Հայաստանի իշխանությունների առջեւ թե՛ Արեւմուտքը, թե՛ Ռուսաստանը ընտրություն կատարելու պահանջ են դնում
ՀՀ կառավարությունն ակնկալում է սերտորեն համագործակցել Եվրոպական նոր հանձնաժողովի հետ՝ ՀՀ-ԵՄ գործընկերությունը նոր բարձունքներ մղելու համար, X-ում նախօրեին գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով Ուրսուլա ֆոն դեր Լայենին նոր ղեկավար կազմի ձեւավորման կապակցությամբ։
Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանը 370 կողմ եւ 282 դեմ ձայներով հավանություն տվեց Եվրամիության նոր ղեկավար կազմին՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ։ Եվրոպական դաշինքի գործադիր մարմինը պաշտոնավարումը սկսում է դեկտեմբերի 1-ից։ Ֆոն դեր Լայենի ղեկավարած կաբինետում ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի էստոնացի քաղաքական գործիչ Կայա Կալլասը, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն կգլխավորի ԵՄ արդյունաբերական ռազմավարությունը, Լատվիայի նախկին վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը դարձել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար։ Պաշտպանական հարցերը վստահվել են Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսին, իսկ ներքին գործերի ու միգրացիայի ոլորտը կվերահսկի Ավստրիայի ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Մագնուս Բրունները։
Ի դեպ, Լիտվան պատժամիջոցներ սահմանեց վրաց պաշտոնյաների նկատմամբ, որոնք «պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար»: Այդ մասին X-ում հայտնել էր Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։ Լիտվական դիվանագիտության ղեկավարի հրապարակած ցուցակում հայտնվել է 11 անձ, այդ թվում՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության փաստացի ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ներքին գործերի նախարարության, ուժային կառույցների մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, արգելվել է նրանց մուտքը երկիր։ Լիտվայի սեւ ցուցակում հայտնված մի շարք պաշտոնյաների նկատմամբ ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել նաեւ Միացյալ Նահանգները: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ բալթյան երեք երկրները պայմանավորվել են պատժամիջոցներ կիրառել Վրաստանում օրինական բողոքի ցույցերը ճնշողների դեմ։
Կարդացեք նաև
Անցյալ շաբաթ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Երեւանում վստահեցրեց, որ Վարշավան պատրաստ է աջակցել Հայաստանին եվրոպական ընտանիքում ներգրավվելու հարցում. «Մենք ընկերներ ենք, մենք Հայաստանի բարեկամն ենք։ Մենք շատ դրական վերաբերմունք ունենք հայ ժողովրդի, Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Հայերը շատ մեծ ներդրում ունեն համաշխարհային մշակույթի եւ քաղաքակրթության մեջ։ Մենք ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին ներգրավենք եվրոպական ընտանիք։ Եթե հայկական կողմը մի փոքր հետաքրքրվածություն ցուցաբերի իր կողմից, ապա մենք պատրաստ ենք օգնել։ Որպես Լեհաստանի նախագահ՝ հայտարարում եմ, որ ցանկացած խնդրանքի դեպքում մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստանին», – ընդգծեց Անջեյ Դուդան։
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությունների առջեւ թե՛ Արեւմուտքը, թե՛ Ռուսաստանը ընտրություն կատարելու պահանջ են դնում: Այդ մասին արդեն անուղղակիորեն ասվում է: Ու եթե Արեւմուտքի պարագայում ուղերձները փոքր-ինչ մեղմ են, ապա Ռուսաստանից հնչող հայտարարությունները առավել քան հստակ են, նույնիսկ կարելի է դրանք որոշակիորեն կոշտ պահանջ համարել` համեմված թեթեւ սպառնալիքային տոնայնությամբ:
Աստանայում անցյալ շաբաթ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստն առանց Հայաստանի մասնակցության տեղի ունեցավ։
