Լրահոս
Օրվա լրահոսը

Հազվադեպ է լինում, երբ զեկուցողն է ունենում հատուկ կարծիք

Դեկտեմբեր 05,2024 12:30

Վիճահարույց համաձայնագիրն ունի թարգմանական անճշտություններ, որոնք ըստ ՍԴ որոշման՝ «կարող են որոշակի խնդիրներ առաջ բերել Համաձայնագրի մեկնաբանման եւ կիրառման ընթացքում»:

Նոյեմբերի քսանվեցին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Հիշեցնեմ, որ Համաձայնագրով Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը համաձայնում է Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրոյի չափով վարկ, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արժույթի փոխարկման միջոցով՝ Համաձայնագրի 1-ին հավելվածում նկարագրված ծրագիրը ֆինանսավորելու համար: Դատարանում այդ օրը զեկուցողն էր ՍԴ անդամ Սեդա Սաֆարյանը:

Նույն օրը, երբ ՍԴ-ն դռնբաց նիստին բանավոր ընթացակարգով քննում էր այս համաձայնագիրը, ՍԴ աշխատակարգային ՍԴԱՈ-183 որոշմամբ զեկուցողին փոխարինելու մասին որոշում կայացրեց, զեկուցող նշանակվեց ՍԴ նախագահ Ա. Դիլանյանը: Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչվեց Սահմանադրական դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 4-ի ՍԴԱՈ-150 աշխատակարգային որոշման 3-րդ կետը: Հավանաբար դա էր պատճառը, որ Սաֆարյանի զեկուցումը տեւեց հինգ րոպե, ինչի մասին մենք արձանագրեցինք նույն օրվա դատական ռեպորտաժի ժամանակ:

Որոշումից հետո ՍԴ-ն հայտարարեց, թե հատուկ կարծիքներ կներկայացնեն Սեդա Սաֆարյանն ու Ե. Խունդկարյանը, սակայն մինչ երեկ դեռ կարծիքները չկան, մանավանդ, հազվադեպ է պատահում, երբ զեկուցողն է ունենում հատուկ կարծիք: Սահմանադրական դատարանը որոշման 6-րդ եւ 7-րդ կետերով հետաքրքիր բացահայտումներ կատարեց: Մասնավորապես, հիշատակելով իր նախկին որոշումները (օր.՝ ՍԴՈ-1273, ՍԴՈ-1283, ՍԴՈ-1284, ՍԴՈ-1328 եւ այլն), նշել է հետեւյալը. «ՍԴ-ն իր նախկին որոշումներում, այնպես էլ իր որոշումների կատարման վերաբերյալ նախորդ տարիների հաղորդումներում բազմիցս անդրադարձել է վարկային միջոցներով ֆինանսավորվող ծրագրերի հստակության, այդ միջոցների նպատակային օգտագործման, դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողության անհրաժեշտության հիմնախնդիրներին՝ նշելով, որ նման համաձայնագրերով նախատեսված ծրագրերի ընդհանուր բնույթը պահանջում է համաձայնագրերի կատարման նկատմամբ հստակ մշտադիտարկում, որը թույլ կտա խուսափել վարկային համաձայնագրերի իրագործման պրակտիկայում տեղ գտած թերություններից եւ բացթողումներից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթների հնարավոր խախտումներից»:

Սահմանադրական դատարանն արձանագրել է նաեւ. «Համաձայնագրի պաշտոնական հայերեն թարգմանության եւ դրա բնօրինակ տեքստերի միջեւ առկա են մի շարք թարգմանչական անհամապատասխանություններ ու անճշտություններ, որոնք թեեւ բովանդակային առումով խնդիր չեն հարուցում Համաձայնագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության բացահայտման տեսանկյունից, այդուհանդերձ, կարող են որոշակի խնդիրներ առաջ բերել Համաձայնագրի մեկնաբանման եւ կիրառման ընթացքում»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031