մեծ պահանջարկ ունեն Հայաստանի ներքին շուկայում, ինչպես նաև սև և գունավոր մետաղներից ապրանքների ներմուծման փոխարինում։
Կստեղծվի «Տափի բերդ» պատմամշակութային արգելոց
Գործադիրի որոշմամբ կստեղծվի «Տափի բերդ» պատմամշակութային արգելոց, որը հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում: Ըստ հիմնավորման՝ արգելոցների ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին: Ներկայումս հիշյալ հուշարձանի տարածքներում բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները և շատերը չեն այցելում այդ վայրեր։ Արգելոցների ստեղծմամբ հնարավորություն կստեղծվի իրականացնել կրթական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն, բացի այդ արգելոցի ստեղծման արդյունքում ստեղծվելու են ենթակառուցվածքներ, բարեկարգվելու է տարածքը, տեղադրվելու է տոմսային տնտեսություն, աշխատելու է մշտական պահակ, անցկացվելու է լուսավորություն։ Արգելոցի ստեղծման արդյունքում համայնքի ազգաբնակչությունը կարողանալու է իրացնել իր իսկ կողմից պատրաստված հուշանվերային արտադրանքը և ստանալ լրացուցիչ եկամուտ։ Բացի այդ, հուշարձանների մեծ մասն ընդգրկված չէ զբոսաշրջային երթուղիներում, ուստի արգելոցների ստեղծման պարագայում իրականացվում է հանրահռչակման աշխատանքներ և դրանք ընդգրկվելու են զբոսաշրջային երթուղիներում։ Մշակութային զբոսաշրջության կայուն զարգացման և զբոսաշրջային արդյունքի որակի շարունակական ապահովման համար անհրաժեշտ է ստեղծել և զարգացնել ոլորտը սպասարկող ենթակառուցվածքներ, որոնք կդառնան նոր ուղղություններ։
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը հավանություն է տվել 2002 թ. հոկտեմբերի 7-ին Քիշնևում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության ստորագրմանը: Արձանագրության կնքումը ուղղված է պայմանավորվող կողմերի միջև քաղաքացիական դատաիրավական փոխհարաբերությունների կարգավորմանը։ Արձանագրության փոփոխությունները նպատակաուղղված են դյուրացնելու անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաև նախատեսվում է անչափահասների օգտին ալիմենտ բռնագանձելու մասին վճռի հարկադիր կատարումը թույլատրելու մասին միջնորդության քննության համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի» ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը և բազմազանեցումը։ Ըստ հիմնավորման՝ մոնղոլական շուկայի բացումը Հայաստանի արտահանողներին կապահովի Հայաստանից արտահանվող այնպիսի ապրանքների մատակարարման ավելի մրցունակ պայմաններ, ինչպիսիք են ծխախոտը (Մոնղոլիայի դրույքաչափը 30%), կոնյակը (դրույքաչափը 15%), շոկոլադը (դրույքաչափը 5%), հանքային ջուրը (դրույքաչափը 5%), պահածոյացված մրգերը (դրույքաչափը՝ 5%)։ Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն Հայաստանից Մոնղոլիա արտահանման 98%-ը։ Հայաստանից Մոնղոլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքի միջին դրույքաչափը 7,5%-ից կիջնի մինչև 1,2%։ Արդյունքում՝ Հայաստանից Մոնղոլիա արտահանման ժամանակ մաքսատուրքի արտոնություններից տնտեսումները կարող են կազմել տարեկան մինչև 1 մլն ԱՄՆ դոլար։
2024թ. 3-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 512 անձնագիր
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:
2024թ. 3-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 512 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (174 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (338 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշմամբ «Դուստր Հասմիկ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մետաղապլաստե պրոֆիլների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 16 աշխատատեղ 107 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 20-ի՝ 110 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 84.3 մլն դրամ:
Մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «ԼԻԻ դելյուքս» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել շոկոլադի արտադրության համար՝ իրականացնելով 17.5 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 42 աշխատատեղ 168 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 68-ի՝ 190 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 17.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 875 հազ դրամ:
Կառավարությունն ընդունել է պետական գույքերը օտարելու վերաբերյալ որոշումներ
Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ:
