«Վերցրեք որպես ուղենիշ այն հայտարարությունները, որոնք եղել են խմբակցության ղեկավարի, խմբակցության քարտուղարի, ԱԺ նախագահի կողմից։ Ես չեմ ուզում մեկնաբանել մի բան, որը մեկնաբանված է բոլոր հնարավոր միջոցներով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
Լրագրողների հարցերը վերաբերում էին ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանին առնչվող միջադեպին։
Հիշեցնենք, ՔՊ վարչությունը որոշել է Հովիկ Աղազարյանին հեռացնել ՔՊ-ից։ «Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»,- ասված է ՔՊ վարչության որոշման մեջ։ Հովիկ Աղազարյանն էլ երեկ ասաց, որ իր հեռախոսից անձնական բնույթի տեղեկություններ են հայտնվել վարչապետի սեղանին։
Լրագրողի հարցին՝ իրավունք ունեի՞ք վարչության նիստում ընթերցել Հովիկ Աղազարյանի գրառումները, ի պատասխան Վաղարշակ Հակոբյանն ասաց․ «Եթե ունեք այլ հարցեր՝ այդ թեմային չվերաբերվող, ես պատրաստ եմ պատասխանել։ Եթե այլ հարցեր չունեք, ես պետք է ձեզ լքեմ»։
Կարդացեք նաև
Քանի որ լրագրողների հնչեցրած մնացած հարցերն էլ էին Հովիկ Աղազարյանի թեմային վերաբերվում, ՔՊ-ական պատգամավորը հեռացավ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից