Փաշինյանի կառավարությունը վերանայել է 2025-ի բյուջեի ցուցանիշները։ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանին խնդրեցինք անդրադառնալ դրան:
– Սա խոսում է մեկ բանի մասին, որ կարծես թե այն ռիսկերը, որոնց մասին խոսում էինք ոչ միայն 2025 թ., այլեւ 2024 թ. բյուջեի համատեքստում, նյութականացել են, եւ կառավարությունը գալիս է նրան, որ այդ ռիսկերն իրական են, բավականին զգայուն են, եւ շատ ավելի ճիշտ կլինի, որ բյուջեի հիմքում ավելի իրատեսական ցուցանիշներ դնեն: Իհարկե, եթե մենք ուշադրություն դարձնենք թվերին, ֆինանսների նախարարը հայտարարեց, որ տնտեսական աճի ցուցանիշը 2025-ին 5,6 տոկոսից իջեցվել է 5,1 տոկոսի, այսինքն՝ 0,5 տոկոսային կետով, ինչն արժանացել է անվանական ՀՆԱ-ի նվազեցմանը 158 միլիարդով։ Սա նշանակում է, որ կառավարությունը ոչ միայն վերանայել է ապագա տարվա տնտեսական ցուցանիշը՝ նվազման ուղղությամբ, այլեւ վերանայել է 2024թ. տնտեսական ցուցանիշը՝ 5,8 տոկոսից, ամենայն հավանականությամբ, մոտենալով 5 տոկոսի: Սա շա՞տ է, թե՞ քիչ է: Ես կարծում եմ, որ, հաշվի առնելով ներկայիս տնտեսական կառուցվածքը եւ ՀՆԱ-ի առաջնորդող գործոնները, իսկ դրա մասին բազմիցս ենք խոսել, որ 2022-ից այս կողմ մեզ մոտ տնտեսական աճի առաջնորդող ճյուղը ոչ արտահանելի հատվածն է, եւ այդ հոսքերը հիմնականում կապված են Ռուսաստանի տնտեսության եւ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությամբ պայմանավորված սանկցիաների խնդրի հետ, մենք 2024-ին եւս ունենում ենք պոտենցիալից բարձր տնտեսական աճ, որովհետեւ մեզ մոտ այս տարի էական է եղել նաեւ վերաարտահանումը: 2025-ին կլինի՞ արդյոք նմանատիպ դրական շոկ, շատ դժվար է ասել, ուստի, նույնիսկ 5,1 տոկոսանոց տնտեսական աճի ցուցանիշը ռիսկային է, որովհետեւ չեմ կիսում այն կարծիքը, որ տնտեսական աճի հենքն ապահովող կամ պոտենցիալն աճ ունի, հատկապես, եթե ուշադրություն դարձնենք այլ ցուցանիշներին` ներդրումներ, բանկային վարկերի ալների աճ, կտեսնենք, որ իրականում տնտեսական աճի հենքերը խարխուլ են: Հիմնականում առաջնորդող է ոչ արտահանելի հատվածը, իսկ տնտեսագիտական աշխարհում ընդունված է, որ ոչ արտահանելի հատվածը բավականին խոցելի եւ զգայուն է արտաքին հոսքերին: Արտաքին հոսքերը գալիս են` ոչ արտահանելի հատվածը ծաղկում է, կրճատվում են՝ ոչ արտահանելի հատվածը տալիս է գործազրկություն:
– Մի կողմից՝ կառավարությունը գնում է տարբեր ոլորտներում հարկային բեռի ավելացման, մյուս կողմից բյուջե 2025-ը չի նախատեսում թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում: Քաղաքացին ինչպե՞ս է իր վրա զգալու այս բյուջեն:
– Այո, կառավարությունը գնում է հարկերի բարձրացման: Իհարկե, եթե նայենք զուտ ֆինանսների նախարարության տեսանկյունից, նա իր մանդատին համապատասխան ճիշտ քաղաքականություն է անում՝ փորձում է հաշվեկշռել բյուջեն: Կան ստանձնած բավականին բարձր ծախսային պարտավորություններ, եւ դա պետք է ֆինանսավորել, եւ եթե դա թողնենք միայն դեֆիցիտի վրա, առանց այն էլ, այն աճող է տարիների ընթացքում, եւ սա եւս անհանգստացնող է: Մենք 2 տոկոս ՀՆԱ-ի մեջ դեֆիցիտի մակարդակի մեջ արդեն բարձրացել ենք 5-ից բարձր պակասուրդ-ՀՆԱ ցուցանիշին` 2025-ի համար, եւ եթե ֆինանսների նախարարությունը գործողություններ չանի, որ հարկերը հաշվեկշռվեն, մենք կունենանք շատ ավելի վատ պատկեր: Գումարած՝ ֆինանսների նախարարությունը փորձում է հարկերի բարձրացման համատեքստում հարկային արդարության սկզբունքները պահպանել, սակայն մենք կունենանք նաեւ սոցիալական խնդիրներ: Առավել եւս, վստահաբար եմ ասում` 2018-ից այս կողմ միջին եւ ցածր եկամուտ ունեցող անձանց սոցիալական վիճակն էապես է վատացել: Սա մեզ հուշում է նաեւ սպառողական վարկերի վարքագիծը, որոնք գրեթե կրկնապատկվել են այս տարիների ընթացքում, իսկ սպառողական վարկերից չեն օգտվում միջինից բարձր եկամուտ ունեցող տնային տնտեսությունները: Հետեւաբար, ներկայիս ռիսկերի եւ վտանգների համատեքստում ֆինանսների նախարարությունը ճիշտ է արել, որ չի գնացել աշխատավարձերի եւ թոշակների բարձրացման, որովհետեւ, եթե բարձրացներ, դա ավելի ծանր վիճակի մեջ կդներ ՀՀ-ն: Բայց փաստը մնում է փաստ, որ միջինից ցածր եկամուտ ունեցող տնտեսություններն ապագայում էլ ավելի են խոցվելու, որովհետեւ նրանք ունեն իրենց հաշվեկշիռներում սպառողական վարկեր, առաջիկա մի քանի տարիներին պետք է ապրեն այդ վարկերի հետ, իսկ երբ եկամուտներն ավելի դանդաղ են աճում, անվանական գնաճը խժռում է եկամուտները, երբ, Աստված մի արասցե, իմ նախանշած ռիսկերը նյութականանան, եւ ոչ արտահանելի հատվածը սկսի կրճատվել՝ տալով գործազրկություն, այդ բոլոր գործոնների արդյունքում, բնականաբար, սոցիալական խնդիրներ կառաջանան:
Կարդացեք նաև
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: