Օկսանա Լինիվ՝ այսպիսին է երաժշտության պատմության մեջ ամենաբարձր հնչող կին դիրիժորի անունը: Լինիվը դեկտեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):
Օկսանա Լինիվի կենսագրությունը ոչ ավել, ոչ պակաս հեղափոխական է. նա 2022թ.-ից Բոլոնիայի Կոմունալե օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն է: Իտալական օպերային թատրոնի երկար ու բուռն պատմության մեջ նա առաջին կին գլխավոր դիրիժորն է: 2021թ-ին Լինիվը պատմության մեջ մտավ որպես հեղինակավոր Բայրոյթի փառատոնի առաջին կին դիրիժորը, որն իրականացրեց փառատոնի բացումը՝ «Թռչող հոլանդացին» օպերայի բեմականացման իր դեբյուտային ելույթով: Սենսացիոն հաջողությունից հետո՝ նա մինչ այժմ շարունակում է կանոնավոր հանդես գալ Բայրոյթում: 2024-ի փետրվարին կայացավ Լինիվի դեբյուտը Մետրոպոլիտեն օպերայում, որպես առաջին ուկրաինացի դիրիժոր, որտեղ նա մեծ հաջողությամբ ղեկավարեց «Տուրանդոտ» օպերան: Նրա նշանակալից ձեռքբերումներից են ելույթները Բավարիայի պետական, Բեռլինի պետական, Շտուտգարտի պետական, Հռոմի, Թագավորական Քովենթ Գարդեն, Փարիզի ազգային, Ֆրանկֆուրտի, Բարսելոնայի Լիցեու, Theater an der Wien օպերային թատրոններում: Օկսանա Լինիվը նաև խորապես նվիրված է երիտասարդ տաղանդների զարգացման գործին և Ուկրաինայի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի (YsOU) հիմնադիրն ու գլխավոր դիրիժորն է:
-Հարգարժան տիկին Լինիվ, դուք առաջին անգա՞մ եք մեր երկրում:
Կարդացեք նաև
-Այո,ես առաջին անգամ եմ այցելում Հայաստան, մեզ մոտ Լվովում, որտեղ ես ուսանել եմ, 15-րդ դարի հիանալի հայկական եկեղեցի կա, որը քաղաքի իմ ամենասիրելի վայրերից է: Այդ պատճառով ես շատ ուրախ եմ վերջապես այցելել Հայաստան ու ծանոթանալ ձեր հնադարյա և խորը մշակույթի ու հրաշալի մարդկանց հետ:
-Լինելով ազգությամբ ուկրաինուհի՝ ընտրել եք Դվորժակի 9-րդ սիմֆոնիան, որը հայտնի է հումանիստական և պացիֆիստական գաղափարներով, որի ընտրությունն արդիական է ոչ միայն ուկրաինացիների, այլ նաև ողջ աշխարհի համար:
-Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ ֆանտաստիկ գեղեցիկ ծրագիր ենք կատարելու: Դվորժակի 9-րդ սիմֆոնիան կհնչի երկրորդ մասում, ես կարծում եմ, որ այն հումանիզմին նվիրված մեծագույն արվեստի կոթողներից է: Երբ Դվորժակը ժամանեց Ամերիկա, դեռ 30 տարի էր անցել, ինչ չեղարկվել էր ստրկատիրությունը և դեռ թարմ էին պատմությունները սոցիալական անհավասարության, բռնապետության, մարդկության հանդեպ գործած հանցագործությունների մասին: Պատմության ընթացքում առաջին անգամ Դվորժակը սիմֆոնիկ երաժշտության մեջ ներառեց աֆրոամերիկյան ժողովուրդների ֆոլկլորը: Այդ ժողովուրդները գրեթե ոչնչացվել էին իրենց հողերի վրա՝ հանուն ագահության ու փողի: Ես կարծում եմ, որ Դվորժակն այդպիսով իր հարգանքի տուրն է մատուցել այդ ժողովուրդներին:
Ես երբեք չեմ մոռանա փետրվարի 24-ի առավոտը, երբ սկսվեց իմ հայրենիքի՝ Ուկրաինայի վրա լայնամասշտաբ հարձակումը և արձակվեցին առաջին ռումբերը: Այդ օրը ես ղեկավարում էի Դվորժակի 9-րդ սիմֆոնիան և դրա 2-րդ մասը՝ օրորոցայինը, ինձ համար ասոցացվում է այդ առավոտվա հետ, երբ ուկրաինացի մայրերը, որոնց թվում էր նաև իմ քույրը, փորձում էին պաշտպանել անմեղ երեխաներին և թաքցնել ապաստարաններում: Այդ տեսարանները սարսափելի են: Նաև սիմֆոնիայի ֆինալը, որտեղ մենք լսում ենք հեղափոխական տրամադրություններ և հավատը դեպի ապագան ու ազատությունը, սրանք ամենակարևոր սիմվոլներն են այս սիմֆոնիայի:
