Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գասպարյան. Ժողովուրդը, որը հերթ էր կանգնում գիրք գնելու համար՝ իր անձնական գրադարանը հանեց թափեց փողոց. «Դրօշակ»

Դեկտեմբեր 05,2024 09:30

Զրույց գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանի հետ

Դավիթ Գասպարյան. 30 տարի աշխատել եմ Գրականության ինստիտուտում, լաբորանտից հասել գիտական գծով փոխտնօրենի աստիճանի, ամենաերիտասարդ տարիքում պաշտպանել դոկտորական ատենախոսություն: Ամեն տարի մոտ 15-20 անուն գիրք էինք հրատարակում՝ 3, 5, 10 հազար տպաքանակով: Հովհաննես Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի տասը հատորյակն սկսեցինք տպագրել 70.000 տպաքանակով: Սա քիչ էր, պահանջարկ կար, կառավարությանը հայտ ներկայացրինք, որպեսզի տպաքանակը հասներ 100.000:

Արտաշես Շահբազյան. – Հանրագիտարանը տպագրվում էր 100 հազար օրինակ, 20, 30, 50 հազար տպաքանակով դասական ու նույնիսկ ժամանակակից գրողների գործերն էին տպագրվում։

Դ. Գ. – Այո՛, բայց Թումանյանի վերջին հատորն արդեն անկախության շրջանում տպագրվեց 500 օրինակով և երկար մնաց գրախանութների դարակներին, փոշիների մեջ: Այդպես եղավ, որովհետև, հոգեբանորեն մարդուն փոխեցին, շեղեցին իր առանցքից: Այս ընթացքում գիտության ասպարեզում ծաղկեց ոչ արհեստավարժ մոտեցումը: Գիտական հաստատություններում, որպես տնօրեններ, փոխտնօրեններ,  գիտական ղեկավարներ հայտնվեցին պատահական մարդիկ: Օրինակ, երբ անդրադառնում ես, թե ինչ թերուսներ են ղեկավարել ասպիրանտներին, այդ երիտասարդները մեղքդ գալիս են:

Դպրոցի կառուցվածքը փոխվեց, գիտական համակարգը խեղվեց: 12-ամյա կրթական համակարգն աղետ դարձավ: Հիմա ի՞նչ վիճակ է՝ ավարտական դասարանի աշակերտը մեկ ոտքով դպրոցում է, մյուս ոտքով կրկնուսույցների դռանն է և այս ընթացքում էլ պետք է պարբերաբար ներկայությունը հաստատի զինկոմիսարիատներում: Աղետ դարձան վերջին շրջանում կրթական ոլորտում կատարված փոփոխությունները: Դասագրքերի նոր սերունդն է ընթացքի մեջ, ինչ էլ լինի՝ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի դպրոց մտնեն հնարավորինս վստահելի գրքեր, և դպրոցը հեռու պահենք անհարկի ցնցումներից: Աշակերտին լավ դասագիրք է անհրաժեշտ, իսկ թե վերևներում ինչ են վիճում ու բանավիճում, նրա համար չէ, այլ կրթության ոլորտի չինովնիկների:

Ա. Շ.Ասում են՝ անգամ Րաֆֆին է հանվել  դպրոցական ծրագրերից:

Դ. Գ. – 8-րդ դասարանի դասագրքում Րաֆֆին ներկայացված է «Խենթը» վեպով, իսկ 10-րդի ծրագրում «Սամվել»-ը ներառված է լրացուցիչ կարգով՝ QR կոդի տեսքով, որը գործնական և արդյունավետ չէ: Այլ օրինակ՝ 9-րդ դասարանի դեռևս գործող, բայց հաջորդ տարվանից նախկին դարձող դասագրքում կա Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի «Հառաջաբան»-ը, նոր ծրագրով «Աբովյան» թեման ընդհանրապես հանվել է 9-րդ դասարանի ծրագրից: Համաշխարհային գրականությունից նույն 9-րդ դասարանի գործող դասագրքում կա Շեքսպիրի «Համլետ»-ը, նոր ծրագրում Շեքսպիրն ընդհանրապես հանված է:

9-րդ դասարանի «Գրականության» նոր դասագրքում երեք մեծ թեմաներ են՝ առաջինը՝ առասպելներ, վիպերգեր, էպոս: Այստեղ պետք է սկսել Մաշտոցից, անցնել Խորենացի և հասնել մինչև էպոս: Երկրորդը՝ հայ միջնադարյան տաղերգությունն է, երրորդը՝ կատակերգությունն է՝ ներկայացված Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»-ով: Մինչդեռ ժամանակագրական կարգով Դեմիրճյանն ուրիշ տեղ է, ուրիշ կառուցվածքի մեջ:

Անկախ ժամանակի փոփոխություններից՝ աշակերտը մնում է աշակերտ և անհրաժեշտ է, որ նա գրականությունից  չհիասթափվի: Ոչ թե չոր, անհոգի, անկենդան դասագիրք պետք է տալ աշակերտին, այլ հոգի դնել  դասագրքի մեջ: Բանավեճերի և պարզաբանումների փուլը թեև չի փակվել, բայց պետք է առաջ նայել: Դրա համար նեղացած, խռոված մարդու պես պետք չէ երես թեքել այդ գործից, այլ անհրաժեշտ է շարունակել ստեղծել նոր որակյալ դասագրքեր և դրանով կանխել այդ գործում աշխուժացած բազմաթիվ պատահականությունների վտանգավոր գործունեությունը: Այն տպավորությունն է, թե բոլորը դասագիրք են գրում:

Առհասարակ, կրթությունը, գիտությունը, մշակույթը թանկ հաճույք են, որոնց համար պետք է վճարել, որոնց համար պայմաններ պետք է ստեղծել, պետք է աչքի լույսի պես պահպանել, իսկ մենք շատ անփույթ վարվեցինք։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին, 1943 թվականին հիմնադրվեց  Հայաստանի գիտությունների ակադեմիան, իսկ 80 տարի անց հարց է դրված այն փակելու մասին:

Ա.Շ. – Եվ պատրանք չունենանք, թե, ինչպես ներկայացվում է, ակադեմիան փակելուց հետո նրա գործունեությունը և գիտական հանրույթը ներգրավվելու են բուհական համակարգի մեջ։ Տեղի ունեցողն այլ բան չի նշանակում, քան ակադեմիական գիտական համակարգի  փոշիացում: Այսինքն՝ խնդիրը բոլորովին էլ շենքերին, նյութատեխնիկական բազային կամ աշխատակազմերին  չի վերաբերում:

 Դ. Գ. – Իրավացի եք, մեր իրականության մեջ եթե մի բան փոխվում է, ապա ոչ թե կատարելագործում, զարգացում է տեղի ունենում, այլ հետքայլ, անկում կամ ոչնչացում: Երբ, օրինակ,  ասում են գիտական  քաղաք, ես դրան չեմ հավատում: Չեմ հավատում նաև  գիտությունը համալսարանական կենտրոնների հետ միավորելու նախաձեռնությանը, ըստ որի՝ արտասահմանում այդպես է: Բայց սա գիտությունը կազմակերպելու, կառավարելու արդյունավետ ձև է, որն իրեն արդարացրել է նախկինում: Բացի դա,  բուհական համակարգը ներկայումս լավ վիճակում չէ: Այս տարի միայն ուսանողների 6 հազարից ավելի տեղ թափուր մնաց՝ դիմորդ չունենալու պատճառով: Սա մեծ աղետ է: Մենք շատ սթափ պետք է նայենք այս հարցերին  և կրթությունն ու գիտությունը չոչնչացնենք:

Նաև մեկ ուրիշ միտում է նկատվում՝ իբր հեղափոխական ալիքի վրա եկած երիտասարդությունն այնքան խոշոր գիտական մտքի տեր է, որ ավագ տարիքի մասնագետներն արդեն պետք է արհեստականորեն հեռանան: Ըստ նրանց՝ ավագները չեն կարող լինել գիտական թեմաների ղեկավարներ, չեն կարող հայտ ներկայացնել և գիտական խմբեր ղեկավարել։ Արդեն երիտասարդ նորերը պետք է ղեկավարեն, իսկ գիտնականն այն մարդն է, ով տարիների ընթացքում անընդհատ գիտելիքներ է կուտակում: Այսինքն՝ այս մոտեցումն իր հերթին  գիտության մահն է գուժում:

