Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ավագանին ունակ չէ ձեւավորել համայնքի գործադիր իշխանություն, համայնքապետերին կնշանակեն վարչապետն ու մարզպետը»․ ՔՊ-ականների նախագիծը

Դեկտեմբեր 05,2024 15:40

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ այս լրացումը կոչված է վերացնել այն իշխանական վակումը, որը կարող է առաջանալ այն դեպքերում, երբ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամ դադարեցվել են, եւ տվյալ դեպքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ համայնքի ղեկավարի կամ համայնքի ղեկավարի տեղակալի, որը կարող է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար լինել, պաշտոնները թափուր են։

«Ի՞նչ անել այն իրավիճակներում, երբ համայնքի ավագանին, ըստ էության, գործունակ չէ, այսինքն՝ չի կարողացել երեք ամսվա ընթացքում հրավիրել նիստ, եւ դա օրենքով նախատեսված հիմք է՝ նրա լիազորությունները դադարեցնելու համար։ Կամ կենսունակ է, բայց չի կարողանում ընտրել համայնքի ղեկավար։ Տվյալ երկու դեպքերում էլ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամ դադարեցվում են, նշանակվում են նոր ընտրություններ։ Եվ այստեղ բախվում ենք մի խնդրի, որը հրատապ լուծում է պահանջում՝ ի՞նչ անել այն դեպքում, երբ համայնքի ավագանու լիազորությունների պարագայում համայնքի ղեկավար չկա։ Մի հնարավորություն կա, որպեսզի քաղաքային համայնքներում այդ պաշտոնում նշանակում կատարի ՀՀ վարչապետը, իսկ գյուղական համայնքներում նշանակում կատարի մարզպետը։ Ինչո՞ւ է ընտրված այս մոդելը եւ որ դեպքերում է այն կիրառվում, այն բացառապես կիրառվում է այն դեպքերում, երբ մենք արձանագրում ենք, որ համայնքի ավագանին ունակ չէ այլեւս ձեւավորելու համայնքի գործադիր իշխանություն։ Իհարկե, լուծումը կարող են լինել ընտրությունները, բայց որպեսզի այդ ընտրությունները կազմակերպվեն, անհրաժեշտ է պաշտոնատար անձ, ով գործառույթներ պետք է իրականացնի Ընտրական օրենսդրության համաձայն։ Այս խնդիրը լուծելու համար մշակվել է այս նախագիծը»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց․ «Գյումրիում պետք է նշանակվի պաշտոնակատար, բայց իրականացվում է փրայմերիզ, որը կուսակցական ընտրության մեխանիզմ է։ Ի՞նչ միջոցներով է սա կազմակերպվում՝ պետական, թե՞ կուսակցության»։ Վլադիմիր Վարդանյանն ի պատասխան ասաց․ «Ես չէի ցանկանա փոխկապակցեինք այս նախագիծը փրայմերիզի հետ, որովհետեւ այս նախագիծը վերաբերում է ցանկացած համամասնական եղանակով ձեւավորված համայնքին եւ վերջինների ընտրություններին»։

«Ճիշտն ասած, ես չեմ փոխկապակցում, Նիկոլ Փաշինյանն է փոխկապակցում իր ելույթով, երբ ասաց՝ օրենսդրական փոփոխություն է լինելու, եւ այնտեղ փրայմերիզ ենք անելու»,- արձագանքեց Արծվիկ Մինասյանը:

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031