Որոշումներից մեկով առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի 3-րդ փողոց 13 դպրոց հասցեում գտնվող՝ 4077.4 քառ. մետր մակերեսով շինությունները, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 2.5184 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով: Ըստ հիմնավորման ՝ շինությունը կառուցվել է 1988 թ. և ունի ավարտվածության աստիճանն՝ մինչև 50 %։ Համաձայն «Ստեպռոեկտ» ՍՊԸ-ի եզրակացության՝ դիտարկվող շենքը համարվում է 4-րդ աստիճանի վթարային։ Գույքը ավելի քան 30 տարի չի օգտագործվել, շինությունները՝ քաղաքաշինական տեսանկյունով, ունեն վնասվածության տարբեր աստիճաններ, որոնց հիմնական մասը ենթակա է քանդման։ Ներդրումների առկայության պարագայում հնարավոր է այնտեղ զբոսաշրջության և/կամ առողջապահական նոր գործունեություններ իրականացնել։ Մրցույթին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝ 15 295 100 դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետբյուջե։
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է Տավուշի մարզ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց 4 հասցեում գտնվող՝ շուկայական արժեքին մոտարկված 370 424 344.21 դրամ կադաստրային արժեքով 2276.8 քառ. մետր մակերեսով շինությունները, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 2.46447 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով: Շինությունները կառուցվել է 1960-ական թվականներին, որոնց մեծ մասը ունեն վնասվածության տարբեր աստիճաններ: Առկա են նաև 1990 թվականներին կառուցված շինություններ։ Գույքը 20 և ավելի տարիներ չի օգտագործվել, շինությունները՝ քաղաքաշինական տեսանկյունով, ունեն վնասվածության տարբեր աստիճաններ, որոնց մի մասը ենթակա է քանդման։ Գույքը սպասարկման համար հատկացված 2.46447 հեկտար մակերեսով հողամասի տեղադիրքը այնպիսին է, որ ներդրումների առկայության պարագայում հնարավոր է զբոսաշրջության և/կամ առողջապահական նոր գործունեություններ իրականացնել։ Մրցույթին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝ 31 400 000 դրամ:
Արեգնադեմ գյուղում միջնակարգ դպրոց կառուցվի
Գործադիրն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Շիրակի մարզի Ամասիա գյուղի Արեգնադեմ 15-րդ փողոց 6 հասցեում գտնվող 0.7496 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը: Արդյունքում՝ Արեգնադեմ գյուղում միջնակարգ դպրոց կառուցելու նպատակով։
Կառավարությունն ընդունել է որոշում, որով հնարավոր կլինի օգտագործել Երևան քաղաքի Շենգավիթ, Շիրակի փողոց 39/2 հասցեում տեղակայված անշարժ գույքը: Գույքը կհանձնվի «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին, ներդրումային ծրագրով գույքը կվերանորոգվի և կհանձնվի ստեղծվելիք բասկետբոլի ակադեմիային: Վերանորոգումից հետո մարզակառույցում կանցկացվեն խաղային մարզաձևերի մարզական միջոցառումներ ու հավաքներ, կիրականացվեն մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր:
Այլ որոշումներ
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Երևանում նախատեսվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի և Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀԽՎ) լիագումար նստաշրջանի պատշաճ կերպով կազմակերպելու և անցկացնելու համար: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի հրավերով դեկտեմբերի 9-10 Երևանում անցկացվելու է ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ (մինչև 60 մասնակից)։ Միաժամանակ, դեկտեմբերի 10-12-ը Երևանում անցկացվելու է ՍԾՏՀԽՎ լիագումար նստաշրջան (մինչև 130 մասնակից):
Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը մշակվել է ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելու և կազմակերպությունում աշխատող գլխավոր հաշվապահի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարելու համար նախատեսված վարչական պատասխանատվության չափի կանոնակարգման նպատակով: Նախագծով առաջարկվում է ֆինանսական հաշվետվությունները չհրապարակելու համար սահմանված պատասխանատվության միջոցը դարձնել համադրելի այդ պարտականությունը կատարելու համար պահանջվող աուդիտորական ծառայության արժեքի հետ, մասնավորապես՝ առաջին անգամ՝ 150,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 2,5%-ի չափով, երկրորդ անգամ՝ 1,500,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 25%-ի չափով, երրորդ անգամ՝ 3,000,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 50%-ի չափով, ընդամենը՝ 4,650,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 77,5%-ի չափով։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