Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի փոքր եղբորը մեղադրում են դասերի չհաճախելու եւ բուհի լսարաններից մեկի վերանորոգմանը մասնակցելու համար. «Հրապարակ»

Դեկտեմբեր 05,2024 11:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հրապարակը» զրուցել է Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի հետ։

– Տեղեկություններ են պտտվում, թե իշխանությունները փորձում են Ձեր ընտանիքին պատկանող բիզնեսների գործունեությունը խոչընդոտել։ Ի՞նչ է կատարվում։

– Իրականում կատարվում է հետեւյալը. օգոստոսից սկսած՝ մի շարք քրեական վարույթներ են նախաձեռնվել իմ ընտանիքին պատկանող մի շարք բիզնեսների մասով։ Վարույթը նախաձեռնվել էր «Կապանի նորոգշին» ՍՊԸ-ի նկատմամբ, եթե չեմ սխալվում՝ ապօրինի ընդերքօգտագործման հոդվածով, ինչի հետեւանքով «Կապանի նորոգշին» ՍՊԸ-ի քարի ջարդման արտադրամասի գործունեությունը կասեցվել էր, քանի որ կապարակնքվել են նույնիսկ քարի ջարդման սարքավորումները, այսինքն` «դռոբիլկաները»: Սեպտեմբերից սկսած մինչ այսօր նույն վիճակն է՝ կապարակնքված են սարքավորումները:

Երկրորդ քրեական վարույթը, որ նախաձեռնվել է օգոստոս ամսին, «Գրիգ բիզնես» ՍՊԸ-ի հետ է կապված։ Դա նույնպես իմ ընտանիքին պատկանող կազմակերպություններից է, եւ դրա հետ կապված՝ մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցան խուզարկություններ, առգրավումներ, կապարակնքվեց գազալցակայանը, եւ ներկա դրությամբ իմ ընտանիքին պատկանող գազալցակայանի գործունեությունը եւս փաստացի կասեցված է:

– Ձեր ընտանիքին պատկանող ընկերությունների գործունեության կասեցումն ինչո՞վ է պայմանավորված` իսկապե՞ս խնդիրներ կան, թե՞ Ձեր՝ համայնքապետի գործունեությամբ է դա պայմանավորված:

– Կարծում եմ՝ այս ամենը կոնկրետ իմ անձի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ են եւ կապված են իմ գործունեության հետ: Չեմ կարծում, որ սա կապ ունի բիզնես գործունեության հետ, որովհետեւ նույն՝ «Նորոգշինի» պարագայում, «Նորոգշինն» այն եզակի կազմակերպություններից է Կապանում, որն ունի ընդերքօգտագործման թույլտվություն եւ այդ թույլտվությունը վաղուց ունի: «Նորոգշինն» արդեն մեկ տասնյակ տարուց ավելի հանդիսանում է խոշոր հարկ վճարող` շինարարության ոլորտում: Նույնը վերաբերում է նաեւ «Գրիգ բիզնես» ՍՊԸ-ին՝ նույն պատճառով է կասեցվել գործունեությունը:

– Ձեր փոքր եղբոր կալանավորման մասով ի՞նչ կասեք, նրան մեղադրեցին դասերին չհաճախելու համար, դա նույնպե՞ս դիտարկում եք որպես ճնշում անձամբ Ձեզ վրա:

– Այս հարցով, իհարկե, չէի ուզենա կոնկրետ քաղաքական ենթատեքստ տեսնել՝ փոքր եղբորս հետ կապված, բայց որ գործն աբսուրդ է, դա միանշանակ է, քանի որ անընդհատ փորձում են փոքր եղբորս տանել կալանքի, որովհետեւ առաջին ատյանի դատարան տարան գործը, հետո՝ վերաքննիչ, հիմա էլ՝ վճռաբեկ: Բայց որ մտածում ես, թե մեղադրանքն ինչի համար են առաջադրել… իսկապես աբսուրդ է՝ դասերին չհաճախելու եւ բուհի լսարաններից մեկի վերանորոգմանը մասնակցելու համար: Եվ այդ ամենը փորձում են դիտարկել որպես կաշառք տալ։ Աբսուրդ է, այսինքն՝ արդեն հասել ենք այն աստիճանի, որ բարի կամքի դրսեւորումը ներկայացվում է որպես կաշառք տալ:

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031