Օրենսդրական նախաձեռնությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստի ընթացքում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ գյուղատնտեսական ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ գյուղատնտեսության ոլորտում որդեգրված պետական քաղաքականության հիմնական առաջնահերթությունների, մասնավորապես՝ հողերի խոշորացման գործընթացի եւ իրականացվող հարկային քաղաքականության բարելավմամբ:
«Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողների համար մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը շահութահարկի վճարումից ազատելու պահանջը սահմանվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչեւ նշված ժամկետը գյուղատնտեսության ոլորտում պետք է ներդրված լինեին արտադրանքի համատարած հաշվառման եւ եկամուտների հայտարարագրման մեխանիզմներ: Մինչդեռ դրանք դեռեւս ներդրված չեն: Նշված ժամկետը չերկարացնելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողները շահութահարկի վճարումից խուսափելու նպատակով կարող են դադարեցնել իրենց իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը եւ գործունեությունը շարունակել ֆիզիկական անձի կարգավիճակով»,- մանրամասնել է Գեւորգ Պապոյանը: Նրա խոսքով վերջին տարիներին Կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականության եւ աջակցության ծրագրերի շնորհիվ նկատելի են տնտեսությունների խոշորացման եւ արդյունավետ գյուղատնտեսություն վարող տնտեսությունների ձեւավորման միտումներ, եւ եթե այդ գործընթացը կասեցվի կամ դանդաղեցվի, ապա դրանից ակնկալվող վնասը կարող է ավելի մեծ լինել, քան շահութահարկից ակնկալվող օգուտները:
Կարդացեք նաև
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով շահութահարկով հարկվող ռեժիմին, արտադրանքի համատարած հաշվառման եւ եկամուտների հայտարարագրման մեխանիզմների ներդրման գործընթացին: Ելույթներում կարեւորվել է գյուղատնտեսության զարգացմանը միտված աջակցությունը:
Եզրափակիչ ելույթում Գեւորգ Պապոյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության նպատակն է կարգաբերելու առաջնահերթություններն ու հստակեցնելու վարվող տնտեսական, հարկային քաղաքականության ուղեգծերը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի ներկայացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Ազգային ժողովի կողմից ներկայացվել են իրավական, խմբագրական բնույթի փոփոխությունների առաջարկություններ, որոնք ընդունվել են: Մասնավորապես, հստակեցվել են փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն սահմանող կարգավորումները:
ԱԺ