Ես ինձ հետ բերել եմ նաև ուկրաինացի կոմպոզիտորի ստեղծագործություն, ինձ համար դա շատ կարևոր է: Շնորհակալ եմ հայ ժողովրդին, որ աջակցեցին և ի նշան համերաշխության՝ համաձայնեցին ներառել այս ստեղծագործությունը ծրագրի մեջ: Դա Հաննա Հավրիլեցի լարային նվագախմբի համար գրված «Canticum»-ն է: Նա մահացել է 2022թ-ին, երբ Կիևում թեժ մարտեր էին ընթանում, ցավոք, մենք չկարողացանք պատշաճ կերպով հրաժեշտ տալ Ուկրաինայի համար կարևոր նշանակություն ունեցող այս կոմպոզիտորին: Այդ պատճառով, ինձ համար շատ խորհրդանշական է իր գործը համերգին հնչեցնելը:
-Գոնե մեզ համար մի ավանդական հարցի պատասխան ենք ակնկալում ձեզանից՝ կարծիք մեր նվագախմբի մասին:
-Դուք հրաշալի նվագախումբ ունեք, հենց առաջին րոպեներից մենք միասին կոնտակտի մեջ մտանք և ամեն պահ հաճույք ենք ստանում միասին երաժշտություն ստեղծելիս: Հիանալի է գործ ունենալ երաժիշտների հետ, որոնք ապրում են այն երաժշտությամբ, որը նվագում են:
Վերջում հավելենք, որ միջազգային հեղինակավոր պարբերականները Լինիվի մասին գրում են, որ նա կարողանում է ղեկավարել այն տիեզերական և փիլիսոփայական ուժերը, որոնք ունկնդրին ընկղմում են ստեղծագործության դրամատուրգիայի ամենախորունկ շերտերը, այնուհետև համառորեն վերադարձնում պատմվածքի լարված շարունակությանը: Չորս ժամ տևող երաժշտության ունկնդրումն անցնում է որպես բոցավառման մեկ ակնթարթ՝ միշտ կենդանի և հույզերի ծայրաստիճան լարվածությամբ (La Reppublica):
Լինիվի ժեստերը շատ հստակ են և մանրակրկիտ, նա չափազանց նրբազգաց է գործի դրամատուրգիայի հանդեպ: Նրա մեկնաբանությունն աչքի է ընկնում նյուանսների արտասովոր դիապազոնով՝ մեղմից մինչև բիրտ, փաղաքշական քնքշությունից մինչև ածելիի պես սուր կտրող (Onlinemerker, փետրվար 2020),
Օկսանա Լինիվն ակտիվ միջազգային համերգային գործունեություն է ծավալում՝ որպես հրավիրյալ դիրիժոր հանդես գալով Մյունխենի ֆիլհարմոնիկ, Վիեննայի սիմֆոնիկ, Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ, DSO Berlin, Staatskapelle Berlin, Վիեննայի ռադիոյի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Բալթիմորի սիմֆոնիկ, Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ, Միլանի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ:
2008-2013թթ Լինիվը զբաղեցրել է Օդեսայի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորի տեղակալի պաշտոնը, 2013-2017թթ. աշխատել է որպես Բավարիայի պետական օպերային թատրոնի երաժշտական ղեկավար Կիրիլ Պետրենկոյի դիրիժոր-ասիստենտ, որտեղ էլ 2014-ին կայացել է Լինիվի եվրոպական դեբյուտը: 2017-2020թթ-ին հանդիսացել է Ավստրիայի Գրացի օպերային թատրոնի և Ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժորը: 2016-ին Լինիվը դարձել է LvivMozArt միջազգային դասական երաժշտության փառատոնի համահիմնադիրը:
Լինիվին շնորհվել են միջազգային մի շարք տիտղոսներ և պարգևներ, դրանց թվում՝ Բավարիայի պետական օպերայի Festival Prize (2015), հեղինակավոր TREBBIA International Award «Ստեղծագործական ձեռքբերումներ» անվանակարգում (2019), Opera! Award որպես «Տարվա լավագույն դիրիժոր 2020» և «Նշանակալի ձեռքբերումներ» անվանակարգում (2023), Ուկրաինական Արքայադուստր Օլգայի շքանշան (2022), Bavarian Constitutional Medal՝ Բավարիայի բարձրագույն պետական պարգև «ակնառու ստեղծագործական աշխատանքի, հատկապես որպես Բայրոյթի փառատոնի առաջին կին դիրիժորի, ինչպես նաև դասական երաժշտության տարածումը խթանելու և այս ոլորտում երիտասարդ տաղանդներին աջակցելու իր անմնացորդ նվիրվածության համար»։
Աստղիկ ԴԱԼԼԱՔՅԱՆ
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ Ֆիլհարմոնիկի հետ Օկսանա Լինիվի փորձերից