Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղորդում հանցագործության մասին: Եթե առկա է պետական գաղտնիքի արտահոսք, որտեղից են այդ տեղեկությունները հասու դարձել Աղազարյանին. հարցերի այս ցանկը կարելի է շարունակել». Չալաբյան

Դեկտեմբեր 05,2024 12:08

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դեկտեմբերի 4-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ի թիվս մի շարք այլ ինքնախոստովանական ցուցմունքների, շատ կարևոր ցուցմունք տվեց իր կողմից կատարված աննախադեպ արարքի վերաբերյալ։ Պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, նա ընդունեց, որ ենթադրաբար ԱԱԾ կողմից ստացել է զեկույց պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսում առկա տվյալների մասին, որոնք առևերույթ պետական գաղտնիքի արտահոսք են պարունակել, որից հետո կիսվել է այդ տվյալներով ՔՊ վարչության հետ, որի հիման վրա էլ այն որոշում է ընդունել Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։ Այս կապակցությամբ իմ մոտ մի քանի հարց է առաջանում՝
ա) եթե ԱԱԾ զեկույցը պետական գաղտնիք պարունակող տվյալներ է պարունակում, ի՞նչ հիմքով է Նիկոլ Փաշինյանը այդ տվյալները կիսվել ՔՊ վարչության անդամների հետ, որոնց առնվազն մի մասը պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան թույլտվություն չունեն, և արդյո՞ք դա ինքնին չի հանդիսանում պետական գաղտնիքի արտահոսք պաշտոնատար անձի կողմից;

բ) եթե ԱԱԾ զեկույցում պարունակվող տեղեկությունները ձեռք են բերվել նախաքննական գործողությունների համատեքստում, ապա դրանց տրամադրումը նախաքննության հետ կապ չունեցող անձանց` վարչապետին, ՔՊ վարչության անդամներին, արդյոք չի՞ հանդիսանում նախաքննության գաղտնիքի խախտում;

գ) եթե Հովիկ Աղազարյանը հանդիսանում է ՀՀ պատգամավոր, և Ազգային ժողովը նրա վրայից դեռևս չի հանել պատգամավորական անձեռնմխելիությունը, արդյ՞ոք Քննչական կոմիտեն իրավասու է նրա նկատմամբ քննչական գործողություններ իրականացնել, մասնավորապես, առգրավել նրա հեռախոսը, և նրանից արտածել անձնական գաղտնիք հանդիսացող տվյալներ։

դ) եթե այս ամենի մեջ որևէ պետական գաղտնիք չի պարունակվել, այլ խոսքը գնում է ընդամենը ՔՊ վարչության քննարկումների վերաբերյալ արտահոսքի մասին, ի՞նչ հիմքով է ընդհանրապես ԱԱԾ-ն միջամտում այդ հարցին։ Եվ ընդհակառակը, եթե իրապես առկա է պետական գաղտնիքի արտահոսք, որտեղից են այդ տեղեկությունները հասու դարձել Հովիկ Աղազարյանին, ո՞վ է դրանք նրան տրամադրել։

Հարցերի այս ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն ակնհայտ է, որ այս միջադեպը ակնառու կերպով բացահայտում է Հայաստանի իշխանական համակարգում տիրող ապօրինության և իրավական քաոսի ողջ մակարդակը։ Սա ներհատուկ է բռնապետական պետություններին, որտեղ որևէ տարաբաժանում չկա պետական և կուսակցական մարմինների, գործադիր․ օրենսդիր և դատական իշխանության միջև, որտեղ իրավապահ մարմինները ենթարկվում են ոչ թե օրենքին, այլ բռնապետի հրամաններին։ Այսպիսի բռնապետական իշխանությունների վախճանը ևս շատ կանխատեսելի է, և Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպը ցույց է տալիս, որ այն անշրջելիորեն մոտենում է։

Մինչ այդ, առաջարկում եմ ՀՀ Գլխավոր դատախազին չսպասել այդ գեղեցիկ օրվան, իմ այս գրառումը ընդունել որպես Հաղորդում հանցագործության մասին, և քրեական վարույթ հարուցել այս բոլոր հարցերին պատասխան տալու համար։

Եթե այս Գլխավոր դատախազը դա չանի մեզ բոլորիս հասկանալի պատճառներով, առաջարկում եմ համակարգում մնացած այն դատախազներին, որոնք դեռևս հավատարիմ են ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին ծառայելու իրենց երդմանը, դա անել նրա փոխարեն, նրանք դրա իրավասությունը ունեն։ Ինքս պատրաստ եմ հետամուտ լինել նրան, որ մի հրաշալի օր դա տեղի ունենա, և օգնի վերականգնել մեր քաղաքացիների հավատը օրենքի և օրինականության նկատմամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031