JAMnews. Թբիլիսիում և այլ քաղաքներում բազմահազարանոց բողոքի ցույցերի ֆոնին, որտեղ քաղաքացիները պահանջում են երկիրը վերադարձնել եվրաինտեգրման ուղի, այսօր՝ դեկտեմբերի 4-ին Վրաստանի ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների գրասենյակներում ու բնակարաններում:
Նախօրեին վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրկին ընդդիմության առաջնորդներին «լիբերալ ֆաշիստներ» էր անվանել և նախազգուշացրել, որ նրանց պատասխանատվության կկանչեն, իբր, բողոքի ցույցեր կազմակերպելու համար։
Խուզարկություններ են անցկացվել «Ազգային շարժում» կուսակցության երիտասարդական թևի, «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի և դրա մեջ մտնող կուսակցությունների գրասենյակներում, ինչպես նաև ակտիվիստ Իլո Գլոնտիի տանը, որը ֆեյսբուքյան Daitove խմբի ադմինիստրատորն է: Խումբն ավելի քան 200 000 մասնակից ունի, աջակցում է բողոքի ցույցերին։ Գլոնտին հայտնել է, որ իրենից վերցրել են նոութբուքն ու հեռախոսը։
Հաղորդվում է, որ Գլոնտիին մեղադրում են բռնության հրահրման և անկարգությունների կազմակերպման մեջ։
Կարդացեք նաև
Հայտնի է դարձել, որ խուզարկություններ են անցկացվում նաև Նենսի Վոլանդի տանը, ով նույնպես Daitove խմբի ադմինիստրատորներից է։
Դաժան ծեծի է ենթարկվել և ձերբակալվել ընդդիմադիր «Ախալի» կուսակցության առաջնորդ Նիկա Գվարամիան: Դա տեղի է ունեցել «Դրոա» կուսակցության գրասենյակի մոտ, որտեղ խուզարկություն էր տեղի ունենում։ Այս պահին հայտնի չէ, թե ուր են տարել Գվարամիային։ Ձերբակալվել է նաև կուսակցության անդամ Գելա Խասաիան։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: