Նախօրեին կայացած ՔՊ կուսակցության վարչության նիստում Հովիկ Աղազարյանի հարցը քննարկվել է մոտ մեկուկես ժամ, սակայն բառ անգամ չի խոսվել ո՛չ Քյարամյանի հետ տեղի ունեցած միջադեպի, ո՛չ պատգամավորի որդու, ո՛չ էլ ոչխարների հայտնի գործերի մասին: Ինչը նշանակում է, որ դրանք շինծու, անհիմն մեղադրանքներ են: Մի ձեւով փորձել են մանդատը խլել` չի ստացվել, եւ անցել են այլ մեթոդի: Երկակի կյանքով ապրող ՔՊ-ականների խումբը որոշել է բարոյականության դիրքերից հանդես գալ եւ երկար քննարկել է Աղազարյանի անձնական կապերը, ինտիմ զրույցները, կանանց եւ տղամարդկանց հետ նամակագրությունները, Նիկոլ Փաշինյանն անգամ ընթերցել է իր առջեւ դրված ինչ-որ հեռախոսային զրույցներ, հաղորդագրություններից սքրին շոթեր է ներկայացրել եւ փորձել է Աղազարյանի վրա հոգեբանական ճնշում գործադրել, թե բա` ինչ կլինի, եթե այս մասին ուրիշներն էլ իմանան: Փաստորեն, այս մարդիկ անգամ չեն հասկանում` ինչ է կարելի, ինչ չի կարելի անել: Փորձել է հանրայնացնել մարդու անձնական կյանքը, սպառնալ՝ որպես քաղաքական կոմպրոմատ օգտագործել, իսկ վերջում էլ, առանց անհարմար զգալու, այդ մասին գրել են հաղորդագրության մեջ` որպես կուսակցությունից հեռացնելու պատճառ։
Փաշինյանն Աղազարյանին նաեւ մեղադրել է լրագրողներին ինֆորմացիա փոխանցելու մեջ, նախկին խմբագիրը մի քանի տող է ընթերցել` դրանք վերագրելով Աղազարյանին: Ամենաշատը վրդովվել է իր եւ Իլհամ Ալիեւի վերջին հանդիպման մասին «Հրապարակում» հայտնված տեղեկություններից, մասնավորապես` Ռուբեն Վարդանյանին վերաբերող դրվագից։ Մենք գրել էինք, որ այդ հանդիպման ժամանակ, երբ Ալիեւը հարցրել է՝ ինչու չեք պահանջում Ռուբեն Վարդանյանին, Փաշինյանը պատասխանել է` գիտի, որ պահանջի էլ, նա չի տա։ «Փոխարենը ուրիշներն են պահանջում, Պուտինը»,- ասել է Ալիեւը։ Փաշինյանն Աղազարյանին մեղադրել է, թե այս ինֆորմացիայի արտահոսքն իր ձեռքի գործն է։
Ի դեպ, այդ լուրերը մեր թերթում հրապարակվել են հոկտեմբերի 29-ին, այսինքն՝ շուրջ մեկուկես ամիս առաջ, եթե դրանք վտանգել են պետության անվտանգությունը կամ պետական գաղտնիք էին պարունակում, ինչո՞ւ են այսօր հիշում այդ մասին եւ ինչպե՞ս են պարզել, որ աղբյուրը Հովիկ Աղազարյանն է:
Երեկ Հովիկ Աղազարյանը լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց. «Ես այս տարիների ընթացքում երբեւէ չեմ եղել այն բաժնում, չեմ դիմել՝ այս կամ այն գաղտնի փաստաթղթին ծանոթանալու համար… Եթե խոսքը վերաբերում է խմբակցության նիստերից արտահոսքին, որտեղ մասնակցում է 60-70 պատգամավոր, նաեւ՝ կառավարության անդամներ, ասեմ՝ ես միշտ հասանելի եմ, լրագրողները գիշերն էլ զանգեն, ես պատասխանել եմ։ Հիմա այդ զրուցելու ընթացքում, թե՛ հարցազրույցի ֆորմատով, թե՛ ընդհանրապես, կարող է պատահի, որ ես մի բան եմ ասել, որ չէր կարելի ասել: Ես չեմ հիշում կոնկրետ այդպիսի դեպք, որ նպատակամղված, պլանավորված` այսօր սա եմ ասել՝ արտահոսք, հետո այն եմ ասել` արտահոսք»։ Հարցին՝ իսկ «բարոյական հանրային նորմեր է խախտել»-ն ի՞նչ է նշանակում` տպավորություն է, որ սիրուհի ունենալու մասին է խոսքը, Աղազարյանը պատասխանեց. «Սիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է… բա էլ ի՞նչ կա, հիմա ես կուզե՞մ՝ էդ ինֆորմացիան հրապարակեն․ իհարկե, չեմ ուզի»։ Ասաց նաեւ. «Ես հարցրեցի՝ պարոն վարչապետ, այս ամենը, որ ցույց եք տալիս ինձ, օրինակա՞ն է, նա ասաց՝ դա հիմա կարեւոր չէ»։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: