Նոյեմբերի 27-ին հաստատված զինադադարը խախտվել է։ Սիրիայի՝ մեծությամբ երկրորդ եւ ամենահայաշատ քաղաքը՝ Հալեպը, իսլամիստ ապստամբների վերահսկողության տակ է։ Սիրիայում ՀՀ դեսպանությունը, պատասխանելով հաճախ տրվող հարցերին, նշել է, որ անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է։ ՀՀ ԱԳ նախարարությունից էլ ասում են, որ ուշադրությամբ հետևում են զարգացումներին եւ հնարավորության պարագայում կդիտարկվեն բոլոր տարբերակները։
«Նոյեմբերի 27-ին ձգվող զինադադարը խախտվել է հակակառավարական իսլամիստական ուժերի կողմից, որոնք 2-3 օրվա ընթացքում արագորեն գրավել են Հալեպը, առաջացել հարավ եւ հիմա հիմնական մարտերը գնում են Համա քաղաքի եւ համանուն շրջանի ուղղությամբ: Իրավիճակը կտրուկ փոխվել է հալեպահայերի համար, որովհետեւ հարձակումն անսպասելի է եղել, թեեւ փորձագիտական շրջանակները կարող են նշել, որ պատրաստվում էր այդ ամբողջը, բայց նման մասշտաբի հարձակման մասով անակնկալի են եկել, ինչպես տեսնում ենք՝ կառավարական բանակը, այնպես էլ հասարակությունն ընդհանրապես, եւ հալեպահայությունը»,-Մեդիա կենտրոնում կայացած «Իրավիճակը Հալեպում. հայ համայնքի ճակատագիրը. անվտանգության մտահոգություններ և մարդասիրական կարիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը:
«Առաջին 1-2 օրերին հնարավոր է եղել ոչ հիմնական ճանապարհով Հալեպ-Դամասկոս մայրուղիով, այլ երկրորդական ճանապարհներով հայ ընտանիքների դուրս գալը քաղաքից: Մենք տեղեկություններ ունենք եւ կապի մեջ ենք այդ ընտանիքների հետ, որոնց մի մասը հաստատվել է Դամասկոսում, մի մասը Լաթաքիա է հասել, Քեսաբում եւս կան ընտանիքներ: Առաջին օրերին իրավիճակը բարդ էր նաեւ Քեսաբի շուրջ, նույնիսկ կառույցները Քեսաբի հասարակությանը կոչ էին արել, որ պատրաստ լինեն քաղաքից դուրս գալու, սակայն 1-2 օրվա ընթացքում պետական-կառավարական ուժերը համալրում են ստացել, եւ Քեսաբի համար այս պահին վտանգ չկա»,-հավելեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետը:
Հովհաննես Ալեքսանյանը այլ մանրամասներ էլ հայտնեց. «Մեր տվյալներով, այս պահին շուրջ 10000-12000 հայություն կա Հալեպում: Հայերը հիմնականում տեղաբաշխված են 3 շրջաններում՝ Նոր Գյուղ, Ազիզիե եւ Սուլեյմանիե: Անշուշտ, ունենք հայկական հաստատություններ նաեւ այլ թաղամասերում: Իրավիճակը Քեսաբում ամբողջովին գտնվում է նոր ուժերի ձեռքին: Քեսաբում կա 2 քրդաբնակ շրջան, որոնք զինված են եւ այս պահին մեր ունեցած տեղեկություններով՝ բանակցում են, որպեսզի քրդական միավորումները դուրս գան քաղաքից, բայց վտանգ կա, որ կարող է քաղաքի ներսում բախում սկսվել: Այս պահի դրությամբ ամեն ինչ հանգիստ է: Թե ինչու հաջողեցին հարձակվող ուժերը, պատճառներից մեկն այն էր, որ ինչպես սիրիական բանակում, այնպես էլ բուն Հալեպ քաղաքում նրանք ունեին մեծաթիվ համակիրներ, ինչը նպաստել է նրանց արագ առաջխաղացմանը: Փաստորեն, վերահսկողությունը ներսում իրականացնում են Հալեպի զինյալները:
Կարդացեք նաև
Տեղեկություններ կան, որ իսլամիստների շարքերում վարձկաններ են, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից: Մեր տեղեկություններով, նրանց տեղակայել են քաղաքից դուրս՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Փաստացի պարենավորումն իրականացնում է նույն խմբավորումը, որը մտել է Հալեպ, հացի արտադրամասերը բնականոն աշխատում են, ամբողջ սնուցումն իրականացվում է Իդլիբի շրջանից, խոսքը վերաբերում է ինչպես պարենին, այնպես էլ էներգակիրներին: Հոսանքը մինչ ներխուժումն էլ գրաֆիկով էր տրվում, իսլամիստներն առաջին օրերին անգամ հոսանքի տրամադրման ժամաքանակն են ավելացրել: Իսլամիստներն այս անգամ քաղաքի հասարակության հետ շփումներում չափավոր են, ինչը գուցե նոր մարտավարություն է»:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչի ձեւակերպմամբ. «Հայ հասարակությունն անհանգիստ է, մեծ տագնապ կա, շատերը պատրաստ չէին քաղաքից հեռանալու: Քաղաքի ամբողջ ելքն ու մուտքը վերահսկվում է, պրակտիկորեն անհնար է այս պարագայում քաղաքից դուրս գալը, ունենք մեկ կորուստ: Ներկա պահին տարհանման պլան ունենալը խիստ դժվար է : Հիմնական գործողությունները զարգանում են Իդլիբի շրջանում, կառավարական բանակն այս պահին կարծես շեշտադրել է Իդլիբի շրջանը ճնշել»:
Նա ասաց նաեւ, որ կապի մեջ են թե համայնքային հաստատությունների, թե դեսպանատան հետ, ՀՀ արտգործնախարարության եւ դեսպանության էջերով հրապարակվել է թեժ գիծ, որով մեր հայրենակիցները կարող են կապվել դեսպանության հետ: Նաեւ հավելեց, որ Բերիո թեմը Կիլիկիայի հայոց կաթողիկոսության միջնորդությամբ միջոցներ է հատկացնում քաղաքի կարիքավոր ընտանիքներին, քաղաքում թանկություն կա՝ հացի, ջրի պաշարների հետ կապված. «Կարեւոր է, որ մեր համայնքը կարողանա այս իրավիճակը հաղթահարել»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի