Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հնարավորություն ունեցավ գործնականում կիրառել իր բոլոր քայքայիչ ու քանդարար «տեսությունները». «Փաստ»

Դեկտեմբեր 05,2024 11:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի թիվ մեկ հեծանվորդ, «տիկտոկեր» ու համատեղության կարգով վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի «փիլիսոփայական» շատախոսությունները մեկնաբանելն անշնորհակալ գործ է, բայց երբեմն անհրաժեշտ: Համարյա, ինչպես խցանումը վերացնելը: Տհաճ է, բայց պետք է: Եվ այսպես. նախ՝ հատկանշական է, որ եկող տարվա պետական բյուջեի մասին օրինագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթը Նիկոլ Փաշինյանը վերածեց «փիլիսոփայության»: Իբր՝ ինքը մի նորահայտ մտածող է, նորահայտ ուսմունքի հեղինակ, 21-րդ դարի երկրորդ տասնամյակի մի տեղական Ադամ Սմիթ կամ Կարլ Մարքս (թող ներեն մեզ տնտեսագետներն ու մարքսիստները): Իրականում, հասկանալի է, ոչ մի նման բան չկա, քանզի փաշինյանական ճառաբանություններում չկա իրական բովանդակություն, իսկ նրա ձևակերպած «գաղափարները» մակերեսային են, հեղհեղուկ, դա դեռ մի կողմ, ավելին՝ ուղղակիորեն կործանարար են: Լավ, ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը:

Ասում է, թե «աշխարհը մեզ (հայերիս) ընկալում է որպես ազգ-նահատակ»: Փաշինյանը և՛ ստում է, ինչպես միշտ, և՛ ինչ-որ տեղ՝ ոչ: Ստում է, որովհետև աշխարհը տասնամյակներ շարունակ մեզ չի՛ ընկալել որպես «ազգնահատակ»: Ու, որ շատ ավելի կարևոր է, մենք, որպես ազգ, որպես հասարակություն, ինքներս մեզ այդպես չենք ընկալել: Հասկանալի է, որ Փաշինյանն ու նրա քպականները պարտությամբ հպարտացողներ են ու պարտություն բերողներ: Հասկանում ենք, որ նույն այդ աշխարհը մեզ, ցավոք, ճանաչում է նաև Նիկոլ Փաշինյանով: Այդուամենայնիվ, Փաշինյանի ասածը՝ «ազգ-նահատակ» ընկալվելու մասին, առավել ևս «ազգ-բանակ» կոնցեպտի համատեքստում, բացահայտ անհեթեթություն է, քանի որ նույնիսկ 1915ից հետո, 1918-ին մեր ազգն իր մեջ ուժ գտավ դիմակայել ու չմեռնել, կռվել ու հաղթել Սարդարապատում:

Մեզ ավելի մոտ ժամանակներում, որի ականատեսն ու ժամանակակիցներն ենք շատերս, 1988-91 թվականներին, իսկ որ ավելի էական է՝ 1991-94 թվականներին, ապա և՝ 1994-ից մինչև 2018 թիվը պետականությունը վերականգնած Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու համայն հայությունը երբեք չեն ընկալվել որպես «ազգ-նահատակ» կամ զոհ, մատաղացու և նման մի բան: Հակառակը, հիշեք, որ թշնամական Ադրբեջանի ղեկավարներն ինչ օտար պետության ղեկավար էին գտնում կամ երբ գնում էին ՄԱԿ ու ԵԽԽՎ, լացուկոծ էին դնում ու «վատ հայերին» մեղադրում, որ ագրեսոր են, օկուպանտ, այս, այն: Ալիևը մի անգամ նույնիսկ յուրայինների մոտ էր նվնվացել, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: «Ազգ-նահատակը», զոհի բարդույթով ապրող ժողովուրդը ոչ մի կերպ չէր կարող Արցախ ազատագրել ու հայրենիք պաշտպանել, չէր կարող հակահարված տալ սպառազինված ու քանակով գերազանցող թշնամուն, չէր կարող տասնամյակներով ամուր պահել ազատագրածն ու հետ նվաճածը:

Իսկ, այ, Փաշինյանն ու նրա նմանները ամեն կերպ թշնամու քարոզ էին տանում այդ նույն տարիներին, ամեն կերպ փնովում ու վարկաբեկում էին հաղթողներին, պետությունը ոտքի կանգնեցնողներին, բանակ ստեղծողներին: Ավելին, փորձում էին ներարկել զոհի բարդույթ և այդպես շարունակ: Բայց ամենից վատն այն է, որ 2018-ին, գրավելով իշխանությունը, Փաշինյանը հնարավորություն ունեցավ գործնականում կիրառել իր բոլոր քայքայիչ ու քանդարար «տեսությունները», «երկիրը հակառակ կողմի վրա շրջելը»: Ու շրջեց. բանակցային գործընթացի տապալում, պատերազմի հրահրում, հրահրած պատերազմի խայտառակ կառավարում, հազարավոր զոհեր, ծանր կորուստներ, դաշնակիցների հետ հարաբերությունների փչացում, թշնամիների սիրաշահում: Ո՞ր մեկը թվարկես, որը՝ ոչ: Այ, այս բոլոր չարաղետ «ձեռքբերումներից» հետո, իսկապես, հնարավոր է, որ աշխարհը հայերին ընկալում է որպես «ազգ-նահատակ», այսինքն՝ մի ազգ կամ անգամ հանրույթ, որին կարելի է կոտորել, նվաստացնել, որից կարելի է խլել տարածքները, տները, գործարանները, կանանց ու երեխաներին. միևնույնն է, ձայն չեն հանի, հանեն էլ՝ Փաշինյանի կարմիրբերետավորները այդ ձայն հանողներին «ժողովրդավարաբար» կհոշոտեն:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031