«Գիտական Արցախ» պարբերականի 2024 թվականի 3-րդ (22-րդ) համարում լույս է տեսել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի քաղաքագիտության բաժնի հայցորդ ԺԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «Էլեկտրոնային կառավարման հասունության մոդելը թվային փոխակերտման օրակարգի համատեքստում» վերտառությամբ գիտական հոդվածը (հայերեն): «Ներածություն», «Էլեկտրոնային կառավարում, թե կառավարման թվայնացում», «Էլեկտրոնային կառավարման հասունության գնահատման մոդելները», «Էլեկտրոնային կառավարման հասունության առաջարկվող մոդելի օպերացիոնալացում», «Եզրակացություն» խորագրերի ներքո կարող ենք տեղեկանալ կառավարման թվայնացման հասունության տեսական մոդելի՝ կառավարման թվայնացման գործընթացի մշտադիտարկման որակական գործիքի մասին:
Ըստ հեղինակի՝ «Մոդելի կիրառմամբ գնահատումները կարող են իրականացվել որոշակի ժամանակային ինտերվալներով՝ ռազմավարական գործողությունների պլանը չափելի դարձնելու նպատակով»:
Ներկայացնում ենք գիտական հոդվածից մի հատված:
«Էլեկտրոնային կառավարման հասունության գնահատման մոդելները»
…Ըստ էության, հասունության գնահատման մոդելը դիտարկում է օգտատիրոջը, այլ ոչ թե մարդուն, որը սահմանափակում է էլեկտրոնային կառավարման հասունության չափման եւ զարգացման հեռանկարները։ Այս մոդելով ի սկզբանե սահմանափակում է դրվում մարդու մասնակցության վրա՝ հռչակելով, որ լռելյայն տարբերակով յուրաքանչյուր մարդ էլեկտրոնային կառավարման համակարգի օգտատեր է։ Չնայած թվային հասարակության հայեցակարգում այս թեզն արդիական եւ կիրառելի է, սակայն «մարդ-օգտատեր» հավասարեցումը հասունության մոդելից դուրս է թողնում այն կարեւորագույն չափումը, թե որքանով են մարդիկ պատրաստակամ եւ ադապտացված ինտեգրվելու թվային հասարակության սկզբունքներին, որքանով են նրանք օգտվում այս կամ այն թվային համակարգից՝ այդպիսով իսկ հանդես գալով կամ չգալով որպես «օգտատեր», ըստ այդմ, ինչպիսի միջոցառումներ է պետք կիրառել բոլոր մարդկանց որպես օգտատերեր ներառականության եւ մասնակցության ապահովման համար։ Վերոնշյալ մոդելները չնայած իրար հակասական չեն, սակայն առանձին դիտարկելիս կարող են հանգեցնել այնպիսի սահմանափակումների, որի արդյունքում չդիտարկվի տեխնոլոգիական ժամանակակից ներուժը, կամ էլ այն չհամապատասխանի օգտատերերի կարիքներին եւ ծառայությունների լավարկման միտումներին։
Ըստ այդմ, անհրաժեշտ է ձեւավորել էլեկտրոնային կառավարման հասունության չափման համապարփակ անձակենտրոն մոտեցում, որն առաջնահերթություն կտա տեխնոլոգիական նորարարությանը` միաժամանակ մարդուն՝ որպես պոտենցիալ օգտատիրոջ, դնելով քաղաքականությունների մշակման եւ ծառայությունների մատուցման կենտրոնում: Այս ինտեգրված մոտեցման կարեւորագույն դրույթները հետեւյալն են.