Հայաստանը, ինչպես հայտնի է, արդեն տեւական ժամանակ չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքներին, հայտարարել է, որ սառեցրել է իր մասնակցությունը՝ այդ կերպ իր վերաբերմունքը հայտնելով ադրբեջանական հարձակումների եւ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման ժամանակ այդ կազմակերպության լռության ու անգործության նկատմամբ։ Երեւանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022-ին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլեւ նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։ Բայց Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։
Նկատենք, սակայն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բավական զուսպ խոսեց Հայաստանի պահվածքի վերաբերյալ: Նա կարծում է, որ դեռեւս հնարավորություն կա, որպեսզի Հայաստանը վերադառնա ամբողջական ֆորմատով աշխատանքին: «Յուրաքանչյուր անդամ երկիր ինքն իր համար է որոշում՝ ինչն է իր ազգային շահերին համապատասխանում, մենք դրան հարգանքով կմոտենանք։ Բայց չէ՞ որ Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, համենայնդեպս՝ դեռ չի հայտարարել, այլ միայն նշել է, որ ընդմիջում է վերցնում։ Միեւնույն ժամանակ, Հայաստանը հավանություն է տալիս բոլոր փաստաթղթերին, որոնք ընդունվում են մեր այսօրվա հանդիպման եւ բանակցությունների ընթացքում։ Եթե դա այդպես է, ապա հնարավորություն կա, որ Հայաստանն ի վերջո կվերադառնա ՀԱՊԿ-ում ամբողջական ֆորմատով աշխատանքին, բայց էլի կրկնեմ՝ դա յուրաքանչյուր երկրի որոշումն է»,- նշել էր Պուտինը: Նա նաեւ վստահեցրել է, թե ՀԱՊԿ-ում փոխօգնության մասին կետը ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում, թե Ռուսաստանը բավարար ուժեր ունի ՀԱՊԿ դաշնակիցներին անհրաժեշտության դեպքում օգնելու համար, բայց այ ՀԱՊԿ գործընկերները չեն կարող որեւէ կերպ օգնել Ռուսաստանին իր տարածքում ամերիկյան հարվածների դեպքում, դա իրատեսական չէ։ «Հայաստանը դեռ չի հայտարարել, որ լքում է ՀԱՊԿ-ը», – ընդգծել էր Պուտինը։
ՀԱՊԿ-ն շարունակում է Հայաստանին համարել դաշնակից՝ չնայած Երեւանի չմասնակցությանը կառույցի միջոցառումներին, նկատել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։ «ՀՀ-ն դադարեցրել է աշխատանքը կազմակերպությունում, եւ դա արտացոլում է ՀՀ քաղաքական ղեկավարության ներկայիս դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ: Բայց պետք է անմիջապես ընդգծեմ, որ սա անկախ եւ ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա ոչ ոք չի կարող ազդել ոչ մի պետության կամ ինչ-որ կազմակերպության։ Սակայն մենք կարծում ենք, որ Հայաստանը եղել է, կա եւ մնում է մեր դաշնակիցը», – նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հույս հայտնելով, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա կազմակերպության լիարժեք մասնակցությանը։
Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության ձեւափոխելու ուղղությամբ, անցյալ շաբաթ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Հայաստան-Ռուսաստան» երկրորդ ֆորումի ժամանակ։ Ըստ նրա՝ ձեւաչափը կարեւոր դեր ունի տարածաշրջանի բոլոր երկրների շահերը համադրելու հարցում։ Նա վստահեցրել է, որ Մոսկվան հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածությունների ամբողջ փաթեթին եւ չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորություններից՝ շեշտելով՝ Ռուսաստանը տարիներ շարունակ անվտանգության ճարտարապետությունն է ձեւավորել Հարավային Կովկասում եւ որ «Ռուսաստանի դերն այս հարցում միշտ պահանջված կլինի՝ հաշվի առնելով տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում արագ զարգացող իրավիճակը»։ «Այս թեմայի շուրջ պատրաստ ենք Երեւանի հետ անկեղծ եւ առարկայական խոսակցության»,- նշել է Միխայիլ Գալուզինը։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը վերջերս նույնպես հայտարարեց, թե` «ՀԱՊԿ վերադարձի դռները Հայաստանի համար բաց են, եւ մենք հույս ունենք, որ Հայաստանի ներկայացուցիչները վաղ թե ուշ կվերսկսեն համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում»։ Պաշտոնյայի խոսքով՝ Երեւանը դե յուրե շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով եւ պարտավորություններով։ «Մենք կասկածի տակ չենք դնում սեփական կուրսը որոշելու մեր հայ գործընկերների իրավունքը», – հավելել էր Ուշակովը։
