«Ես անձամբ համաձայն եմ, որ երկու տղամարդ լրագրող գա՝ իմ եւ ՔՊ-ի ղեկավարության կամ պարոն Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ նայեն իմ գրառումները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Թող իմ նամակագրությունը գնահատեն, թե ինչքանո՞վ են դրանք շոկային: Ես չեմ ասում՝ թող նայեն այն նամակագրությունը, որտեղ իմ վրա ինչ ճնշումներ են եղել, որ ես թիմից դուրս գամ պատերազմից հետո, դուրս գամ վարչապետի դեմ եւ ես ինչ պատասխաններ եմ տվել, դրանք պետք չէ նայել։ Այն գրառումները, որտեղ, որ իմ վրա բազմաթիվ ճնշումներ են եղել, բազմաթիվ, այլ տիպի առաջարկություններ եւ ես ի՞նչ պատասխաններ եմ տվել, այդ մասը չկա երեւի վարչապետի կամ վարչության սեղանին: Ես չեմ ամաչում եւ համաձայն եմ նույնիսկ, որ կին լրագրող գա, բայց պինդ ներվերով, որ հասկանա, թե ինչը ինչոց է, որը որտեղից է, որ Աղազարյան Հովիկը հասկացել է, որ իր դիմաց ագենտ է եւ մաման լացացրել է։ Եղա՞վ»,- ասաց նա։
Նրա գնահատմամբ, երբ երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հովիկ Աղազարյանը կարմիր գծեր է հատել եւ պետք է զրկվի մանդատից, դրա իրավունքը չուներ։ Իր մեկնաբանությամբ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները քաղաքական հարթությունում էին, ոչ թե իրավական։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պետական անվտանգությանը վերաբերող, հակահետախուզական տվյալներ են եղել իր հեռախոսում, Աղազարյանն ասաց. «Ես երբեք չեմ եղել այնպիսի վայրում, չեմ ծանոթացել այնպիսի փաստաթղթի, որը պարունակի պետական գաղտնիքի հետ կապված ինֆորմացիա: Եթե իմ նկատմամբ հաշվեհարդար տեսնելով՝ պետության անվտանգությունը կբարձրանա, պետության կայունությունը կուժեղանա, խաղաղության պայմանագիրը կստորագրվի այնպես, ինչպես ես եմ ուզում, ապա ես պատրաստ եմ: Եթե ես խանգարում էի թիմին այդ հարցերը լուծելու համար, յուրաքանչյուրը հասկանում է՝ ես ինչ նկատի ունեմ։ Եթե ես եմ խանգարողը, ապա թող ես այդ զոհը լինեմ եւ իմ նախկին քաղաքական թիմի նվիրական երազանքները, որ մինչեւ երեկ ես կիսել եմ, թող իրականություն դառնան, ես պատրաստ եմ»:
Հովիկ Աղազարյանը նաեւ ասաց, որ պատրաստ է, որ վիճարկվող տեղեկությունները հրապարակվեն․ «Ես ուզում եմ, թող հրապարակեն։ Եթե իրենք չհրապարակեն, ես եմ հրապարակելու։ Ասել եմ՝ այստեղ որտե՞ղ է իմ հանցանքը։ Ես դիմացինին նայել եմ որպես հատուկ ծառայությունների ագենտ եւ այդ ձեւի իր հետ խոսացել եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ ՔՊ վարչությունը որոշել է Հովիկ Աղազարյանին հեռացնել ՔՊ-ից։ «Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»,- ասված է ՔՊ վարչության որոշման մեջ։ Հովիկ Աղազարյանն էլ երեկ ասաց, որ իր հեռախոսից անձնական բնույթի տեղեկություններ են հայտնվել վարչապետի սեղանին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