Դեկտեմբերի 4-ին Մալթայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
Հանդիպման սկզբում նախարար Միրզոյանը շնորհավորել է Կայա Կալասին ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ներկայիս՝ մարտահրավերներով լի ժամանակահատվածում։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ վերջին շրջանում արձանագրված կարևոր ձեռքբերումները, հարաբերությունների զարգացման աննախադեպ դինամիկան՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ակտիվ փոխգործակցությունը հավակնոտ օրակարգի առաջմղման ուղղությամբ։
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի հիմնական բաղադրիչներին։ Ընդգծվել է այն հանգամանքը, որ համատեղ ջանքերի արդյունքում ՀՀ-ԵՄ համագործակցությունը ներառում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների լայն շրջանակ՝ մարդկանց միջև շփումներից, ժողովրդավարական բարեփոխումներից մինչև անվտանգային հարցերով երկխոսություն։ Ի թիվս կիրառվող գործիքների, առանձնանշվել է ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայունության ապահովման հարցում։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։
Արարատ Միրզոյանը Կայա Կալասին հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի կնքման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տնտեսության ու տրանսպորտային հաղորդակցությունների միջոցով փոխկապակցվածության ավելացման հարցերի։
ՀՀ ԱԳՆ