Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյանը հայ-ադրբեջանական բանակցություններից է արտահոսք արել․ պնդում է Ալեն Սիմոնյանը

Դեկտեմբեր 05,2024 14:08

«Տարուց ավելի մենք ման ենք եկել, թե որտեղի՞ց են «սլիվներ» լինում։ Լավ, եթե դա վերաբերում է կուսակցությանը՝ հլը ոչինչ, բայց եթե դա վերաբերում է բանակցություններին, Հայաստանի անվտանգությանը, լո՞ւրջ, պիտի ձեւ անենք, որ մարդը կարող է նման բան անի ու մնա՞»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պնդելով, որ բանակցություններին վերաբերող մանրամասներ են հայտնվել մամուլում։ Խոսքը կրկին ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցածին էր վերաբերվում։

Հիշեցնենք, որ Փաշինյանն Աղազարյանին մեղադրել է լրագրողներին ինֆորմացիա փոխանցելու մեջ. ըստ «Հրապարակի»՝ նախկին խմբագիրը մի քանի տող է ընթերցել` դրանք վերագրելով Աղազարյանին. «Ամենաշատը վրդովվել է իր եւ Իլհամ Ալիեւի վերջին հանդիպման մասին «Հրապարակում» հայտնված տեղեկություններից, մասնավորապես` Ռուբեն Վարդանյանին վերաբերող դրվագից։ Մենք գրել էինք, որ այդ հանդիպման ժամանակ, երբ Ալիեւը հարցրել է՝ ինչու չեք պահանջում Ռուբեն Վարդանյանին, Փաշինյանը պատասխանել է` գիտի, որ պահանջի էլ, նա չի տա։ «Փոխարենը ուրիշներն են պահանջում, Պուտինը»,- ասել է Ալիեւը։ Փաշինյանն Աղազարյանին մեղադրել է, թե այս ինֆորմացիայի արտահոսքն իր ձեռքի գործն է»:

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, ՔՊ վարչության նիստում Հովիկ Աղազարյանի հեռախոսային տվյալների ուսումնասիրությանը ներկա են եղել միայն այնպիսի անձինք, ովքեր պետական գաղտնիքի հասանելիության թույլտվություն ունեն։ Ինչ-որ մի պահի Ալեն Սիմոնյանը նաեւ պետական գաղտնիքին հասանելիություն ունեցող կին պաշտոնյաներին էլ է խնդրել լքել սենյակը՝ կոռեկտության հարց կա։

Ի դեպ, Ալեն Սիմոնյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական բանակցություններում՝ հայկական կողմի ունեցած խնդիրները, բանակցությունների սառեցումը նաեւ կարող են պայմանավորված լինել այն արտահոսքերով, որոնք եղել են․ «Դե արի ապացուցի, որ էս մարդը միամտաբար է դա արել․․․»։

Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների տարբեր հարցերին ի պատասխան, պնդեց, որ խոսքը պետական գաղտնիքին է վերաբերվում եւ ոչ թե Հովիկ Աղազարյանի անձնական կյանքին։ Ավելին, ինքը հարգում է յուրաքանչյուրի անձնական կյանքը, կողմ է անձնական կյանքի անձեռնմխելիությանը․ «Բայց երբ դու այդ անձնականի մեջ ներխառնում ես մարդկանց, իրենց վարկաբեկում ես, վատ դրության մեջ ես դնում․․․ Չեմ կարա ասեմ, բայց եթե ինքը էդպես լավն է, թող ինքը հրապարակի, թող բացի, ոչ թե մեկնաբանի։ Անձնականի մասին չի խոսքը, փակեք այդ թեման»։

Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Հովիկ Աղազարյանն ադեկվատության խնդիր ունի։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, ՔՊ վարչությունը որոշել է Հովիկ Աղազարյանին հեռացնել ՔՊ-ից։ «Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»,- ասված է ՔՊ վարչության որոշման մեջ։ Հովիկ Աղազարյանն էլ երեկ ասաց, որ իր հեռախոսից անձնական բնույթի տեղեկություններ են հայտնվել վարչապետի սեղանին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031