«Միգրացիայի մնացորդը 2001-ի համար մինուս 15,1 հազար է, սահմանահատումներով՝ մինուս 22 հազար։ Մինուսը նշանակում է, որ ավելի շատ գնացել, քան վերադարձել են»,-լրագրողների հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ավելի շատ ներգա՞ղթ է եղել, թե՞ արտագաղթ, քանի որ նրա որդին՝ Լևոն Քոչարյանը պնդում է, որ իր հոր իշխանության տարիներին ավելի շատ մարդիկ եկել են, քան գնացել, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ 2020-ի՞ն ինչ ցուցանիշներ են գրանցվել։ Ստեփան Մնացականյանը պատասխանեց․ «2020-ին նախնական տվյալներով՝ միգրացիոն ցուցանիշը պլյուս 41,4 հազար է՝ ներառյալ ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությունը։ 2018-ին մինուս 18 հազար է ցուցանիշը, իսկ սահմանահատումներով ցուցանիշը՝ պլյուս 18 հազար երեք հարյուր»։
Լրագրողները պնդեցին՝ այնուամենայնիվ, կարո՞ղ է ասել՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ավելի շատ ներգա՞ղթ է եղել, թե՞ արտագաղթ, Ստեփան Մնացականյանը պատասխանեց․ «Խնդրեցի, որ դուք ինքներդ անեք դա: Երկրորդը՝ պաշտոնական վիճակագրության մասին օրենքի համաձայն՝ լիազոր մարմինը չպետք է ներքաշվի քաղաքական, վարչական և գերատեսչական շահերի կոնֆլիկտներում։ Եվ դրանք երաշխավորված են պաշտոնական վիճակագրության հիմնական սկզբունքներով»։
2024-ին տնտեսական ակտիվության ցուցանիշների մասին էլ ասաց․ «Տնտեսական աճի ցուցանիշները երեք եռամսյակների տվյալներով ՀՆԱ ցուցանիշներով հրապարակված են։ Առաջին եռամսյակինը կարծեմ նախորդ տարվա առաջին եռամսյակի նկատմամբ 6,6 տոկոսով ավելի էր, երկրորդը՝ 6,4 տոկոսով ավելի, երրորդ եռամսյակում 5,2 տոկոս ավելի։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