Ռուսաստանն ակնկալում է ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ լիարժեք գործընկերության վերականգնում, դարձյալ անցյալ շաբաթ` նշել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հավելելով՝ դռները բաց են Երեւանի համար. «Բարեկամ երկրի եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով՝ ակնկալում ենք, որ մեր գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում լիովին կվերականգնվի: Մենք հաստատում ենք՝ այս փուլում Երեւանի վերադարձի համար դռները բաց են»։
Աստանայում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել էր Հայաստանի ներկայացուցիչների բացակայությանը՝ նշելով. «Ես այսօր առաջինը ելույթ ունենալու պատիվն ունեմ, քանի որ մեր հայ գործընկերներն այս նիստին չեն մասնակցում։ Հայաստանի բացակայությունն, ի դեպ, տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրադրության եւ ինչ-որ առումով նաեւ մեր կազմակերպության բնութագիրն է»։
Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային համաժողովը, որի ընթացքում, Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը ուշագրավ գնահատականներով է հանդես եկել, ըստ էության, ներկայացնելով Մոսկվայի ակնկալիքները` Երեւանից:
«Խնդիրն ամենեւին էլ Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների հարաբերությունների մեջ չէ: Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդները միասնական են, եւ այս առումով մեր դարավոր պատմությունն ամեն անգամ ապացուցում է, որ երկու երկրներն էլ միմյանց կարիքն ունեն, եւ որ առանց Ռուսաստանի՝ Հայաստան չի լինի, բայց Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը այլ կերպ է մտածում` դեպի Արեւմուտքի մերձեցում», նկատել է նա: Ապա նա շարունակել է. «Քանի որ մենք եւ Արեւմուտքն այժմ իրականում պատերազմի մեջ ենք, եւ նրանք Ուկրաինայի նախկին տարածքում ուկրաինացիների ձեռքով կռվում են Ռուսաստանի դեմ, այստեղ որոշակի քաղաքական լարվածություն կա։ Բայց ինձ թվում է, որ ոչ մի իշխանություն, թեկուզ ներկայիս իշխանության պես դինամիկ եւ արեւմտյան կողմնորոշում ունեցող իշխանություն, չի կարողանա վարել այնպիսի կուրս, որը չի ունենա Հայաստանի ժողովրդի աջակցությունը։ Իսկ հայաստանցիները դարեր շարունակ գիտեն, թե ովքեր, երբ եւ ինչու են հանդես եկել ի պաշտպանություն իրենց եւ ինչպես են կառուցվել երկու երկրների հարաբերությունները։ Ուստի ես վստահ եմ, որ մենք ունենք հիմք, եւ այս բոլոր քաղաքական թյուրիմացություններն անցողիկ են։ Իսկ Հայաստանում արեւմտամետ կուսակցություններ կազմակերպելու Արեւմուտքի ոչ մի ջանք, եվրոպական երազանքի, եվրոպական կողմնորոշման մասին այս ամբողջ խոսակցությունը, Հայաստանի երիտասարդության վրա հակառուսական կեցվածքով ազդելու փորձը, այս ամենը չի ստացվի, քանի որ պատմությունը մեր կողմն է»,- նշել է Տոլստոյը։
Նրա խոսքով, գնդակը Հայաստանի դաշտում է: «Շատ բան պետք է արվի, օրինակ՝ փակել 2500 սխալ կազմակերպությունները, որոնք ստանում են արեւմտյան ֆինանսավորում Հայաստանի տարածքում։ Սա ազդանշան կլիներ մեզ համար, բայց կարծում եմ, որ հայաստանցիները դա կհասկանան առանց մեր խորհրդի։ Կարծում եմ, որ Հայաստանում թիվ մեկ խնդիրը Արեւմուտքի հետ համագործակցության փրկության պատրանքն է եւ Եվրոպային ուղղված կուրսը, որը պարոն Փաշինյանը եւ իր համախոհները ճիշտ են համարում Հայաստանի համար։ Օրինակ՝ ես այդպես չեմ կարծում»,- նշել է Պետդումայի փոխնախագահը։
Մոսկվայից Երեւանին ուղղված այս «նուրբ» ուղերձները գնալով սաստկանում են: Ըստ երեւույթին` Փաշինյանը սեղմ ժամկետներում պետք է որոշումներ կայացնի:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 04.12.2024