- Թվային փոխակերպում. այն ենթադրում է պետական ծառայությունների ու գործառնությունների արդիականացման համար այնպիսի զարգացող տեխնոլոգիաների կիրառում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, բլոկչեյնը եւ իրերի համացանցը (World Bank 2024)։
- Տվյալների վրա հիմնված կառավարում. ենթադրում է մեծ տվյալների վերլուծության եւ տվյալների վրա հիմնված որոշումների կայացման կիրառում՝ ռեսուրսների բաշխումը, քաղաքականության մշակումը եւ ծառայությունների մատուցումն օպտիմալացնելու համար (Bousdekis, Lepenioti and Apostolou 2021)։
- Փոխգործունակություն եւ ինտեգրում. կառավարական համակարգերի եւ տվյալների բազաների փոխգործունակության խթանում՝ բարելավելու քաղաքացիներին տրվող ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը եւ հնարավորություն տալով տեղեկատվության ու տվյալների անխափան փոխանակումը (Pardo, Nam and Burke 2012)։
- Կիբերանվտանգություն եւ գաղտնիություն. կիբերանվտանգության ամուր միջոցառումների կիրառում եւ գաղտնիության ապահովում՝ քաղաքացիների զգայուն տվյալները պաշտպանելու եւ էլեկտրոնային կառավարման համակարգերի նկատմամբ վստահությունն ամրապնդելու համար (Jha and Jha 2024)։
- Ունիվերսալ եւ ներառական մարդակենտրոն դիզայն. էլեկտրոնային կառավարման հարթակների համար մարդակենտրոն սկզբունքների կիրառում՝ հասանելի, մատչելի, ներառական, օգտագործողի համար հարմար ինտերֆեյսներ նախագծելու համար (Sherman, Stiehl and Pratap 2024)։
- Քաղաքացիների ներգրավվածություն. քաղաքացիների ակտիվ մասնակցության խթանում որոշումների կայացման մասնակցային գործընթացների, հետադարձ կապի մեխանիզմների եւ համագործակցային կառավարման նախաձեռնությունների միջոցով (Pislaru, Vlad and Ivascu 2024)։
- Անհատականացում. անհատականացված ծառայությունների մատուցում՝ հարմարեցված առանձին քաղաքացիների կարիքներին ու նախասիրություններին՝ օգտագործելով մեծ տվյալների վերլուծությունը եւ օգտատերերի պրոֆիլավորումը (Ilieva, Yankova and Ruseva 2024)։
- Թափանցիկություն եւ հաշվետվողականություն. կառավարության գործունեության թափանցիկության ընդլայնում՝ քաղաքացիներին իրական ժամանակում տրամադրելով տեղեկատվության, արդյունավետ կառավարման ցուցանիշներին ու տվյալներին հասանելիություն (Shakya and Kumar 2024)։
Հաշվի առնելով վերը նշված սկզբունքները եւ զարգացնելով էլեկտրոնային կառավարման հասունության մոդելները տեխնոլոգիական նորարարությունների եւ անձակենտրոն մոտեցման համակցման միջոցով՝ կառավարությունները կարող են ստեղծել փոխակերպվող թվային էկոհամակարգեր, որոնք հզորացնում են քաղաքացիներին, բարձրացնում կառավարման արդյունավետությունը եւ խթանում կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը:
Հարկ է նկատի ունենալ, որ տեխնոլոգիաներն, ըստ էության, չեն կարող որակվել որպես լավ կամ վատ, նույնիսկ չեզոք (Kranzberg 1986), դրանք ինքնուրույնաբար չեն զարգանում, եւ խոսքը այն որոշումների մասին է, թե ինչպես զարգացնել տեխնոլոգիաները հասարակական, կազմակերպական եւ անհատական մակարդակներում։ Տեխնոլոգիական համակարգերը կարող են մարմնավորել քաղաքական արժեքներ եւ ունենալ հետեւանքներ, որոնք դուրս են գալիս դրանց բուն նպատակներից։ Դրանք ձեւավորվում եւ ազդում են սոցիալական, քաղաքական եւ էթիկական համատեքստերի վրա (Winner 1980): Տեխնոլոգիաները նաեւ ձեւավորում են մարդկային փոխհարաբերություններն ու ինքնությունը (Turkle 2011)։
«Գիտական Արցախ»
Նկարը՝ Արցախի երիտասարդ գիտնականների միավորում ՖԲ էջից
«Առավոտ» օրաթերթ
04.12.2024