Նաև հայտարարել են, որ գիտական չեն համարվելու հայերեն տպագրված գրքերն ու հոդվածները. Ըստ այդմ՝ գիտական կարող են համարվել միայն օտար լեզուներով օտար, անմատչելի և հայ գիտնականի համար թանկ վճար պահանջող ամսագրերում տպագրածը: Սա ծաղր չէ՛, հապա ի՜նչ է: Սա, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան գիտության գաղութացում:

(….) Վերադառնանք գիր-գրականությանը: Ի՞նչ կատարվեց. այն ժողովուրդը, որը հերթ էր կանգնում, հերթում առաջացած հրմշտոցից ցուցափեղկի ապակիներ էր կոտրում գիրք գնելու համար, իր անձնական գրադարանը հանեց թափեց փողոց կամ կոպեկներով տվեց գրավաճառներին։

Ա. Շ.–  Տուն չկար, որ գրադարան չունենար, պարզ մարդիկ պատմավեպերն անգիր հատվածներով գիտեին, ընտանիքի անդամներով նստում կարդում էին։ Ոչ միայն դասական, այլև անգամ ճանաչված կենդանի գրողների գործերը, անկախ տպաքանակից, արագորեն սպառվում էին, շատերը նախօրոք բաժանորդագրվում էին, որ անպայման կարողանան ձեռք բերել։

Դ. Գ.– Մի՛ մոռացիր, տանը կուտակած ավելորդ թուղթ էինք հանձնում և դրա դիմաց գիրք գնելու արտոնություն ստանում: Աչքիս առաջ է, թե ինչպես էին բակերում, տաղավարներում, այգիներում տարիքն առած մարդիկ հավաքվում և մեկը մյուսին լրացնելով պատմում իրենց ծննդավայրից գաղթի, փախեփախի և հերոսական դիմակայության դրվագները, պատմում կարդացած պատմավեպը, կարդում և գիրքը մեկ-մեկու  փոխանցում։ Եվ այս կենդանի գրադարանը մեր պատմությունն էր, ազգային հիշողությունն էր պահպանում, ազգային հոգեկերտվածք էր ձևավորում։

Հետո պետական հրատարակչությունների գործունեությունը մարեց, նրանց փոխարինելու եկան մասնավոր հրատարակչությունները։ Ի՞նչ տեղի ունեցավ գրահրատարակչության ասպարեզում։ Իմ օրինակով ասեմ։ «Ողբերգական Չարենցը» գիրքս խորհրդային վերջին տարում՝ 1990 թվականին, հրատարակվեց 15.000 տպաքանակով։ Գրականագիտական բնույթի այս գիրքը սպառվեց մեկ շաբաթվա ընթացքում։ Իսկ 2020-ականներին լույս տեսած իմ վերջին գրքերը տպագրվում են 200-300 տպաքանակով, այդքանն էլ չի սպառվում։ Գրքի  սպառման հոգսը մնացել է հեղինակի վրա, ընդամենը մի գրախանութ կա, միայն «Բուկինիստ»-ը, որ հավատարիմ մնաց գրքին։ Երևանում կար 75 գրախանութ՝ ի՞նչ եղան։

«Գարուն» ամսագիր ունեինք, որը ժամանակին լույս էր տեսնում 140 հազար տպաքանակով։ «Գրական թերթ»-ը լույս էր տեսնում 40 հազար տպաքանակով։ Իմ «Փակ դռների գաղտնիքը» հոդվածաշարից հետո, որ «Գրական թերթ»-ում տպագրվեց 1990 թվականի հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին, թերթի տպաքանակը հասավ 120.000-ի: Մարդիկ կարդում էին, նրանց առջև բացվում էին ճշմարտության դռները:

Այսօր այդպիսի բան չկա։ «Հայոց լեզու և գրականություն» ամսագիր կար կրթական ոլորտին, դպրոցներին հասցեագրված՝ դա էլ չկա։ Շատ ուրիշ մասնագիտական  թերթեր ու ամսագրեր կային,  բոլորը փակվեցին։

Զրույցը վարեց «Դրօշակ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Արտաշես Շահբազյանը       

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Դրօշակ» պաշտոնաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031