2015 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնված՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձևը: Եվ դրա հետ կապված՝ Հայաստանը նախաձեռնել և կազմակերպում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումները, որոնք տեղի են ունեցել 2015, 2016, 2018 և 2022 թվականներին։
Այս տարի դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրով:
Հաշված օրեր են մնացել Գլոբալ ֆորումին, սակայն երեկ դեռ ո՛չ նորմալ օրակարգը կար, ո՛չ էլ կոնկրետ զեկուցողներն էին հայտնի։
Այս իրողությունն ինքնին խոսուն է։ Միջոցառման հայեցակարգն էլ ֆորումի կայքում միայն անգլերեն տարբերակում էր դրված, իսկ հայերեն մասը դատարկ էր։ Մասնագետ չպետք է լինել նկատելու համար, որ գլոբալ ֆորումի հայեցակարգը շատ փնթի ձևով է կազմված։ Դրանում տեղ են գտել ինչ-որ ընդհանրական դրույթներ, իսկ կոնկրետ իրողությունների մասով ոչինչ չկա: Ու ցավալին այն է, որ մի տեղում հղում է կատարված ընդամենը Ռուանդայի ցեղասպանությանը։ Այնինչ, հարկ էր, որ միջոցառման շրջանակներում հատկապես ուշադրություն դարձվեր այն իրողության վրա, որ մինչև այսօր Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը՝ հրաժարվելով առերեսվել սեփական պատմությանը, ինչն էլ ճանապարհ է բացում նման հանցագործությունների կրկնության համար։ Ու շատ զարմանալի է, որ միջոցառման հայեցակարգում ոչ մի խոսք չկա նաև Արցախի թեմայի շուրջ, երբ կոնկրետ միջազգային հանցագործություններ են տեղի ունեցել Արցախի բնակչության նկատմամբ, ու միջազգային հանրությունն ի զորու չի եղել դրանք կանխելու։
Կարդացեք նաև
Այսինքն, լավագույն առիթը կա հեղինակային Գլոբալ ֆորումի նախաձեռնության միջոցով շատ կարևոր հարցեր բարձրացնելու և միջազգային հանրությանն ու փորձագիտական դաշտին կարևոր ուղերձներ փոխանցելու համար, բայց չի արվում։ Այնպիսի տպավորություն է, որ Գլոբալ ֆորումը վերածվել է ընդամենը ձևական միջոցառման, որը ընկել է Հայաստանի «վզով» ու ստիպված պիտի իրականացվի։ Չնայած ՀՀ իշխանություններից այլ մոտեցում սպասելի էլ չէր, քանի որ մի շարք ուղղություններով նրանք ևս միացել են ցեղասպանության ժխտման արշավին։
Լուսանկարը՝ 2022 թվականի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումից
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։