«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր կառավարության դիմաց էր` այցելել էր գերիների, Ադրբեջանում պահվող անձանց եւ պատանդների վերադարձի պահանջով նստացույց անող Վահագն Չախալյանին եւ այլ անձանց:
Քաղաքացիները մոտենում եւ ողջագուրվում էին Բագրատ սրբազանի հետ, իրենց աջակցությունը հայտնում: Սրբազանն ասաց, որ պահանջի հասցեատերը այն մարդիկ են, որոնք իշխանության գալուց երդում են տվել ժողովրդի առաջ, միաժամանակ ավելացրեց, որ այս իշխանություններից ակնկալիք չկա, թե պատրաստակամ են գերիների եւ մնացած հարցերին լուծում տալու:
Բագրատ սրբազանի ձեւակերպմամբ, մեր բոլորի ամոթն է, որ թշնամական բանտերում ընկերներ, ռազմաքաղաքական ղեկավարություն ունենք, որոնց մասին իշխանությունները մոռացել են, ու ստույգ տեղեկություններ չկան:
Կարդացեք նաև
Սրբազան հայրն ասաց, թե նվազ հույս կար, որ Հայաստանի ղեկավարները կմասնակցեն COP 29-ին եւ այդ հարթակից կխոսեն գերիների, Արցախ վերադարձի իրավունքի մասին եւ այլնի մասին: «Այդ ամենի մասին աշխարհն է խոսում, բացի Հայաստանի՝ այսպես կոչված իշխանությունից, որը եւ միակ սպառնալիքն ու խոչընդոտն է գերիների վերադարձի»,-ասաց նա:
Սրբազան շարժման առաջնորդը հորդորեց, որ ավելի շատ մարդիկ ներկա լինեն նման հավաքներին ու իրենց ներկայությամբ պահանջներ ներկայացնեն գերիների վերաբերյալ ՀՀ իշխանություններին. «Ի վերջո, խոսքը հայ մարդկանց մասին է, որոնք կտտանքների են ենթարկվում թշնամական երկրի բանտերում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